HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար․ Ֆելիքս Մելոյան

«Եթե ճիշտ պիտի ասվի՝ կենդանության օրոք ես նրան չեմ տեսել։ Կենդանության նշանը շարժումն է, իսկ 1965-ին Սահյանը արդեն շարժումը դադարեցրեց և շուրջը լռություն էր տիրում․․․ օրհնած միտքը անցյալ էր «որոճում»։

Ֆելիքս Մելոյանի գրառումն է․ հիմա ես իրեն եմ հասցեագրում։ Ամեն ինչ ճիշտ է՝ ստուգիվ, անվերապահ։ Ավելացնելու բան չունեմ, բայց անկարելի է չհավելել, ինչպես ինքն էր ինձ ասում՝ իր «պուճուր ախպորը» իրավունքով, նվիրումով։ Բնութագիր է։ Վաստակի դիմաց՝ նկատառում հոգևին՝ խորքով ու խռովքով, մտահոգությամբ՝ ասացողիկ։

Ֆելիքս Մելոյանը նույնպես «շարժումը դադարեցրել էր» «Գրական թերթ»ի գլխավոր խմբագրի պաշտոնից հետո։ Մինչ այդ  մեր հանդիպումները՝ կարճատև էին, գործիմաստորեն նպատակային։ Ինձ տեսնելու ցանկություն էր հայտնել, հոդված էի տպագրել «Խմբապետ Շավարշն առանց մաուզերի»։ Տպավորվել էր։ Սիրալիր էր։ Իր կարճ, հատու խոսքից ճանաչեցի իր գիրը։ Նախադասությունների սկիզբն ու վերջը չէր որսվում․ սևեռուն մտախոհության արդյունք։ «Գրական թերթ»ում տպագրել էի Հակոբ Կարապենցի «Թե գնաս Հայաստան, Արարատին բարև արա» էսսեն։ Տպագրվեց։ Հայաստանում առաջին անգամ էր  Կարապենց տպագրվում․ «Ապրես, պուճուր ախպեր»։ Խոսքը ոգևորության այլ ափեր ինձ տարան։ «Էսպես պետք է գրեն»։ Ինչ գրում էր, պետք է վերապրեր, որ վերապրեցներ։ Ինչ գրեց համախոհ դարձավ գրողներին․ Գաբրիել Սունդուկյանին, Համո Սահյանին, Հրանտ Մաթևոսյանին, Ռուբեն Հովսեփյանին, Ռազմիկ Դավոյանին, Վանո Սիրադեղյանին, նրանց ստեղծագործությունները փախհարստացրեց՝ Հայաշխարհի նկատմամբ ունեցած անխարդախ, հավատընծա փորձառությամբ։

Աններող էր ոչ հայերեն Գրի նկատմամբ, ով էլ լիներ հեղինակը․ գրեթե մանկան ազնվամտությամբ դժգոհում էր։ Շուրջ կեսդարյա գրական Իր խռովքը՝ ինքնապայքարը անփոփեց «Ընթացք» ժողովածուում։

«Նորք» ամսագիրը խմբագրելու տարիներին գրեթե  ամեն օր էինք հանդիպում, մանավանդ առավոտները՝ սուրճ խմում․ երբեմն էլ օղեկորույս սրտաբացվում էինք, աշխարհի չարն ու բարին բանահյուսելով․․․ նրա բանավոր խոսքը շատերի գրավոր խոսքից ավելի ճշգրիտ էր, առաձգական ու հայամտած․․․ ցավում եմ, որ ընդհանրապես չըգրառեցի «ձայնագրել» Ֆելիքս Մելոյանի խոսքը։

Մի օր ասացի․ «Էս շենքում (Գրողների միության) մենակ ենք»։ Ինչ որ տեղ, ինչ որ բան փնտրելով․ «Էս աշխարհում մենակ ենք, Համոն չկա, Հրանտը չկա»։ Իրենցով էր ապրում շարունակ, Սահյանից խոսում էր ու հիշողության ծվենները անձրևած ամպեր էին երկնքից վար բերում։ Թախծոտ չէր խոսում, զգացվում էին միայն ափսոսանքի շիթերի առկայծումները դեմքին։ Իգդիրցի Հակոբ հորն էր հիշում։ Իրեն «համատարած» երևանցի էր համարում։ Սոնա դուստրը և Ռուբեն որդին առավելս երևանցի էին․ շատ կարևոր մի բան, ու միշտ Երևանի, իբրև հայություն կենսակերպող քաղաքի մասին խոսելիս՝ իրադարձություններ, իրողություններ էր վերհիշում՝ հիշողության ձիասանձը միշտ բռնած, ոտքերը ասպանդակին ամուր սեղմած․․․ Տեղ չուներ գնալու, սլանալու, իր հիշողություններից չէր մթնագնում, այլ թևառած միտքը «անհաս բանին, սկզբանին էր, որ չկան էլ դեռ չկա» /Հովհ․Թումանյան/։ Այդ ուղղությամբ, միայն այդ ճշգրիտ ուղղությամբ, որոշակի կողմնորոշումով․ գիտեր կայսրության մեջ ապրած մարդու որոգայթներին չտրվելու գաղտնիքը։ Ոչ մեկ տող չէր գրել, որ ափսոսանք ապրեր ու անհուսորեն ամոթի զգացում ունենար։ Հայոց լեզուն էր գերեվարել իրեն՝ նրբերանգներով ու ներշերտերով։ Իր իմացած հայերենը պարտադրում էր միայն․․․ իրեն։ Անհաջող ձևակերպված-ապրված «վատ»  ու տխեղծ նախադասություն կամ կեղծ բառ, մակդիր կարդալիս նեղվում էր, վրդովվում, կարծես ինքն էր գրել։ Աններողամիտ էր, բայց ոչ հիշաչարությամբ ապրող և բորբոք։

Այլ կերպ անիմաստ է հիշել Ֆելիքս Մելոյանին, մտագծել նրա կարոտալից  դիմանկարը․ ճիշտ այսկերպ է նա ապրել, ներկայանալի․ ինձ համար այնքան էլ հիշողություն չեն այն վայելուչ ապրած օրերը, ու կարոտի առկայծումները՝ չգիտես որտեղից, ինչ սրընթացությամբ են արթնանում։ Ու հիմա ճամփորդության մեջ եմ կարծես․ իր ու Համո Սահյանի հետ՝ Գյազբելն ի վար, ծուռումուռ արահետներով վար իջնող, ժայռաբեկորների, քանդականախշ ժայռերով հիացած, Շաքիի ջրվեժի մայրամուտներով արբեցած․․․

․․․Մահվանից (2017) օրեր անց բարձրանում էի Գրողների միության շենքի աստիճաններով, երրորդ հարկում թեքվեցի ձախ, իր աշխատասենյակի դուռը կիսաբաց էր, քայլերս ինձնից առաջ անցան, փորձում էին տանել ինձ․․․ ու՞ր․․․ անէացումի նման պահեր ասում են մարդ ապրում է, երբ չի հավատում ընդհանրապես մահկանացու լինելու առեղծվածինև  պետք է ընդունի իր էությունն, ինչպիսին էլ այն լինի, ու ճակատագիրը ինչպե՞ս, որտե՞ղ և ի՞նչ պայմաններում էլ «հայտ» ներկայացնում, որ այս աշխարհը լքելու ժամանակն է․ պետք է ենթարկվես Աստծո սահմանյալ օրենքներին․․․

Գալ տարի լրանում է Ֆելիքս Մելոյանի ծննդյան80-ամյակը։ Տարիներ առաջ էր, առավոտ կանուխ, ուրախ-զվարթ, օղիաձեռն երբ մտա իր աշխատասենյակ, ողջագուրվեցի ու շնորհավորեցի․ ժպտալով ասաց․ «Էլի ծնվե՞լ եմ․․․»։ Անտեսում էր ընդհանրապես հոբելյանների նկատմամբ ուներ քամահրալից վերաբերմունք․ «Իբր ի՞նչ․․․ Սկզբունքով ու հաստատամտությամբ։ Բայց իրենից արդեն «թաքուն» ես հիշելու եմ 2020 թվականի փետրվարի 23-ը․․․

«Սահյանը հայերենից զատեց իր բառամթերքը, իր հանգույն հունցեց, շնչավորեց հայ մարդու անխառն մտածողությամբ իր լեզուն․․․»։ Ֆելիքս Մելոյանի գրառումն է, հիմա ես հասցեագրում եմ իրեն՝ երկնային կյանքում իր մտերիմների հետ վերստին «հավասար քեֆի նստած», Հայ գրի զտարյուն պատվարժանությամբ ապրած իմ «մեծ ախպորը»՝ Ֆելիքս Մելոյանին․․․

լուսանկարը՝ tert.am-ի

Մեկնաբանություններ (1)

Արմինե Ստեփանյան
Պարզապես ուզում եմ շնորհակալությունս հայտնել Արթուր Անդրանիկյանին Մեր օրերում Ֆլիքս Մելոսյանի նման մարդկանց մասին քիչ է գրվում ու խոսվում, ցավոք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter