HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

ԱԺ-ում քննարկվեց Երևանի քաղաքապետարանի նվեր ստացած աղբատարների հարցը

Ազգային Ժողովի այս քառօրյայի հայտարարությունների ժամին անդրադարձ եղավ Երևանի քաղաքապետարանի` տարբեր ընկերությունների կողմից որպես նվիրատվություն ստացած աղբատար մեքենաներին:

ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հիշեցրեց, որ 2017 թվականին ինքը և Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը փորձում էին ստանալ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևան» հիմնադրամի նվիրատուների ցանկը:

«Մեզ մերժեցին, այդ տեղեկությունը չտրամադրեցին, մեր խնդիրն էր պարզել` արդյոք այդ նվիրատվություններն անշահախնդիր էին, և արդյոք դրա դիմաց ընկերությունները կամ անհատները չեն ստացել արտոնություններ: Մենք դիմեցինք դատարան, և մինչ դատական տարբեր փուլերն էին, տեղի ուենցավ հեղափոխությունը, և ԱԱԾ-ն առգրավեց փաստաթղթերը, հիմնադրամը փակվեց: Այն ժամանակ, երբ մենք խոսում էինք հիմնադրամի մասին, մենք խոսում էինք գաղտնիության և դրա դիմաց ինչ-որ բան ստանալու հնարավոր փոխկապակցվածության մասին»,- ասաց Նազարյանը:

Ըստ Լենա Նազարյանի` այժմ Երևանի քաղաքապետարանի ստացած նվիրատվությունները բաց են, հասանելի, հետևաբար ճիշտ չէ դրանք դիտարկել որպես կոռուպցիոն հնարավոր գործարք:

«Մեզ հայտնի են` ովքեր են տվել և ինչ թույլտվություններ են ստացել, մենք կարող ենք հարց հնչեցնել`արդյոք այդ ընկերությունները կստանային թույլտվություն, եթե նվեր չտային: Այո, կարծում եմ` կստանային, քանի որ նրանց պահանջն օրինական է եղել»,- ասաց Լենա Նազարյանը:

Վերջինիս համոզմամբ` կոռուպցիոն գործարք կարելի է անվանել, եթե տրված թույլտվությունն անօրինական է եղել, իսկ այս պարագայում անօրինական թույլտվություններ չեն եղել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հակադարձեց. «Դուք այս ամբիոնից չէիք խոսի կամազների մասին, եթե չլիներ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը, տիկին Նազարյան, եթե դուք մատնանշում եք քաղաքապետի թափանցիկ գործելաոճը, ուզում եմ հիշեցնել, որ մենք բացահայտեցինք այդ թեման: Եթե չհրապարակեինք,  ձեզնից շատերը չէին իմանա դրա մասին»,- ասաց Սամսոնյանը:

Անի Սամսոնյանն անդրադարձավ նաև Լենա Նազարյանի և Արայիկ Հարությունյանի` Երևան հիմնադրամի նվիրատուների ցանկի բացահայտման աշխատանքներին:

«Այն, որ դուք տեսնում էիք նվիրատվությունների և շինթույլտվությունների միջև հնարավոր ռիսկեր, դուք ունեցել եք ողջամիտ կասկածներ, մենք պաշտպանել ենք ձեր կասկածները, մենք հիմա ասում ենք` հարգեք մեր ողջամիտ կասկածները այդ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ»,- ասաց Սամսոնյանը:

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանին մեքենաներ նվիրած ընկերություններից մեկը փոխկապակցված է ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի կնոջ հետ կապված ընկերությանը: Այդ ընկերությունը պատրաստվում է բնակելի համալիր կառուցել քաղաքապետարանի տրամադրած հասցեում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter