
Մշակույթի նախարարություն. «Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու պահպանությանն ուղղված գործընթացը շարունակվում է»
Թբիլիսի Սբ. Նշան եկեղեցու հետագա պահպանությանն առնչվող խնդիրներն աշխատանքային կարգով շարունակվում են քննարկվել վրաց գործընկերների հետ:
Մասնավորապես, ի պատասխան Թբիլիսիի Սբ. Նշան եկեղեցու մաքրման աշխատանքների ու պահպանության վիճակի վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության հարցման' Վրաստանի մշակութային ժառանգության ազգային գործակալությունը 2012 թ. փետրվարի 16-ին տրամադրել է տեղեկույթ, համաձայն որի՝ ամբողջովին մաքրվել է եկեղեցու ներսում գտնվող թղթի կիսաայրված զանգվածը:
Եկեղեցու պահպանվածության վիճակին հետևելու, հնարավոր փոփոխությունները փաստելու նպատակով վրաց մասնագետները պարբերաբար այցելում են հուշարձան, իրականացնում պահպանությանը նպատակաուղղված միջոցառումներ:
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վրացական կողմի հետ ՀՀ մշակույթի նախարարության պատասխանատու աշխատակիցների առաջիկայում կայանալիք հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն նաև 2012 թ. եկեղեցու վերականգնման ու ամրակայման անհրաժեշտ աշխատանքների ծավալները:
ՀՀ մշակույթի նախարարություն
Մեկնաբանել