
Ինչ ռիսկեր է պարունակում վարկերի տոկոսների սահմանափակումը
Հայաստանում ֆինանսական կառույցների, մասնավորապես՝ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի փաստացի տոկոսադրույքները երբեմն այնքան բարձր են, որ դուրս են խելամտության սահմաններից՝ ընդհուպ 200%։ Այս փաստը հաշվի առնելով՝ պատգամավորներն առաջարկում են վարկերի տոկոսադրույքները սահմանափակող օրենք ընդունել։ Մինչդեռ Կենտրոնական բանկի, Հայաստանի բանկերի միության և Հայաստանի վարկային կազմակերպությունների միության ներկայացուցիչները սրանում ռիկսեր են տեսնում՝ համարելով, որ այս խնդիրն ադմինիստրատիվ լծակներով չի լուծվելու, այլ ավելի է խորանալու։
Առավելագույնը՝ փաստացի 25.6 % վարկերի համար. ինչ են առաջարկում պատգամավորները
Մոտ երեք շաբաթ առաջ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը Հայաստանում բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու մասին նախագիծ են շրջանառության մեջ դրել։ Ըստ այդ նախագծի՝ վարկերի տարեկան փաստացի տոկոսադրույքը չպետք է գերազանցի 25.6 %-ը։ Հիշեցնենք, որ վարկերի փաստացի տոկոսադրույքն, ի տարբերություն անվանական տոկոսադրույքի, ներառում է նաև բոլոր տեսակի միջնորդավճարներն ու սպասարկման ծախսերը։ Եվ, որպես կանոն, փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է լինում, քան անվանականը։
Ընդունվելու պարագայում, ըստ պատգամավորների, այս օրենքը կարող է ֆինանսական ծառայություններից օգտվող քաղաքացիների իրավունքները պաշտպանել: Նախագծի հեղինակները նկատում են, որ գործող իրավակարգավորումները ֆինանսական կազմակերպություններին թույլ են տալիս տրամադրվող վարկերի և փոխառությունների օրենքով նախատեսված դրույքաչափը պահպանելով հանդերձ` օգտագործել օրենքով չարգելված այլ ֆինանսական գործիքներ, մասնավորապես՝ գործառնական ծախսեր, կիրառել փաստացի իրական տոկոսադրույք, որը որոշ դեպքերում կարող է մինչև 2 անգամ գերազանցել բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնապատիկը:
Սպասարկման վճարները որոշ դեպքերում գերազանցում են ֆինանսական կարզմակերպության առաջարկած վարկերի կամ փոխառությունների տոկոսադրույքը, ինչն, ըստ պատգամավորների, անթույլատրելի է:
Նախագծում նշված է, որ նման ֆինանսական կազմակերպությունները, վարկառուներին առաջարկելով որոշ բարենպաստ պայմաններ (վարկի արագ տրամադրում, ցածր ապահովագրական վճար, գրավի նկատմամբ սահմանափակումներ չկիրառելու պայման եւ այլն), ֆինանսական շուկայում զբաղեցնում են բարձր դիրք: Վերջիններս, օգտագործելով քաղաքացիների մի մասի ֆինանսական գիտելիքների պակասը, ստանում են գերշահույթ՝ վարկառուների համար առաջացնելով լրացուցիչ, չնախատեսված ֆինանսական բեռ:
Ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի փետրվարի 1-ից:
Վաշխառուները կրկին կատիվանան. ռիսկերն ՝ ըստ ֆինանսական բլոկի պատասխանատուների
Կենտրոնական բանկը և Բանկերի միությունը համարում են, որ վարկերի բարձր տոկոսադրույքների սահմանափակող շեմ ընդունելը լավագույն լուծումը չէ և հետագայում կարող է ավելի լուրջ խնդիրներ առաջացնել։ Մասնավորապես, ռիկսային հաճախորդները, որոնց այսօր ավելի բարձր տոկոսադրույքներով են վարկեր տրամադրվում, քան պակաս ռիսկային հաճախորդներին, չկարողանալով վարկեր ստանալ բանկերից ու վարկային կազմակերպություններց, կարող են վաշխառուների «ձեռքն ընկնել»։ Իսկ վաշխառուները շատ ավելի բարձր տոկոսներով են գումարներ տրամադրում քաղաքացիներին։ Բացի այդ, վերջիններս գործում են ոչ օրենսդրական դաշտում և երբեմն ամենատարբեր կոշտ միջոցների են դիմում տրված գումարները հետ ստանալու համար։
Ըստ ԿԲ Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանի` աշխարհում ոչ մի երկիր տոկոսադրույքների սահմանափակմամբ չի լուծել հաճախորդների եկամուտների խնդիրը, այլ ավելի է խորացրել այն։ «Հատկապես մարզերում, գյուղաբնակ վայրերում, երբ սահմանափակվում է ֆինանսների հասանելիությունը, խորանում է աղքատությունը կամ քրեական տարբեր տեսակի գործիքների կիրառումը։ Եթե հնարավորություն չենք տալիս մարդուն ֆինանսներ ձեռք բերել բաց, թափանցիկ, որոշակի մարդիկ գնալու են և գումարները վաշխառուներից են վերցնելու։ Հետո վաշխառուները սկսելու են տարբեր տեսակի գործիքներ կիրառել այդ գումարները հետ բերելու համար»,- Ազգային ժողովում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը նման տեսակետ հայտնեց Անդրանիկ Գրիգորյանը։ Քննարկման թեման վարկային քաղաքականությունն էր Հայաստանում։
«Եթե փորձենք ուշադրություն դարձնել տոկոսադրույքների կառուցվածքին, ապա տոկոսադրույքի ամենամեծ կոմպոնենտը ֆինանսավորման աղբյուրն է։ Բանկերի համար դրանք ավանդներն են, իսկ վարկային կազմակերպությունների դեպքում՝ սեփական կապիտալը կամ փոխառու միջոցները, որից հետո գալիս է կորուստը։ Բանկերի մոտ շահույթի մարժան 1%-ից էլ քիչ է։ Վերջին մոտ 2 տարվա ընթացքում բանկերի կողմից տրամադրվող վարկերի փաստացի տոկոսադրույքները բոլոր վարկերի դեպքում չեն գերազանցում 20%-ը, հնարավոր են բացառություններ, որ տոկոսադրույքները հասնեն 22%-ի։ Եվ դա ոչ թե ադմինիստրատիվ լծակի արդյունք է, այլ՝ զուտ այս շուկայում առկա մրցակցության։ Իսկ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի միջին փաստացի տոկոսադրույքը՝ միջին կշռված տոկոսադրույքը, 43% է։ Վարկային կազմակերպությունների դեպքում տոկոսադրույքների տարբերությունները մեծ են ՝ 15%, 70% և ավելի բարձր։ Կենտրոնական բանկի քաղաքականությունը միշտ եղել է շուկայի գործունեությանը չխոչընդոտելը և որևէ կերպ չմիջամտելը։ Մենք փորձում ենք նպաստել բանկային շուկայի մրցակցության խորացմանը, որը բերելու է տոկոսադրույքների է´լ ավելի նվազմանը»,- նկատում է ԿԲ մասնագետը։
Ըստ նրա՝ եթե քաղաքացուն ֆինանսների հասանելիության հնարավորություն չտրվի, և նա վաշխառուներից վերցնի այդ գումարներն, ապա տոկոսադրույքները ամսական կազմելու են 10%-15%:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ևս ռիսկեր է տեսնում վարկերի տոկոսադրույքները սահմանափակելու գաղափարի մեջ։ «Ինչպես է իրականացվում սպառողական վարկավորումը։ Երբ հաճախորդը դիմում է վարկ ստանալու համար, սքորինգային համակարգով բանկերը տեսնում են, թե հաճախորդի սքորը որքան է, և ըստ դրա որոշվում է, թե քանի տոկոսով է վարկը տրամադրվում։ Եթե հաճախորդը դիմել է, և իր սքորը ենթադրում է, որ նրան պետք է վարկը տրամադրվի, ենթադրենք, 26%-ով, սակայն, երբ օրենքով սահմանափակում է դրվում, որ տոկոսադրույքը պետք է, օրինակ, 24%-ից բարձր չլինի, ապա դա չի նշանակում, որ այդ հաճախորդը վարկավորվելու է 24%-ով։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Տոկոսադրույքների սահմանափակմամբ բանկային համակարգում բարձր ռիսկային հաճախորդներին վարկը չի տրամադրվելու, և նրա համար ֆինանսական հասանելիության խնդիր է ստեղծվելու։ Եվ ստացվում է, որ մենք այս հաճախորդներին ասում ենք՝ դուք մի սպասարկվեք բանկերի կողմից։ Իրենք գնալու են վարկային կազմակերպություններ, որտեղ ևս չեն կարողանալու սպասարկվել, գնալու են լոմբարդներ, այնտեղ էլ չեն կարողանալու սպասարկվել և գնալու են վաշխառուների մոտ։ Այսինքն՝ տոկոսադրույքների սահմանափակումը կհանգեցնի նրան, որ ֆինանսական կառույցները չեն սպասարկի ռիսկային հաճախորդներին, և հաճախորդը ստիպված գնալու է ավելի քիչ վերահսկելի և պակաս կանոնակագված դաշտում գործող կառույցի կամ անհատի մոտ վարկավորման։ Չեմ կարծում, թե շատ ճիշտ քաղաքականություն է։ Ավելի լավ է հաճախորդը սպասարկվի խիստ կանոնակարգվող և խիստ օրենսդրության դաշտում գործող կառույցի կողմից։ Իհարկե, համաձայն եմ, որ խելամտության սահման պետք է լինի»,- նշում է Սեյրան Սարգսյանը։
Նույն կարծիքին է նաև Վարկային կազմակերպությունների միության նախագահ Խորեն Քերոբյանը։ Ըստ նրա՝ ֆինանսական շուկան պետք է կարգավորի վարկերի տոկոսադրույքները, և որևէ սահմանափակում պետք չէ։
Նախագծի հեղինակներից մեկը՝ պատգամավոր Վարազդատ Կարապետյանը համարում է, որ վարկային կազմակերպությունների` բարձր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը ոչ այլ ինչ է, քան վաշխառություն։ «Իհրակե, այս հարցը պետք է շատ քննարկվի, որովհետև սա արժեքների հետ կապված սկբունքային հարց է։ Եթե մարդուն ասում ենք, որ դեղ է պետք և դրա համար պետք է նրան 200%-ով վարկ տանք, մենք պետք է խնդրենք մեր երկրի իմաստուն մարդկանց դրան անուն տալ։ Ես վստահ եմ, որ իրենք դա անվանելու են վաշխառություն՝ անկախ այն բանից, թե ով է տալիս այդ վարկը, ինչպեսէ կարգավորվում և որ օրգանն է վերահսկում այդ հարցը »,- նշում է պատգամավորը։
Ըստ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի՝ վարկերի տոկոսադրույքների թեման դեռևս պետք է շատ քննարկել և հավասարակշռված լուծում գտնել։
Թե՛ բանկերի, թե՛ վարկային կազմակերպությունների կողմից տրվող վարկերի ծավալում այսօր գերակշռում են սպառողական վարկերը, որոնց տոկոսադրույքները, սովորաբար, ավելի բարձր են վարկերի մյուս տեսակների համեմատ։ Ըստ Կենտրոնական բանկի տվյալների` այս տարվա հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում գործող առևտրային բանկերի վարկային պորտֆելը կազմել է 3 տրլն 107 մլրդ դրամ (չհաշված ֆինանսական և ապահովագրական ոլորտի վարկային պորտֆելը՝ 245 մլրդ դրամ), որից 875 մլրդ դրամը սպառողական վարկերն են։ Իսկ վարկային կազմակերպությունների վարկերի ծավալը հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 446 մլրդ դրամ (այդ թվում՝ ֆինանսական և ապահովագրական ոլորտին տրված վարկերը), որից 94 մլրդ դրամը սպառողական վարկերն են։
Հիշեցնենք, որ այս տարի սպառողական վարկերի բավականին բարձր աճ է նկատվում։
Սպառողական ու հիպոթեքային վարկերը մի քանի անգամ ավելի արագ են աճում, քան մարդկանց եկամուտները
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել