HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիլիթ Սարգսյան

Չառլի Խաչատուրյան․ Քանդակն ու իր վայրը

Վերջերս կրկին Հայաստանում էր ճանաչված ամերիկահայ արվեստագետ, ժամանակակից քանդակագործ Չառլի Խաչատուրյանը: Նրա յուրաքանչյուր այց Հայաստան, ինչպես և Երկրագնդի ցանկացած վայր, մի ստեղծագործական և խիստ անձնական «ուխտագնացություն» է, կյանքում եւ արվեստում ճշմարտացին փնտրելու ու գտնելու մղում:

Իբրև կայացած արվեստագետ Չառլի Խաչատուրյանը հայաստանյան արվեստի դաշտ մտավ դեռևս 1980-ականների վերջին, երբ սկսեց մասնակցել երջանկահիշատակ Սարո Սարուխանյանի կազմակերպած Իջևանի քանդակի միջազգային սիմպոզիումներին: Այդ սիմպոզիումների շնորհիվ նա ծանոթացավ մի շարք նշանավոր ժամանակակից արվեստագետների՝ Սահակ Պողոսյանի, Հերիքնազ Գալստյանի, Ռուբեն Արևշատյանի, Բենիկ Պետրոսյանի և ուրիշների հետ: Տարիներ անց Հայաստանի ժամանակակից արվեստի հիմնադիր քննադատ Նազարեթ Կարոյանի հետ նա իրականացրեց մի շարք պատմական նախագծեր: Ցավոք, ինչպես և իջևանյան սիմպոզիումների շատ ու շատ մասնակիցների գործեր, նրա՝ ճանապարհամերձ քանդակները, նույնպես չեն պահպանվել:

Տեղանքների հետ կապված Չառլի Խաչատուրյանի անձնական և արտիստական առաջին քայլը, թերևս, Մարինէ (Խաչատուր) Ֆստկչյանի հետ իր ամուսնական արարողությունն էր 1990 թվականին, Սևանա լճի ափին, որն այն տարիներին քանդեց թե՛ սփյուռքահայերի, թե՛ հայաստանցիների հարսանյաց հանդիսության կարծրատիպը: Ազգագրական տարրերով հագեցած այդ հիշարժան  արարողությունը, որի մասնակից էին բազմաթիվ արվեստագետներ և մշակութային գործիչներ, մի բազմամարդ փերֆորմանսի էր նման: Պոստմոդեռնիզմն արդեն իսկ ներխուժել էր Հայաստանի ժամանակակից արվեստ։

Շուտով իր նորաստեղծ ընտանիքով հաստատվելով Հայաստանում, Չառլի Խաչատուրյանը Երևանում հիմնեց առաջին մասնավոր պատկերասրահը, որը սատարում էր ժամանակակից արվեստը: Վերջինիս դերակատարությունը հայկական ժամանակակից արվեստի ինստիտուցիոնալացման և համադրողական պրակտիկայի սկզբնավորման մեջ շատ մեծ է: Հայաստանի դժնդակ 1990-ականներն էին, և ժամանակակից՝ ասել է թե՝ անպիտան, անհասկանալի, հակակոմերցիոն, վեր-ազգային ժամանակակից արվեստ սատարելը ուտոպիա էր, որը սակայն չհուսահատեց Չառլիին։ Մինչ այդ, նրա կինը՝ Երևանում ծնված, մանկավարժական կրթությունը ԱՄՆ-ում ստացած Մարինէն լծվել էր արցախյան պատերազմի փախստկան երեխաների սոցիալ-կրթական խնդիրները այլընտրական մեթոդներով լուծելու գործին, արդյունքում հիմնելով բացօթյա դասարաններ, ապա Այլընտրական Կրթության եւ Արվեստի Կենտրոնը, որը հաջողությամբ գործեց շուրջ հինգ տարի։ Այն տարիներին կրթական այլընտրական մեթոդները, որոնք կիրառում էր Մարինէն, Հայաստանի համար նորություն էին: 1998-ին ընտանիքը կրկին վերաբնակեցվեց ԱՄՆ-ում, սակայն կապը Հայաստանի հետ մնաց հաստատուն։ Ի՞նչ է Արտիստի այս հավերժ վերադարձը Հայաստան: Բնավ ո՛չ սոսկ ծեծված «հայրենիքի կարոտ», այլ ավելի խորը մի զգացում, որն հագեցած է սեփական ինքնության գիտակցման ստեղծագործական եղանակներով:

Չառլի Խաչատուրյանը ծնվել է Նյու-Յորքում, մասնագիտական կրթություն է ստացել ծննդավայրում և Լոս-Անջելեսում, ձեռք բերելով MFA (արվեստների մագիստրոսի) բարձրագույն վկայական: Նրան դժվար է անվանել քանդակագործ բառիս ավանդական իմաստով, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ծավալագործ: Դեպի արվեստ նրան բերել և ոգևորել է լուսանկարչությունը: Վաղ հասակում Չառլին աշխատել է լուսանկարչական արհեստանոցում որպես օգնական, այնուհետև փորձառություն է ձեռք բերել որպես քանդակագործի տեխնիկական օգնական: Աշխատանքը երկաթե արմատուրաների և քանդակային այլ տարրերի հետ ապագա արվեստագետին հանգեցրել է այն մտքին, որ այդ ամենն օժտված է ինքնուրույն գեղարվեստական հատկություններով, և նա սկսել է իր առաջին  մետաղյա գործերն իրականացնել:

Արխայիկ մշակութային արտեֆակտերը և առհասարակ մշակութային արքետիպերը միշտ են հետաքրքրել Չառլի Խաչատուրյանին: Նա երբեք արվեստում չի ընթացել եռաչափ իրականության կրկնօրինակման ուղիով, որը բնորոշ է  ավանդական-ակադեմիական քանդակագործությանը, այլ, օգտագործելով բնական ձևերն ու նյութերը, կերտել է վերացական օբյեկտներ և ինստալացիաներ՝ օժտված որոշակի խորհրդանշական իմաստով: Այդպիսին էին Չառլիի վաղ շրջանի Մեգալիթները՝ մետաղյա մեծ, տձև թիթեղներից կազմված ուղղահայաց, սրածայր քանդակները, որոնք կրկնում էին հնադարյա մեգալիթների՝ քաղաքակրթության պատմության մեջ մարդու առաջին ծավալային ստեղծագործության, ձևերը: Չառլին հիշում է, որ այդ շրջանում նա դեռևս տարված էր քանդակի մակերեսը գեղեցկացնելու ձգտումով, և իր մեգալիթների մետաղյա մակերեսները մանրակրկիտ կերպով մշակում էր դրոշմահատման (չեկանկա) եղանակով:

Մետաղը՝ մետաղ, սակայն հողն իբրև հիմնարար սուբստանց (հումք), դարձավ Չառլի Խաչատուրյանի արվեստի գլխավոր նյութն ու միևնույն ժամանակ վայրը, որ ծնում է նրա հողաքանդակները: Site specific՝ տեղանքային կամ տվյալ տեղից բխած, տեղում ստեղծվող, հողե քանդակները ոչ այլ ինչ են, քան հնադարյա ծես հիշեցնող փերֆորմանսի արդյունք, որի ընթացքում արվեստագետը փոս է փորում, ապա հալած մոմի միջոցով ամրակայում փոսի խոռոչն ու դուրս բերում հողագունդը գետնի արգանդից: Զուր չէ, որ այս ծիսակարգին ականատես լինող անպատրաստ դիտողները հաճախ կարծում են, որ Չառլին կախարդում է՝ չգիտես ինչու փոս փորում, մոմ թափում, հետո հողը գետնից հանում… Մինչդեռ, եթե տառացիորեն բնութագրենք այդ արարողությունը՝ կստացվի փոսի դատարկ խոռոչից ֆորմա ձուլել. քանդակագործության միանգամայն ավանդական եղանակ, բայց այս պարագայում՝ կարծես աբսուրդիստական, քանզի ի՞նչ ասել է՝ դատարկությունը կամ փոսը ձևի վերածել: Իրապես մոգական գործողություն, սակայն մի՞թե նույնքան մոգական չի դասական քանդակագործի կողմից ոչինչից ծավալ կերտելը կամ նույնն է թե՝ դատարկությունը ծավալով հագեցնելը… Այս է արվեստի պարադոքսը, որը, սակայն, ինչ որ իմաստով այն հաշտեցնում է իրականության հետ:

Յուրաքանչյուր վայր, որտեղ Չառլին կատարում է իր այս գործը և հողից քանդակ հանում, իր համար խիստ անձնական, խորհրդանշական իմաստ ունի, որը նրան տևականորեն մղում է վերադառնալուն. ԱՄՆ, Շուշի, Գյումրի, Սևան, Երևան, Ապարան, Ամուլսար, Թուրքիայի սահմանը… Յուրաքանչյուր հանածո հողաքանդակ ունի իր հասցեն, իր անունն ու իր պատմությունը, և այս շարքում, թերևս, Ամուլսարն է, որ առավելապես թելադրված է հանրային պայքարի իմաստով:

Վերջին այցի ընթացքում Հայաստան Չառլին որոշել էր նաև հող փորել Թիֆլիսի հայ մտավորականների Խոջիվանք պանթեոնում: Սակայն, արվեստագետի համար սա դարձավ անսպասելի և աննախադեպ փորձառություն, երբ նա հայկական պանթեոնը գտավ ավերված, իսկ նրա տեղում՝ վրացական հսկայական եկեղեցի կառուցված: Նա պատմում է, որ շատ տարիներ առաջ Սահակ Պողոսյանի հետ երբ առաջին անգամ այցելել է այդ պանթեոնը, ապա Հովհաննես Թումանյանի ուղղահայաց կանգնած տապանաքարի վրա դրոշմված հախճապակե մեդալիոնը, որի վրա դաջված էր մեծ գրողի դիմանկարը, կոտրված է գտել, և նրա մի քանի բեկոր հավաքել ու պահել է խորհրդային ժամանակների լուցկու տուփի մեջ: Թումանյանի երբեմնի գերեզմանաքարի այդ մասունքը Չառլին պահպանում է մինչ օրս: Եվ ահա, վերադարձի տևական մղումը նրան բերեց նույն այս վայրը: Տարակուսած արվեստագետն այս վերջին այցի ժամանակ Խոջիվանքի եկեղեցու քահանայի հետ զրուցելիս նրանից լսել է է՛լ ավելի հուսահատեցնող պատասխան. «Իրենց երկիրն է, ինչ ուզում, անում են»… Այլևս անիմաստ համարելով իր հերթական հողաքանդակը ձուլել այն վայրում, որտեղից վրացին ջնջել է հայ մտավորականների աճյունները, անտեսելով անգամ հանուն մի հողաքանդակի իր կտրած երկար ճանապարհը, արվեստագետը ձեռնունայն է վերադարձել Վրաստանից:   Ահա՛ Չառլի Խաչատուրյանի արվեստի ճշմարտացիությունը և իրական լինելը…

 

Լուսանկարները՝ Արեգ Բալայանի

 

Մեկնաբանություններ (1)

Cynthia Beale
Charlie's art reminds me that it is always such a personal experience, yet that is what resonates with the viewer. His work tells not only his story, but the journey of others. Very beautiful and ageless in spite of its transitory materials and history.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter