HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սեյրան Օհանյանի պաշտպանը նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն ներկայացրեց նրա վերաբերյալ գործի վարույթը կարճելու, Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Ըստ Կարեն Մեժլումյանի՝ Օհանյանի և գործով անցնող մյուս անձանց նկատմամբ քրեական հետապնդումը խտրականության դրսևորում է:

Պաշտպանը հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն ուժի մեջ է մտել 2009 թվականի մարտին, իսկ Օհանյանին վերագրվող ենթադրյալ գործողությունները կատարվել են դրանից մոտ մեկ տարի առաջ՝ 2008 թվականին: Այդ ժամանակ գործում էր Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը, որը սահմանում էր իշխանության յուրացման հանցակազմը: Ըստ Կարեն Մեժլումյանի՝ Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել մի արարքի համար, որը 2008-ին հանցագործություն չի համարվել:

Նշենք, որ 300-րդ հոդվածում 2009 թվականին փոփոխություն և լրացում է կատարվել: Ըստ պաշտպանների՝ պատճառը եղել է այն, որ հոդվածը չի համապատասխանել իրավական որոշակիության սկզբունքին: Փոփոխության արդյունքում սահմանվել է սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ 300.1 հոդվածը, որն այժմ վերագրվում է ամբաստանյալներին: Օրենսդրական փոփոխությունից հետո 2008-ին գործող 300-րդ հոդվածով մեղադրվող անձանց, որոնց թվում` նախկին պատգամավոր Ալիկ Արզումանյանի, Շանթ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ օրենքում տեղի ունեցած փոփոխության հիմքով:

Գործում ներգրավված մյուս անձանց պաշտպանները միացան միջնորդությանը: Նրանցից Միհրան Պողոսյանը դիտարկում արեց` եթե անգամ ընդունենք, որ 2008-ին ամբաստանյալները կատարել են իրենց վերագրվող արարքները, ապա 2008-ին քննվելու դեպքում նրանց արարքները պետք է որակվեին նախկին Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով, այսինքն՝ իշխանության յուրացումը: 2009-ին ինչպես մի շարք անձանց, այնպես էլ այս ամբաստանյալների նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր օրենքի՝ ուժը կորցրած լինելու հիմքով:

Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդության դեմ: Նրանցից Պետրոս Պետրոսյանը շեշտեց, որ այս հարցը գործի մինչդատական վարույթի վերահսկողության շրջանակներում բազմիցս քննարկման առարկա է դարձել, դատարանները ևս խափանման միջոցի քննության շրջանակներում անդրադարձել ու իրավական գնահատական են տվել դրան: Դատախազը նշեց, որ գործը վարույթ ընդունելիս խնդրին անդրադարձել է նաև դատավոր Աննա Դանիբեկյանն ու քրեական գործով վարույթը կարճելու հիմք չի տեսել:

«Ամբաստանյալներին մեղադրանք է առաջադրվել 2008-ի գործող օրենսդրության և հետագայում կատարված փոփոխությունների համատեքստում»,- ասաց Պետրոսյանը՝ նշելով, որ «սահմանադրական կարգ տապալելու հանցավոր արարքը» նախատեսված է եղել ինչպես 2008 թվականին, այնպես էլ 2018 թվականին գործող օրենսգրքով:

Ինչ վերաբերում է պաշտպանների այն փաստարկին, թե ամբաստանյալների նկատմամբ խտրական վերաբերմունք է դրսևորվել, քանի որ նախկինում այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, Պետրոսյանը նշեց, որ փաստական հանգամանքներով պայմանավորված՝ նրանց և այս պահին դատարանի առաջ կանգնած ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները նույնական չեն եղել:

Դատախազ Գևորգ Բաղդասարյանը նկատեց, որ Սեյրան Օհանյանի պաշտպանն իր ելույթում 10 անգամ կրկնել է, թե ամբաստանյալների նկատմամբ հին օրենքն է  կիրառվել: Հերքելով այդ հանգամանքը՝ նա նշեց, որ իրենք մշտապես ասել են, որ «սահմանադրական կարգի տապալման հանցակազմը և՛ նախկինում է եղել, և՛ հիմա:

Բաղդասարյանը նշեց, որ Կարեն Մեժլումյանի միջնորդությունը հիմնավոր չէ և ենթակա է մերժման:

Անդրադառնալով միջնորդությանը՝ տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը նկատեց, որ անձինք, որոնք նախկինում մեղադրվել են Քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածով ու որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, անմեղ են եղել:

Նշենք, որ քրեական հետապնդումն իրենց պաշտպանյալների նկատմամբ դադարեցնելու միջնորդություններ ունեն նաև գործով մյուս պաշտպանները:

Դատական նիստն այսօր հետաձգվեց: Դատավոր Աննա Դանիբեկյանը դեկտեմբերի 10-ից մեկնում է արձակուրդ, ուստի հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2020-ի  հունվարի 9-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter