HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բուժու՞մ, թե՞ ցավազրկում. ազատությունից զրկվածները քրեակատարողական հիմնարկների բուժմասերում

Կալանավոր Արսեն Խաչատրյանը 2019թ․-ի մարտից գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում (դեկտեմբերի 3-ին տեղեկացանք, որ տեղափոխել են ): Ունի ողնաշարի ճողվածք, թեև հունիսի 11-ից դուրս է եկել ստացիոնար բուժումից, սակայն պնդում է՝ ցավազրկող դեղերից բացի, այլ բուժում չի ստացել։ Որովայնի հատվածում գտնվող ճողվածքները փոքր են, ենթակա չեն վիրահատության, դատապարտյալի պնդմամբ՝ սուր ցավեր են առաջացնում կպչելով նյարդերին, այդ պատճառով չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել։ Առողջապահության նախարարության ֆիզիկական և վերականգնողական բժշկության գծով խորհրդատու Վ․ Բալասանյանի խորհրդատվությունից հետո Ա․ Խաչատրյանին ցուցված է կինեզոթերապիայի բուժում, սակայն որևէ կուրս չի անցնում․ համապատասխան սարքավորումներ և մասնագետ չկան։ Ցավը նվազեցնելու միակ միջոցը ցավազրկողներն են, որոնք ըստ Արսենի՝ արդեն օգուտ չեն տալիս։

«Հետքի» թիմը 6 ամսվա ընթացքում այցելել է Հայաստանի 10 քրեակատարողական հիմնարկներ (բացառությամբ՝ «Երևան-Կենտրոն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ի: Առաջինի դեպքում մերժում ենք ստացել, իսկ «Նուբարաշեն»-ում լայնածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում)՝ նպատակ ունենալով ուսումնասիրել, թե ինչ պայմաններում են գտնվում ազատությունից զրկված անձինք, ինչպիսի բուժում են ստանում ՔԿՀ-ներում։ 

Այցելության ընթացքում զրուցել ենք, թե՛ դատապարտյալների, թե՛ կալանավորների, թե՛ բժիշկների ու ՔԿՀ-ների ղեկավարների հետ։

Քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումներում կալանավորված անձինք և դատապարտյալները ստանում են ընդհանուր թերապևտիկ, հոգեբուժական, ընդհանուր վիրաբուժական, ստոմատոլոգիական, իսկ կանանց համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում` նաև գինեկոլոգիական ամբուլատոր և կարճատև ստացիոնար բժշկական օգնություն:

Քրեակատարողական հիմնարկներում բժշկական օգնությունը, դեղամիջոցները անվճար են, վիրահատական ծախսերը հոգում է պետությունը։

Ըստ «Որևէ ձեւով ձերբակալվող կամ կալանավորվող անձանց պաշտպանության սկզբունքների ժողովածուի»՝ (ՄԱԿ, 1988) ձերբակալված կամ կալանքի տակ գտնվող անձին հնարավորություն է ընձեռվում պատշաճ բուժզննում անցնել ձերբակալության կամ բանտարկության վայր ժամանելուց հետո ամենակարճ ժամկետում. հետագայում նրան բուժսպասարկում և բուժում է տրամադրվում ամեն անգամ, երբ դրա անհրաժեշտությունը ծագում է: Բուժսպասարկումն ու բուժումն անվճար են:

«Գորիս» ՔԿՀ-ի բուժմասում բուժման հիմնական մեթոդը ցավազրկելն է

«Գորիս» ՔԿՀ-ում մեր այցելության պահին աշխատում էին մեկ սրտաբան, մեկ բուժակ, երկու բուժքույր, կես դրույքով՝ ատամնաբույժ: Նրանք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատողներ են: Այստեղ չկար բժշկական մասի ղեկավար, թերապևտ, վերջինիս գործառույթն իրականացնում էր սրտաբան Մամիկոն Հարությունյանը: Վերջինս նոր (մեկ շաբաթ առաջ) էր անցել աշխատանքի ՔԿՀ-ում։

Բժշկական մասի աշխատողներն օրվա մեջ ընդունում են առողջական գանգատներ ունեցող ազատազրկվածներին, նրանց տալիս բժշկի կողմից տրամադրված դեղահաբերը, գրանցում բողոքները, ՔԿՀ բժիշկ հրավիրում կամ ազատությունից զրկվածներին տեղափոխում «Գորիսի» ԲԿ:

«Գորիս» ՔԿՀ-ում բժշկական սարքավորումներից կային էլեկտրասրտագրության սարք և շաքարաչափ, նաև՝ կոտրվածքների համար բեկակալներ (шина), սակայն չունեին ռենտգենի ապարատ և ռենտգենոլոգ: Բժիշկ Հարությունյանի կարծիքով՝ այս մասնագետի կարիքը զգալի է։

Հիվանդները ստացիոնար բուժում չեն ստանում, ստացիոնար բուժման համար նախատեսված սենյակները 7-8 տարի է՝ կողպված են։ 

Տարածված հիմնական հիվանդություններն են՝ սրտանոթային, աղեստամոքսային տրակտի, զարկերակային հիպերտենզիա։

Բուժքույր Գոհար Հովսեփյանի պնդմամբ՝ այս ՔԿՀ-ում սուր վարակիչ հիվանդություններ գրեթե չեն լինում, առաջացած հիվանդությունների պատճառը, լարվածությունն է, սթրեսը: ««Գորիս» ՔԿՀ-ն փակ ռեժիմով է աշխատում, ուստի դատապարտյալները սնվում են խցում, օրվա մեջ գրեթե չեն քայլում, ուտում են, նստում, սա բերում է «բեզդելնիկության», որն էլ դառնում է հիվանդության առաջացման պատճառ»,- ասում է բուժքույրը։

«Դատապարտյալների հիվանդանոցի» վիրահատարանի «թանգարանը»

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն Երևանի կենտրոնական հատվածում է՝ շենքերի հետևի մասում, այս հիմնարկը հիվանդանոց է, բայց՝ միայն ազատազրկվածների համար։

Փոքր վիրահատարանների կողքին առանձին սենյակ կա, որտեղ պահարանի մեջ անուններ են գրված ու մետաղական իրեր են շարված: Շարված մեխերը, սուր առարկաները, գդալներն ու պատառաքաղները հանվել են ազատազրկվածների ստամոքսներից, և դրանք ցուցադրելով՝ սենյակը նմանվել է փոքր թանգարանի:

Արդեն մի քանի տարի է՝ «Դատապարտյալների հիվանդանոցում» նմանատիպ վիրահատություններ չեն արվում. օտար առարկաներ կուլ տված հիվանդներին տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց։

Սարքավորումների և կադրերի պակասի պատճառով, այս հիվանդանոցից հաճախ նաև շտապօգնության կանչեր են գրանցվում։ Հիվանդանոցում նոյեմբերի 1-ի դրությամբ՝ առկա էր 17 թափուր հաստիք։

Այս ՔԿՀ-ն ունի 10 բաժանմունք։

«Դատապարտյալների հիվանդանոց» ընդունված բոլոր հիվանդներն անցնում են բուժզննում, նրանց դիմավորում է հերթապահ խումբը։

Բուժզննության և վիրաբուժական սենյակները կողք կողքի են, վիրաբուժական սենյակում առաջին օգնություն են ցուցաբերում, իսկ բուժզննության ընթացքում հիվանդանոց ընդունվածներն անցնում են էխոսրտագրություն, սոնոգրաֆիա, նույն սենյակում է ֆիզիոթերապիայի համար նախատեսված բազկաթոռը։ Սարքավորումների հիմնական մասը սովետական ժառանգություն է։

Տուբերկուլոզը դուրս է եկել բանտերից 

«Դատապարտյալների հիվանդանոց»-ի մյուս մասնաշենքում թոքախտաբանական բաժինն է։ Բաժնի ավագ մասնագետ Սամվել Սամվելյանն ասում է․ «Եթե մի ժամանակ տուբերկուլոզով հիվանդին հանդիպելիս հասկանում էիր, որ բանտից է դուրս եկել, ապա հիմա փոխվել է, քաղաքացիական անձինք ևս վարակվում են»։

Տուբերկուլոզով հիվանդ բոլոր դատապարտյալները բուժվում են այս ՔԿՀ-ում՝ դիսպանսեր հսկողության ներքո: Տարվա մեջ 2 անգամ ռենտգեն մեքենան այցելում է բոլոր քրեակատարողական հիմնարկներ, կատարում սկրինինգային հետազոտություն։ Տղամարդ հիվանդները տեղափոխվում են «Դ/Հ», կանայք՝ քաղաքացիական հիվանդանոց։ Բաժնի գլխավոր մասնագետ Սամվել Սամվելյանը պնդում է՝ իրենց բաժինը հագեցվածությամբ չի զիջում քաղաքացիական հիվանդանոցին՝ թե՛ սարքավորումներով, թե՛ բուժման մեթոդներով, միայն բուժանձնակազմը ամբողջացված չէ։

ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հիմնականում բուժում են ստանում կալանավորված այն անձինք և դատապարտյալները, որոնց հետազոտումը կամ բուժումը հնարավոր չէ իրականացնել ՔԿ հիմնարկների բժշկական ստորաբաժանումների պայմաններում:  

Բուժական ուղղիչ հիմնարկը սահմանված կարգով ապահովում է նաև մասնագիտացված կամ երկարատև բուժման անհրաժեշտություն ունեցող անձանց, ինչպես նաև՝ վարակիչ հիվանդություններ և դրանց ախտանիշներ ունեցող հիվանդ կալանավորված անձանց և դատապարտյալների ընդունումը, բուժումը և խնամքը։ Թե որքան արդյունավետ է բուժումն իրականացվում՝ կարելի է եզրակացնել դատապարտյալների բողոքներից:

Նոր սարքավորումներ, որոնք չեն օգտագործվում. «Հրազդան» ՔԿՀ

Սրտի էլեկտրասրտագրության սարք, վիրակապեր, բեկակալներ, մանրէազերծող սարքավորումներ, այս սարքավորումները մեր այցելության ընթացքում գտնվում էին «Հրազդան» ՔԿՀ-ի պահեստարանում, չէին օգտագործվում: Բժիշկները սպասում էին «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բացմանը (ՊՈԱԿ-ը գործում է սեպտեմբերից): Այստեղ գլխավոր բժիշկը Գևորգ Գեժոյանն է, աշխատում է նաև մեկ բուժակ, բուժակի թափուր հաստիքի պատճառով բժիշկը կատարում էր նաև հերթապահություն, իսկ նրա բացակայության ժամանակ, եթե բժշկի կարիք է զգացվում, կանչում են շտապօգնություն:

2019թ. նոյեմբերի 1-ի դրությամբ՝ ՊՈԱԿ-ի ստորաբաժանումներում առկա է 30,75 թափուր հաստիք:

«Հրազդան» ՔԿՀ-ում առավել շատ հանդիպող հիվանդությունները են՝ հենաշարժողական ապարատի՝ օստեոխոնդրոզ, հոդային խախտումներ, սուր շնչառական:

Թոքերի հիվանդությունների նշանների դեպքում տեղափոխում են «Հրազդան բժշկական կենտրոն», քանի որ ՔԿՀ-ի բուժմասում ռենտգեն սարքավորում չկա:

Գևորգ Գեժոյանի պնդմամբ՝ լավ կլիներ, որ յուրաքանչյուր կալանավորի, դատապարտյալի ՔԿՀ ուղարկելիս, նրանց հետ ուղարկեն նաեւ պոլիկլինիկայի ամբուլատոր քարտը, որտեղ նշված են բոլոր հիվանդությունները։ 

Սուր վարակիչ հիվանդություններ, անձի հոգեկան խանգարումներ, ստացիոնար բուժում 

«Կոշ» ՔԿՀ-ի բուժմասի գլխավոր մասնագետ Գագիկ Աղոյանի պնդմամբ՝ կարևոր է յուրաքանչյուր հիմնարկում ունենալ բուժական մաս, որը հագեցած կլինի մասնագետներով և սարքավորումներով։ Նոյեմբերի 22-ի դրությամբ՝ «Կոշ» ՔԿՀ-ում առկա է բուժակի 2 թափուր հաստիք։

««Կոշը» աղիքային հիվանդությունների տարածվածության պատճառով համարվում է վտանգավոր գոտի։ Ես որ եկա, հիվանդների 30-40 %-ը փորլուծություն էր ունենում, խիստ հսկողություն դրեցի ջրի, խոհանոցի վրա և խիստ հերթապահություն նշանակեցի։ Մենք ունենք ստացինոր սենյակներ, և ոչ մի հիվանդի հիվանդանոց չեմ տեղափոխել, օրը 30 հատ սիստեմա էի միացնում»,- ասում է բժիկը, հավելելով, որ աղեստամոքսային հիվանդությունների թիվը նվազել է, սակայն մտադիր է ունենալ նաեւ 6-րդ ստացիոնար բուժման հիվանդասենյակ, որպեսզի սուր վարակիչ հիվանդություններով հիվանդներին բուժի այնտեղ։ Այս ՔԿՀ-ում բարձր է սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցողների, հեպատիտ C հիվանդություն ունեցողների՝ 22 հոգի, անձի հոգեկան խանգարում ունեցող հիվանդների՝ 12 հոգի, թիվը: «Հիվանդների թիվը շատ է, հսկայական հիմնարկ է, իսկ ես մենակ եմ, ինձ ընկեր է պետք»,- զրույցի վերջում ասում է բժիշկ Գագիկ Աղոյանը։ Այս հիմնարկում միայն դատապարտված անձինք են։

«Կոշ» ՔԿՀ-ի պետի տեղակալ Սամվել Գյուրջանյանը (տեղեկացանք, որ մեր այցելությունից որոշ ժամանակ անց այլևս չի աշխատում) ասում է, որ բժիշկների թափուր հաստիքի հիմնական պատճառը ոչ հրապուրիչ աշխատանքն է «Էստեղ հիմնականում աշխատում են իրենց աշխատանքը քաղաքացիական կյանքում ավարտած մասնագետները, իսկապես ունենք լավ բժշկի կարիք, իսկ նրանք կաշկանդված են գալ և շփվել դատապարտյալների հետ»,- ասում է պետի տեղակալը՝ հավելելով, որ մասնագետ չունենալու պատճառով դատապարտյալներին տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց։

ՔԿՀ-ներում բուժմասի կարևորության մասին խոսում է նաև Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը։ Բանտային առողջապահության ոլորտում բարեփոխումների իրականացումը համարում է նախարարության առանցքային քաղաքականությունից մեկը․ «Քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման և բժշկական օգնության իրավունքների երաշխավորումը նախարարության կողմից դիտարկվում է որպես առաջնային և հրատապ լուծում պահանջող հարց»,- նշում է Նարեկ Ղազարյանը:

«Սեւան», «Արթիկ», «Վարդաշեն» ՔԿՀ-ներում հիմնական խնդիրները կապված են բժշկական սարքավորումների բացակայության հետ, օրինակ՝ «Սևան» ՔԿՀ-ում չկա վիրահատական սեղան, յուրաքանչյուր փոքր վիրահատական միջամտության համար պետք է դիմել «Սևանի» ԲԿ։ Այս բուժմասում ութ հիվանդասենյակ է, որոնցից երեքում անձի օրգանական խանգարում ունեցողներն են։

Մեր այցելության ժամանակ «Արթիկ» ՔԿՀ-ում չկային էխոսրտագրության սարք, ռենտգեն սարքավորում։

«Արթիկ» ՔՀԿ-ի սոցիալական, հոգեբանական, իրավական աշխատանքների բաժնի պետ Սարիբեկ Նահապետյանը պնդում է՝ սարքավորում լինելու, բայց մասնագետ չլինելու հարցը հեշտ լուծելի է, քանի որ «Արթիկ» ՔԿՀ-ն գտնվում է 8 կմ հեռավորության վրա, և այնտեղից բժիշկ հրավիրելը դժվար չէ։ «Կառավարության 825 որոշման համաձայն՝ պահանջվում է հիմնարկ մուտք եղածին 72 ժամվա ընթացքում անցկացնել ռենտգեն հետազոտություն, հիմնարկում չկա այդ հնարավորությունը»,- ասում է Սարիբեկ Նահապետյանը։

Ռենտգենային հետազոտություն տեղում անցկացնելու հնարավորության բացակայության մասին խոսում է նաև «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասի ղեկավար Լիլիթ Խորասանյանը։ Նա նշում է, որ չունեն նաև սոնոգրաֆիա կատարելու հնարավորություն։ Արյան անալիզ ՔՀԿ-ների բժշկական մասերում եւս չի արվում, բացառությամբ՝ «Դատապարտյալների հիվանդանոցի»։

«Արմավիր» ՔԿՀ-ից՝ Էջմիածնի քաղաքային հիվանդանոց 

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մի ամբողջ մասնաշենք բուժմասի համար է, սակայն հիվանդներն այս ՔԿՀ-ում ստացիոնար բուժում չեն ստանում, ստացիոնար բուժման համար նրանց տեղափոխում են «Էջմիածնի» ԲԿ։

«Արմավիր» ՔԿՀ-ի բժիշկ, գլխավոր մասնագետ Բենիկ Անտոնյանը պնդում է, որ մեկ հերթապահը չի կարող սպասարկել 600 հոգու, ըստ նրա` պետք է ոչ միայն համալրել բժշկական մասի աշխատողների թվաքանակը, այլև առաջարկում է շտապօգնությունում ունենալ մեկ բրիգադ, որը կսպասարկի միայն քրեակատարողական հիմնարկներին, որը համալրված կլինի բժշկով, բուժքույրով, վարորդով, որպեսզի կանչի դեպքում միանգամից օգնության հասնի։ Այս հիմնարկում, նոյեմբերի 11-ի դրությամբ, առկա է 3,5 թափուր հաստիք։

Մեր այցի ժամանակ ՔԿՀ-ի բուժմասում միայն երկու դատապարտյալներ էին՝ մեկը հաշմանդամություն ունեցող անձ էր, մյուսը՝ ՄԻԱՎ-ով հիվանդ։

«Կուզենայի ամեն մի մասնաշենքում մի բժիշկ տրամադրվեր, որ սպան, գործը թողած, հիվանդներին անընդհատ չտանի-բերի այստեղ: Օրինակ՝ ճնշում չափելու համար կամ դեղահաբ ստանալու համար, եթե բուժակը տեղում չէ, ապա այսպես է կատարվում աշխատանքը», - «Հետքի» հետ զրույցում ասում է «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկական մասի բուժակ Նաիրա Դարբինյանը։

Մեր այցելած բոլոր ՔԿՀ-ներում առկա են ատամնաբուժական սարքավորումներ։ «Աբովյան» ՔԿՀ-ի ատամնաբույժ Մարգարիտա Պետրոսյանը «Հետքի» հետ զրույցում պատմում է, որ հիվանդները հիմնականում դիմում են ատամի հեռացման, պլոմբավորման համար, նաև լնդերի բուժում է իրականացվում։ ՔԿՀ-ում օրթոպեդիկ միջամտություն՝ պրոթեզավորում, իմպլանտավորում չի կատարվում։ Վերջին ծառայությունները որևէ ՔԿՀ-ում չի կատարվում, միայն ցանկության դեպքում, ազատությունից զրկվածի հարազատի միջոցով հրավիրվում է վճարովի բժիշկ։ ՔԿՀ-ներում չկան լաբորատորիա և ատամնատեխնիկներ։ Պետրոսյանը ստացած դեղորայքից և սարքավորումներից չի դժգոհում։ 

Մեր այցելության պահին «Գորիս» ՔԿ հիմնարկում աշխատում էր հրավիրված ատամնաբույժը: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ հնարավոր է, իր հիվանդներն իմանալով, որ նաև դատապարտյալների ատամներն է բուժում, հրաժարվեն իր ծառայությունից։ Ատամնաբույժի պնդմամբ՝ ՔԿՀ է հրավիրվում դատապարտյալի կամ նրա հարազատի միջոցով, եւ վճարում են նրանք, իսկ ՔԿՀ-ում օգտվում է միայն «աթոռից»։

ՔԿՀ-ների բուժսարքերի արտադրման տարեթվերի վերաբերյալ փաստաթղթերը բացակայում են

Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Նարեկ Ղազարյանը մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ մինչև 2018թ. քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումներում, բացառությամբ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի, որտեղ տեղադրված էր ֆլյուրոգրաֆիկ սարք, առկա էին միայն տոնոմետր և ստետոսկոպեր։

«Քրեակատարողական հիմնարկների բժշկական ստորաբաժանումները արդիականացնելու նպատակով անհրաժեշտ ենք համարում բոլոր բժշկական ստորաբաժինները համալրել սոնոգրաֆիկ սարքով, դեֆիբրիլյատորով, իսկ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն՝ համակարգչային տոմոգրաֆով և ժամանակակից լաբորատոր ախտորոշիչ սարքավորումներով»,- նշում է Ն. Ղազարյանը:

Բացառությամբ 2018թ. Եվրոպայի Խորհրդի կողմից տրամադրած սարքավորումների՝ քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ստորաբաժանումների սարքավորումների մեծ մասը խորհրդային ժամանակաշրջանի է: Արդարադատության նախարարությանը խնդրել էինք տրամադրել ՔԿՀ-ներում առկա բուժսարքավորումների արտադրման տարեթվերը, սակայն, նախարարությունից փոխանցում են, որ դրանց արտադրման տարեթվերի վերաբերյալ փաստաթղթերը բացակայում են, դրանց արտադրման վերաբերյալ երբևէ հաշվառում չի տարվել, ուստի պահանջվող տեղեկությունը տրամադրել չեն կարող:

«Ներկայումս քրեակատարողական հիմնարկների և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև ընթանում է հիմնական գույքի և սարքավորումների գույքագրման և զուգահեռ նաև հանձնման-ընդունման գործընթաց, և այն բժշկական սարքավորումները, որոնք ենթակա չեն հետագա օգտագործման համար կամ հին են և անպիտան, հանվում են բժշկական ստորաբաժանումների հաշվեկշիռից»,- ասում է Նարեկ Ղազարյանը:

ՔԿՀ-ների բուժմասերի ու տրամադրվող բուժօգնության հարցը խնդրահարույց է

ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խմբի նախագահ Հասմիկ Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում նշեց, որ ՔԿՀ-ների բուժմասերի ու ստացվող բուժօգնության հարցը տարիներ շարունակ համակարգի ամենախնդրահարույց հարցն է եղել, և ցավոք, այսօր էլ դեռ մտահոգության տեղիք տալիս է: «Երկար ժամանակ խնդիր է եղել բուժմասերի հագեցվածության ու որակյալ աշխատակազմի հարցը, քանի որ նման պայմաններում և սոցիալական նման երաշխիքներով քչերն են աշխատել, արդյունքում մշտապես ունեցել ենք բուժանձնակազմի կարևոր օղակներում թափուր հաստիքներ ու հերթապահող բուժակների բացակայություն:

Վերջին տարում ստեղծվեց և արդեն գործում է «Քրեակատարողական բժշկական կենտրոն» ՊՈԱԿ-ը, որի նպատակն է բարձրացնել բուժօգնության որակն ու արդյունավետությունը: ՊՈԱԿ-ը դեռևս շատ կարճ ժամանակ է գործում, որպեսզի դրա արդյունավետությունը կարողանանք գնահատել: Սակայն դեռևս նախնական փուլում կային որոշ ռիսկային հարցեր, ինչը բարձրացվում էր ՔԿՀ-ների և ոլորտի մասնագետների կողմից: Օրինակ՝ աշխատակիցների սոցիալական երաշխիքների կորուստը, վերջիններիս նկատմամբ վերահսկողական մեխանիզմի բացակայությունը և այլն»,- ասում է Հասմիկ Հարությունյանը

Դիտորդական խմբի ղեկավարը ուշադրություն է հրավիրում ևս մեկ կարևոր հարցի վրա, ՊՈԱԿ-ի մաս կազմում են հիմնականում ՔԿՀ-ների նույն աշխատակիցները, այսինքն  փոխվել է միայն աշխատակիցների ենթակայությունը, սակայն, թե ինչպես է փոխվել նրանց աշխատանքը, աշխատանքի սկզբունքներն ու մոտեցումները, դեռևս պարզ չէ:

 

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի, Սարո Բաղդասարյանի

Տեսանյութը՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter