
Վահագն Հարությունյանը չի կարողանում ՀՀ վերադառնալ տեխնիկական խնդիրների պատճառով. պաշտպանը դիմել է դատախազին ու ՀՔԾ պետին
Վահագն Հարությունյանի փաստաբան Միհրան Պողոսյանը դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին և Հատուկ քննչական ծառայության պետին՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և ներկայանալ իրավապահներին, սակայն տեխնիկական խնդիրների, իր իր նկատմամբ հայտարարված անօրինական հետախուզման պայմաններում չի կարողանում: Փաստաբանը խնդրել է քննարկել տեխնիկական հարցերի լուծման հնարավորությունը, որպեսզի կարողանա վերադառնալ: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը:
Հիշեցնենք, որ մոտ 10 օր առաջ Միհրան Պողոսյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Վահագն Հարությունյանը բժիշկների հետ քննարկում է արտերկրում բուժումը կիսատ թողնելու և Հայաստան վերադառնալու հնարավորությունը:
«Վահագն Հարությունյանն այս պահին գտնվում է արտերկրում ու հետևում իրադարձություններին, Հատուկ քննչական ծառայության կողմից սանձազերծված իրավական բեսպրեդելին: Հարությունյանն այս պահին բուժող բժիշկների հետ քննարկում է բուժումը կիսատ թողնելու և Հայաստանի Հանրապետություն վերադառնալու հնարավորությունը: Իր մոտ վերադառնալու ցանկությունը մեծ է, որպեսզի այս բանսարկություններին վերջ դրվի»,- ասել է Միհրան Պողոսյանը:
Հարությունյանը, հիշեցնենք, մեղադրվում է Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու համար, որը զուգորդվել է բռնությամբ: Նրա նկատմամբ մեկ տարուց ավելի է, հետախուզում է հայտարարված: Հարությունյանի նկատմամբ ի սկզբանե խափանման միջոց է ընտրված եղել կալանավորումը, որը այս պահին վերացված է։
Մեկնաբանել