
Ռոման Բաբայանը կարծում է, որ աշխատանքից հեռացնելու պատճառը հարցազրույցն էր
Ռոման Բաբայանը կարծում է, որ իրեն աշխատանքից հեռացրել են նոյեմբերի 25-ին «Հետք»-ում հրապարակված հարցազրույցից հետո: Հարցազրույցում նա պատմում է քրեակատարողական հիմնարկի խոշտանգումների, նաև՝ նախաքննության ու դատի ժամանակ իր նկատմամբ տեղի ունեցած բռնությունների մասին:
Այս տարվա օգոստոսի 9-ին Շուշիի քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված Ռոման Բաբայանը խոհարար էր աշխատում Շուշի քաղաքի սրճարաններից մեկում:
«Նոյեմբերի 26-ին սրճարանի սեփականատերն ասել է, որ վաղվանից չգամ աշխատանքի, քանի որ ի վիճակի չէ աշխատավարձ վճարել»,- ասում է նա: Ռոմանը աշխատանքից հեռացվելը կապում է հարցազրույցի հետ, քանի որ մինչ այդ որևէ խնդիր չի ունեցել սեփականատիրոջ հետ:
«Զուտ իմ կարծիքն է, պարզապես այդպես եմ մտածում, որովհետև անմիջապես հարցազրույցից հետո այդ ամենը տեղի ունեցավ: Այո, գործերը լավ չէին սրճարանի, բայց իմ նկատմամբ սեփականատիրոջ վստահությունը շատ մեծ էր»,- ասում է Ռոմանը:
Նախկին բանտարկյալը նաև ասում է, որ ավելի վաղ նրան աշխատանքից հեռացրել են մեկ այլ սրճարանից՝ ՖԲ ուղիղ եթերում Շուշիի բանտի մի բռնության մասին պատմելուց հետո, որի հետևանքով մարդ է մահացել:
«Չեմ ուզում դեռ անուններ տալ, բայց ոստիկաններից մեկը ուղիղ եթերից հետո պատահական հանդիպման ժամանակ ասել է` դեռ դու սա՞ղ ես: Մեկ այլ ոստիկան ասել է, որ չարժե համակարգի դեմ դուրս գալ, մենակով հնարավոր չէ ոչինչ անել»,- պատմում է Ռոման Բաբայանը:
Սրճարանի սեփականատեր Սերոբ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման խնդիր չկա, պարզապես վնաս է կրում սրճարանը։
«Գործ չկա, ինքն էլ գիտի, այսօր, օրինակ, ընդամենը երկու հազար դրամի գործ ենք արել, չեմ կարողանում աշխատավարձ վճարել, ես ու ինքն էլ մտերիմ մարդիկ ենք»,- ասում է Սերոբ Սարգսյանը:
Մեկնաբանել