
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը
Կարեն Բրուտյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում է 2018թ. մայիսից: Մինչ այդ նա կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր:
Որպես պաշտոնատար անձ նա բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր: Ըստ այդ հայտարարագրերի` Կարեն Բրուտյանը զգալի կարողություն ունեցող պաշտոնյաներից է:
2018թ. տարեկան հայտարարագրի համաձայն` Կ. Բրուտյանի եկամուտը կազմել է 54 մլն 440 հազար դրամ, 70 հազար դոլար և 5 հազար եվրո: Եկամուտների մեջ ներառված են պաշտոնյայի 35 մլն դրամ և 5 հազար եվրո վարկերը, ինչպես նաև 70 հազար դոլար արժողության գույքի նվիրատվությունը: Եկամուտների մնացած մասը գոյացել է աշխատավարձից կամ դրան հավասարեցված այլ վճարներից:
Քանի որ եկամուտների աղբյուրները գաղտնի են, պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք Կարեն Բրուտյանին: Վերջինս ասաց, որ 70 հազար դոլար նվիրատվությունը, որը բնակարան է և հողամաս, ստացել է դատական վեճի արդյունքում: Կնքել են հաշտության համաձայնություն, և իրեն հասանելիք գույքը նվիրատվության կարգով հանձնել են իրեն:
«17 տարեկանից անընդմեջ աշխատում եմ. 1993-1998թթ., համալսարանում սովորելուն զուգահեռ, զբաղվել եմ առևտրի կազմակերպմամբ, որը հետագայում փոխանցել եմ հորս կառավարմանը, որը հետագայում որպես գործող բիզնես վաճառվել է: 1998-2011թթ. աշխատել եմ ֆինանսների նախարարությունում, որից 11 տարին` վարչության պետի պաշտոնում»,-ասում է Կարեն Բրուտյանը:
Նշենք, որ ֆինանսների նախարարի առաջին տեղակալի հաշվին առկա է նաև զգալի չափի գումար: Մասնավորապես, նա հայտարարագրել է 26 մլն 500 հազար դրամ, 65 հազար դոլար և նույնքան էլ եվրո: Ունեցել է նաև հանձնած փոխառություն՝ 55 հազար եվրոյի չափով, որը 2018-ին վերադարձվել է:
«2011-2016թթ. թողել եմ պետական ծառայությունը՝ խորհրդատվության պայմանագրեր կնքելով տարբեր կազմակերպությունների հետ: Հանդիսանալով պետական ֆինանսների և պետական գնումների անհատ խորհրդատու` լիարժեք ծանրաբեռնվածությամբ ներգրավվել եմ միջազգային և տեղական բազմաթիվ ծրագրերում: Այս ժամանակահատվածում օրական աշխատավարձիս չափը կազմել է 500-ից մինչև 1000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ կախված առաջադրանքի շրջանակից, երկրից, տևողությունից: Ծառայությունները մատուցվել են համապատասխան պայմանագրերի հիման վրա, դրանք առկա են այդ կազմակերպություններում»,-ասում է Կարեն Բրուտյանը՝ տրամադրելով նաև այն կազմակերպությունների ցանկը, որոնց հետ պայմանագրային հիմունքներով աշխատել է:
Ըստ Կարեն Բրուտյանի՝ 2016թ. վերադարձել է հանրային ոլորտ՝ աստիճանաբար դադարեցնելով խորհրդատվության տրամադրումը: Այդ ընթացքում աշխատել է դատախազությունում, ՊԵԿ-ում և ֆինանսների նախարարությունում՝ մինչ օրս:
«Վերը նշված գործունեության արդյունքում կուտակված, ինչպես նաև ընտանիքիս անդամների, ներառյալ երջանկահիշատակ ծնողներիս կողմից ինձ փոխանցված գույքի վերաբերյալ տվյալները ինչպես նախկինում, այնպես էլ ներկայումս ամբողջությամբ արտացոլված են իմ հայտարարագրերում»,-հավելում է Կարեն Բրուտյանը:
Նշենք, որ 2017-ին Կ. Բրուտյանի եկամուտը կազմել է մոտ 13 մլն դրամ, 2016-ին՝ մոտ 8 մլն: Իսկ նշված տարիներին նրա հաշվին առկա դրամական միջոցները գրեթե նույն չափով պահպանվել են:
Դրամական միջոցների պակաս չունի նաև պաշտոնյայի կինը՝ Անի Սարգսյանը: Վերջինս 2018-ին ունեցել է 679 հազար դրամ եկամուտ, 2017-ին եկամուտ չի ունեցել, իսկ 2016-ին՝ մոտ 2 մլն դրամ:
Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, 2018-ին հայտարարագրել է 5 մլն դրամ, 35 հազար դոլար, 15 հազար եվրո: Նույն դրամական միջոցներն ունեցել է նաև 2016-2017 թվականներին: Անի Սարգսյանը 2016թ. 11 մլն 500 հազար դրամով գնել է նաև LEXUS RX 350 մակնիշի ավտոմեքենա:
«Կնոջս դրամական միջոցները և գույքը, ներառյալ հիշատակվող մեքենան գոյացել են մինչև մեր ամուսնությունը՝ ընտանեկան միջոցներից: Դրանց առաջացմանը ես մասնակցություն չեմ ունեցել, սակայն որպես փոխկապակցված անձ այդ միջոցները նույնպես հայտարարագրվել են: Եթե չեմ սխալվում, մեքենան գնվել և վաճառվել է նույն տարում, այդ իսկ պատճառով ազդեցություն չի ունեցել դրամական հոսքերի վրա»,-պարզաբանում է Կարեն Բրուտյանը:
Մեկնաբանել