HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ալավերդիում սուբվենցիոն ծրագրով համայնքային ճանապարհների փոսանորոգումները անորակ են կատարվել

Ալավերդիում Կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող համայնքային ճանապարհների փոսանորոգումների ծրագրի նախահաշվային արժեքը կազմում է 19 մլն 650 հազար դրամ: Փոսանորոգումները սկսվել են նոյեմբերի առաջին օրերին՝ Վանաձորում գրանցված «ՍՏԱԳ» ՍՊԸ-ի կողմից: Սուբվենցիոն ծրագրով անորակ փոսանորոգումներ են կատարվել, ինչն էլ զայրացրել է ալավերդցիներին:

«Քլունգով սամասվալի վրայի ասֆալտը քանդում են, որ փոսը լցնեն, սառն ասֆալտը ինչպես պետք է կպչի փոսին: Դրա համար էլ փոսանորոգումն անորակ է: Մեր Փիրուզյան թաղամասում մի քանի օր առաջ արված ասֆալտը արդեն քանդվել է»,- ասում է տաքսու վարորդ Ջիվան Հակոբյանը: Համայնքապետի տեղակալ Արթուր Վարոսյանի խոսքով սուբվենցիոն  ծրագրերը Ալավերդիում նոյեմբեր ամսին են սկսվել՝ համայնքի ներդրումային գումար չունենալու պատճառով.

«Փոսանորոգումը դեռ չի ավարտվել, սակայն մենք մարզպետարանից հանձնաժողով ենք պահանջել՝կատարված աշխատանքերի որակը ստուգելու համար»,- ասաց Ա. Վարոսյանը:

Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանը «Հետք»-ին հայտնեց, որ մարզպետարանում նույնպես շատ դժգոհ են Ալավերդու համայնքային ճանապարհների փոսանորոգումների որակից: Արմեն Ջանազյանի ասելով՝ 3-4 օր առաջ մարզպետարանից գրություն են ուղարկել համայնքապետ Սասուն Խեչումյանին:

«Անորակ ասֆալտ կա համայնքային ճանապարհներին, պետք է այն քանդվի և նոր փոսանորոգում կատարվի: Այդ մասին մենք հայտնել ենք նաև շինարարին: Վճարվող գումարի մեծ մասը պետական բյուջեի գումար է: Հաստատ մենք չենք վճարելու նման անորակ փոսանորոգումների համար»,-ասաց Ջանազյանը: Նրա խոսքով՝ համայնքապետ Սասուն Խեչումյանը պետք է վերահսկի աշխատանքները:

Համայնքապետարանի քաղաքաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Վալերիկ Մինասյանի խոսքով՝ «ՍՏԱԳ»ՍՊԸ-ն արդեն կատարել է 3 000քմ փոսանորոգում, այդ թվում նորոգվել են Հաղպատ և Աքորի բնակավայրերի ճանապարհները: Գլխավոր մասնագետը պարզաբանեց, որ Սասուն Խեչումյանը համայնքային ենթակառուցվածքների զարգացման սուբվենցիոն ծրագրերին մասնակցելու համար 55,4 մլն դրամ արժեքով 4 ծրագրերի հայտ է ներկայացրել ավագանու հաստատմանը. ծրագրերի 25 մլն դրամը ներդնելու է համայնքը, 30 մլն դրամ ներդրումը կատարվելու է պետբյուջեից:

Մայիսի 30-ի որոշմամբ՝ ավագանին համաձայնություն է տվել համայնքապետի առաջարկությանը և նպատակահարմար է համարել սուբվենցիոն ծրագրով իրականացնել Ալավերդի համայնքի ճանապարհների, Թումանյան փողոցի մայթերի, քաղաքի կանգառների վերանորոգման և համայնքի 4 բնակավայրերում 10 նոր կանգառներ կառուցելու ծրագրերին : Ներդրումային գումարը բյուջեում դժվարությամբ հավաքելուց հետո համայնքապետարանը երեք անգամ էլեկտրոնային մրցույթ է անցկացրել համայնքի ճանապարհների փոսանորոգումների ծրագրի իրականացման համար:

Վալերիկ Մինասյանի ասելով՝ երեք անգամն էլ մրցույթին շինարարական որևէ կազմակերպություն չի մասնակցել: Չորրորդ անգամ հայտարարված մրցույթին մասնակցել է Վանաձորում գրանցված «ՍՏԱԳ» ՍՊԸ-ն : Կառավարությունում ծրագրերը հաստատվելուց հետո ճանապարհների փոսանորոգման աշխատանքերը Ալավերդիում սկսվել են խոր աշնանը, եղանակային վատ պայմաններում: Մի քանի օր առաջ մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից մասնագետ է եկել Ալավերդի փոսանորոգումների որակը ուսումնասիրելու: Նա համայնքապետ Խեչումյանի և գլխավոր մասնագետ Վալերի Մինասյանի հետ տեղում ծանոթացել են Հայպետշին թաղամասի փոսանորոգման աշխատանքներին:

Կառավարության սուբվենցիոն մյուս ծրագրով Ալավերդիում սալիկապատվում են Թումանյան փողոցի մայթերը: Սալիկապատման նախահաշվային գումարը կազմում է 20 մլն 374 հազար դրամ: Աշխատանքներն իրականացնում է Երևանում գրանցված «Յանգ Ինվեստ» ՍՊԸ-ն:

Թումանյան փողոցի երկաթգծի պաշտպանական գոտիներում կառուցվող շինությունների պատճառով անհնար է փողոցի մայթերի մոտ 1000 մետր հատվածի սալիկապատումը: Վալերիկ Մինասյանն ասում է, որ փողոցի երկաթգծի տակի հատվածի մայթերը չի նախատեսվում սալիկապատել, և այդ հատվածը պետք է պարտադրեն սալիկապատել երկաթգծի պաշտպանական գոտիներում կառուցվող հասարակական կառույցների տերերին:

«Յանգ Ինվեստ» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արարատ Ղազարյանն մեզ հայտնեց, որ եղանակային պայմանները սալիկապատման որակի վրա չեն ազդում: Նախատեսված սալիկները ցրտադիմացկուն են:

«Մենք մոտավորապես 3300 քմ սալիկապատման աշխատանքներ ենք կատարելու: Առայժմ ձախ կողմի մայթն ենք անում: Մյուս մայթի սալիկապատումը դեռ որոշված չէ»,- ասաց Արարտ Ղազարյանը: Նրա խոսքով՝ սալիկապատման աշխատանքները Ալավերդիում կավարտեն մինչև հունվարի սկիզբը, եթե եղանակը չխանգարի:

Ալավերդիում կանգառների վերանորոգման համար սուբվենցիոն ծրագրով նախատեսվել է ծախսել 1 մլն 947 հազար դրամ, իսկ համայնքի բնակավայրերում 10 նոր կանգառներ տեղադրելու նախահաշվային արժեքը կազմելու է 2,5 մլն դրամ: Կանգառների վերանորոգման և նոր կանգառներ տեղադրելու աշխատանքերը դեռ չեն սկսվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter