HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար․ Վիգեն Թադևոսյան

Վիգենը․․․ «Գարուն»ի  և բոլոր նրանց Վիգենը, ովքեր կարոտ էին ազնվագույն երաժշտության՝ նախ և առաջ․ լռելիս, խոսելիս, որևէ գիրք ձևավորելիս կամ, որ իր իրավ կոչումն էր, գեղանկարելիս՝ միշտ երաժշտության հնչումը իր ունկերում պիտի թրթռար, դասական երաժշտության, անպայման․ Վիվալդի, Մոցարտ, Բախ, Գրիգ, Շնյոբերգ․․․ Այլ կերպ անկարող էր ապրել։ Նույնիսկ իր անխոսության միջից երաժշտական նրբերանգներ էի լսում։ Չեմ չափազանցնում։

Ես արվեստագետի միայնակության, իրեն մեկուսի զգալու, տեսնելու, արտահայտելու «գաղտնիքը» Վիգեն Թադևոսյանի շնորհիվ ճանաչեցի, ու ավելին, իրենից սովորելու շատ բան կար։ Բանաստեղծները, նկարիչները, երաժիշտները, Վիգենից եթե ոչինչ չսովորեին՝ նվիրման կերպն ու կերպընկալումը կընդօրինակեին։ Այդ նվիրումը նաև ինքնարտահայտման միջոց էր, որ իրենից անկախ չէր թաքցնում, տեսանելի էր բոլորի համար։ Ինձ համար տեսանելի և ուսանելի․ բառախաղ չեմ անում ամենևին, բառախաղերի տարիքը արդեն «շրջանցել եմ», չնայած երբեմն կարոտիվ ձգտում է, բայց չի ենթարկվում․․․

Վիգեն Թադևոսյանի գեղանկարչությունը ներաշխարհային բացահայտումների մի ողջ երևութական աշխարհ է ընդգրկում՝ հատկապես գունային նրբերանգների անհավասարակշիռ անցումներով, և պատահական չէ, որ վերլուծել-վերարտահայտել նրա նրբադրոշմ արվեստը, չափազանց խնդրական է, երբեմն մի քանի անհայտներով հավասարումների տենդագին մղող և արվեստաբանական լուծումներ պահանջող․․․

Վիգենի աշխատասնեյակը «Գարուն»ում․․․ ամենօրյա գեղագիտական ցուցահանդես։ Գրքերի ավարտուն և անավարտ ձևավորումներ, գրաֆիկական աշխատանքների էսքիզներ, հանդեսում հաճախադեպ տպագրվող նկարիչների հետ հանդիպումներ, գրողների ելումուտ, հոտընկայս և տևական  զրույցներ, քննարկումներ՝ համաշխարհային գրականություն, նկարչություն, երաժշտության, մշակույթի այլևայլ ոլորտներ ընդգրկող։ Ինքը հաճախ լուռ՝ համակերպ խոսակցի կամ զրուցողների խոսակցությունները չէր լսում։ Ամեն ինչ իր հունով էր ընթանում։ Այլ կերպ չէր կարող։ Իր ստեղծված միջավայրն էր, որտեղ գաղափարներ էին հասունանում, իրագործվում և «Գարուն»ը իր գեղարվեստական ձևավորմամբ աննախադեպ ու անմրցելի էր։

․․․Վիգենի տանն ենք, ես և «հրեշտակներին կռիվ» հայտարարած իմ ամենասիրելի գեղանկարիչներից՝ Վարուժան Վարդանյանը, ում երբեք չկարողացա Վարուժ ասել, ինչպես շատերն էին դիմում։ Ես «շատեր» չէի ու կրտսեր համարումն ունեի, դրանից «երես» չէի առնում․․․ ավելին՝ իմ «մարդահաշվի» մեջ լինելու վայելքն էի  ընբոշխնում՝ տարեկիցներիս չկամությունն անտեսելով, որոնց հետ չէի հարաբերվում իրենց հետ խոսելիք չունենալու պատճառո՞վ, թե՞ իմ «անհետաքրքիր» բնավորությունից դրդված․․․

Վիգենի տանն ենք․ միանգամից աչք է շոյում սկավառակների «բլրաշարը», բայց խնամքով դարսդարսված անկյունում դրված սեղանի վրա։ Ձեռքերի նուրբ շարժումով ժամանակ առ ժամանակ սկավառակ է փոխում՝ իմ ցանկությունը հարցնելով։ Երբ ուզում եմ լսել Բախի «Բրանտենբուրգյան 3-րդ կոնցերտը, մի պահ նայում է Վարուժանին, երկուսն էլ ժպտում են, զգացվում է, որ իրենք նույնպես ուզում են լսել։ Երկու, թե երեք ժամ․․․ լռում ենք, երբեմն ես Վարուժանին «հանգիստ» չեմ տալիս, Հրանտ Մաթևոսյանի իր վրձնած դիմանկարն եմ մտաբերում ։ Նա նույնպես վիգենյան կեցվածքով լռում է։ Ես ինքնարձակ-համարձակ իրենց ավելի էի մտերիմ դառնում․ տարիքային տարբերությունները փոխադարձվում կամ ի սպառ ջնջվում էին։ Հանկարծ դիմում եմ Վարուժանին, Վիգենի ներկայությունը անտես առնելով, գուցե չզգալով․ «Վիգենը Վահան Թեքեյանի պոեզիան ավելի ճիշտ է մեկնաբանել, քան շատ գրականագետներ»։ Նկատի ունեի Թեքեյանի այդ օրերին հրատարակված ժողովածուի ձևավորումը ու բանաստեղծի դիմանկարը։ Վիգենը մինչ այդ իրեն բնորոշ ուրիշ ոլորտում էր, հանկարծ անձայն ծիծաղում է։ Վարուժանն ի պատասխան Վիգենի՝ «վերլուծում է» իմ խոսքերը՝ գեղանկարչի տեսակետով։ Ինձ ոչինչ չի մնում, քան լսել նրանց․ լսելիս էլ խոսում էին ինձ հասկանալի՝ այդ երկու բացառիկ գեղանկարիչները, որովհետև իրենցով ես շարունակում էի ճանաչել Երևանը, որ զուտ միջավայրային քաղաք լինելուց զատ հոգեբանություն էր և իր գերազդեցիկ ներշնչումներով էր նպաստում իմ և այն մտավորականների կայացմանը, ովքեր առաջին օրհնյալ քայլերն էին անում արվեստի նախասեմին։

Երբ Վիգենի տնից դուրս էի եկել, մի պահ ինձ մենակ զգացի իրիկնացող քաղաքում, այնպես, ինչպես իր և ինձ համար թանկ մտավորականների մահվան լուրը լսելիս․ ցավոք, միշտ ուշացած, բայց նրանց գոյությունը զգում եմ շարունակաբար, ինչպես տարիներ առաջ, երբ ապրում էին ու ապրեցնում իրենց ներկայությամբ․․․

Լուսանկարը՝ Սամվել Սեւադայի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter