HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար. Արփիկ Միսաքեան

«Հետզհետե մեկնեցան անոնք։ Քաղաքը պարպվեցավ։ Բան մը կար, որ չկա այլևս։ Ավելի ճիշտ՝ կա, բայց բոլորովին տարբեր է։ Փառք է գոնե կես դարու կյանք ունենալ կամ պատկանիլ այս ափերը ծնած առաջին սերունդին, վերհիշելու համար դեմքեր, որոնք ամբողջ մթնոլորտ մը ստեղծած էին․․․»։

«Յառաջ» օրաթերթի երկարամյա խմբագիր Արփիկ Միսաքեանը  երկրորդ սերնդից էր, դուստրը՝ «Յառաջ»ի հիմնադիր-խմբագիր, ըստ ժամանակակիցների ամենայն հայոց խմբագրապետ Շավարշ Միսաքեանի։ Վերոբերյալ գրառումը «Յառաջ»ում շարունակաբար տպագրվող «Երեկ․ դեմքեր և դեպքեր» հոդվածաշարից է։ Սփյուռքն ըստ ամենայնի գիտակցող ու տարասփռված հայության կյանքն արտացոլեցնող հրապարակագիր-խմբագրի խոսքի արժեքն ու մանավանդ այժմեությունը այսօրվա հեռավորությունից խորհրդամղող է։ Դեպքերի, դեմքերի նկարագրականներում ինքն անվրեպ է՝ հանրագիտարանային իմացությամբ ու մանավանդ ազնվամտությամբ իրեն բնորոշ։

Իմ տպավորություններն անմիջնորդ են․ Արփիկին ճանաչելու առաջին իսկ օրվանից, երբ 1993 թ․ հոկտեմբերին երկշաբաթյա հյուրընկալությամբ Փարիզում էի և գրեթե ամեն օր այցելում էի «Յառաջ»ի խմբագրատուն, որտեղ նաև տպարանային հարկաբաժինն էր։ Ղարաբաղյան պատերազմի տարիներն էին, նորանկախ Հայաստանի «ցուրտ և մութ» աննախադեպ ժամանակները։ Սփյուռքահայությունն առ վերածնված հայրենիք իր կարոտաբաղձությունն էր ապրում։ Հետեղեռնյա սերնդի անկախ Հայաստան ունենալու փափագն այլևս իրողություն էր։ Եւ «Յառաջ»ը ուրույն կենտրոնատեղի սփյուռքահայ մտավորականության։ Ամենատարբեր երկրներից Հայաստան այցելելու ճանապարհն անցնում էր Փարիզ-«Յառաջ»-ով, և անշուշտ Արփիկի մայրապետական հյուրընկալությամբ։ Բայց մինչ այդ հարցումներս իրեն ուղղված զրույցների էր վերածվում։ Ինքը միշտ պատրաստակամ էր, մանավանդ երբ հետաքրքրվում էի ինձ սիրելի գրողներից, որոնց ճանաչել է․ Նշան Պեշիկթաշլյան, Ահարոն, Կարո Փոլատյան, Շավարշ Նարդունի, Նիկողոս Սարաֆյան, Զարե Որբունի և ամենակարևորն ինձ համար՝ Շահան Շահնուր, որի խնամատարն է եղել, քանի որ տարիներ անընդմեջ հայ գրականությունը «լքած» և ֆրանսագիր Արմեն Լյուպեն-Շահնուրը միայն իր նվիրական հոգածությամբ է վերադարձել Հայ գրականություն։ Հետագա տարիներին «Յառաջ» մատենաշարով իր հոգողությամբ հրատարակվել են Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը, «Կրակը՝ կողքիս», «Թերթիս կիրակնօրյա թիվը», «Հարալեզներու դավաճանությունը» և մնացյալ պատմվածքների խոհագրությունների հատորները։

1993 թ․ հոկտեմբերյան անձրևոտ օր և Արփիկի անկանխատեսելի առաջարկը «Երթանք Զորավարին ու Շահնուրին»։ Սկզբնապես ոչինչ չհասկացա, խոսքը կտրուկ էր, խոսակցին ուշադրություն հրավիրող։ Անշուշտ ցանկանում էի գնալ Պեր Լաշեզ, բայց Արփիկի ուղեկցությամբ՝ չէի սպասում։ Հատկապես իր ուղեկցությամբ։ Երևի նաև Շահնուրի նկատմամբ ունեցած իմ աներևակայելի պատկառանքն էր իրեն հուշել։

․․․Տեսարանն աննկարագրելի էր, սրտառուչ, երբ նկատեցի գերեզմանից վեր խոյացող Շ-մահարձանը․ ասել է թե՝ Շավարշ-Շահնուր։ Արփիկը Շահնուրին հուղարկավորել էր՝ վերաբացելով Շավարշի գերեզմանը։ Սա կարծես թե նաև հոր հետմահու փափագն էր, քանի որ Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը «Յառաջ»ում Շավարշը հանդգնություն ունեցավ շարունակաբար հրատարակել՝ ի զայրագին դժգոհություն Սփյուռքի և Հայաստանի գրական հանրության, որ շարունակվեց տևապես և շարունակելի է առ այսօր․․․

Արփիկ Միսաքեանի դիմանկարը թերի կմնա և առ իր անձն ու գործը իմ ունեցած սրտալի վերաբերմունքից՝ ինքն ինձնից «դժգոհ կմնա», եթե մեր վերջին հեռախոսային խոսակցությունից չհաղորդեմ որոշ մանրամասներ։ Կարճ տևեց մեր զրույցը, ձայնից զգացվում էր «տարիքային» հիվանդության չարագույժ թրթիռները։ Ասացի․ «Արփիկ ջան, շարժանկարի սցենարիոյի վերածած եմ Շահնուրի «Նահանջը»։ Միանգամից ձայնի տոնը առույգ հնչեց․ «Ինչպե՞ս, սցենարիո գրած ես, ի՞նչ լավ, մեկ մը կա՞, որ նկարահանե։ Անպայման պատկան մարդոց դիմե, քեզի կը վստահիմ»։ «Կը հուսամ», այլ պատասխան չունեի։ Եւ երբ ամիսներ անց լսեցի մահվան լուրը, «Հրապարակ» օրաթերթում հրաժեշտի խոսք տպագրեցի։ Ու հիմա ակամա մտաբերում եմ իր պատումներից, բայց սա,- ինձ համար ամենաանմոռանալին,- չեմ կարող չգրառել․․․ Միսաք Մեծարենցը մահացել է Շավարշի ձեռքերի վրա․․․ ու ավելի քան տխրում եմ սովետական ամենատգիտությունից,- եթե այս բառին համարժեք վայրենաբարո բառ կա՝ թող ընթերցողը մտաբերի,- Մեծարենցի հայաստանյան բոլոր հրատարակություններում «Ջրտուք» բանաստեղծությունից ջնջված է ընծայագիրը՝ Շավարշ Միսաքեանին․․․

Արդ, Արփիկի այս գրառումը անկարող եմ չմեջբերել, որ հավասարապես վերաբերում է թե անցյալ անձանց նվիրյալներին և թե իրեն․ «Ու մենք, վերջին վկաները այդ սերունդին, մենք ալ կը տխրինք ի տես օրե օր ծավալվող պարապության մը։ Պարապությունը, զոր կստեղծեն այն բացակաները, որոնք տարբեր համ մը տված են մեր կյանքին»։

Գրել Արփիկ Միսաքեանի մասին, հիշել ու սահմանափակվե՞լ՝ չկարողանալով ընդլայն ներկայացնել նրա մարդկային-մտավորական կերպարը, առնվազն նրան չճանաչելուն համարժեք է։ Արփիկի կերպարը կվերարժեքավորվի միայն «Յառաջ»ում տպագրված խմբագրականները, հոդվածները, «տոմսերը» հրատարակելով, որտեղ սփյուռքյան չափազանց էական մի ժամանակաշրջանի տարեգրությունն է ամփոփված։ Եւ ինչպես Շավարշ Միսաքեանն էր իր ինքնարձակ համեստությունից չխորշելով գրում․ «Թող գործը խոսի» սկզբունքի որդեգիրն էր նաև նրա դուստրը՝ Արփիկը:

գլխավոր լուսանկարը՝ penicheanako.org-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter