
Դատավոր Իշխան Բարսեղյանը նոյեմբերի 4-ից ՔԿՀ-ում է. նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
Առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու գործով մեղավոր ճանաչված դատավոր Իշխան Բարսեղյանը նոյեմբերի 4-ից գտնվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան՝ ասաց արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը:
Հոմտեմբերի 16-ին Վճռաբեկ դատարանը որոշել է վարույթ չընդունել դատավճռի դեմ Իշխան Բարսեղյանի բողոքը, որից հետո Բարսեղյանին առանձնապես խոշոր չափով կաշառք ստանալու մեջ մեղավոր ճանաչելու և 7 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է 2016-ի հոկտեմբերի 27-ին՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ըստ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության՝ կաշառք ստանալու պահին: Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Բարսեղյանը, հանդիսանալով դատական իշխանության մարմնի ղեկավար աշխատող և մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար նրանից միջնորդի միջոցով պահանջել և անձամբ ստացել է խոշոր չափերով կաշառք: Քրեական գործի շրջանակներում փաստաբան Էլզա Զաքարյանն էլ մեղադրվել է կաշառքի միջնորդություն կատարելու մեջ:
2018 թվականի օգոստոսի 6-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վաչե Մարգարյանի, հրապարակել էր դատավճիռ` դատավոր Իշխան Բարսեղյանին մեղավոր ճանաչելով իրեն մեղսագրվող արարքում և նրան դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման` առանց գույքի բռնագրավման: Դատարանը մեղավոր էր ճանաչել նաև փաստաբան Էլզա Զաքարյանին` նրան դատապարտելով 150 հազար դրամ տուգանքի:
Փաստաբանն ու դատավորը դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էին տարել: Այս ատյանում գործի քննության ընթացքում դատավոր Բարսեղյանի կալանք խափանման միջոցը փոխվել էր ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով:
2019 թվականի հունիսի 7-ին Վերաքննիչ դատարանը որոշել է դատավոր Բարսեղյանի բողոքը մերժել, և նրա նկատմամբ դատավճիռը թողնել անփոփոխ, իսկ փաստաբան Էլզա Զաքարյանի նկատմամբ համաներում կիրառվել և քրեական հետապնդումը նրա նկատմամբ դադարեցնել:
Վերաքննիչ դատարանի դատական ակտի դեմ Իշխան Բարսեղյանի պաշտպանները բողոք էին ներկայացրել վճռաբեկ դատարան, որը, ինչպես արդեն նշեցինք, վարույթ չի ընդունվել: Նման պայմաններում առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ:
Նշենք, որ դատավոր Բարսեղյանի լիազորությունները այս պահին արդեն կասեցված են՝ հաշվի առնելով, որ նրա վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:
Մեկնաբանել