HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այրվել է կաճաճկուտցի Արմեն Դալլաքյանի տունը, երեք երեխաների հագուստը և ամբողջ ունեցվածքը. ընտանիքը աջակցության կարիք ունի

Դեկտեմբերի 1-ին՝ 24:00-ի սահմաններում, կաճաճկուտցի Արմեն Դալլաքյանի տանը հրդեհ է բռնկվել: Կաճաճկուտ գյուղի վարչական ղեկավար Ռուզաննա Թամազյանը պատմեց, որ հրդեհի պահին ընտանիքը տանը չի եղել:

«Այդ գիշեր ուժեղ քամի էր և անձրև էր գալիս: Երևի աղմուկից հարևանները հրդեհի ձայները չեն լսել»,- ասաց վարչական ղեկավարը:

Արմեն Դալլաքյանի հարևան Արա Դավթյանը կեսգիշերին՝ ժամը 00:20-ի սահմաններում է իմացել հրդեհի մասին: Հայրն է նրան ասել, հետո զանգ է ստացել գյուղի մեկ այլ թաղամասից:

«Տանից դուրս եկա, տեսա տունը վառվում է: Ես շատ արագ զանգեցի շտապօգնություն, ապա հրշեջ ծառայություն, մարդիկ հնարավորինս արագ եկան: Բայց հրդեհը շատ արագ էր տարածվում: Ես իմ տան բակում ջուր ունեմ, դա ուղղեցի դեպի տուն: Իմացանք, որ ընտանիքը տանը չի, շատ ուրախացանք»,- պատմեց Արան:

Վերջինիս խոսքով՝ այդ օրը ցերեկվանից մինչև երեկոյան ժամը 22:00-ն, գյուղում հոսանքի տատանումներ են եղել: Արայի ենթադրությամբ տան հրդեհը բռնկվել է բաց էլեկտրական լարերի պատճառով:

«Ենթադրում եմ, որ այդ ամբողջ օրվա լույսի տատանումները ինչ-որ ազդեցություն են ունեցել հրդեհի բռնկման գործում»,- ասաց նա:

Կաճաճկուտում բնակիչները անհանգստացած են փայտե փտած հենասյուների վրա ամրացված բաց էլեկտրալարերի համար: Արա Դավթյանի խոսքով՝ Կաճաճկուտը սպասարկող էլեկտրիկը այդ վտանգների մասին տեղյակ է, գյուղացիները բազմիցս զգուշացրել են նրան: Արայի խոսքով՝ երկու տարի է՝ հրդեհված բնակարանից 50 մետր ներքև գտնվող փայտե էլեկտրական հենասյունը վթարային վիճակում է:

Ըստ Արայի՝ «Հայատանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի Թումանյանի մասնաճյուղը պարտավոր է սողանքային գյուղում ապահովել էլեկտրաէներգիայի սպասարկման անվտանգությունը:

«Վարձերը ուզելիս չեն հանդուժում մեկ վայրկյան ուշացնելը, բայց այս հենասյունը կարող է գիշերն էլ ընկնել և նոր հրդեհի պատճառ դառնալ: Ընկնելիս փայտե կոտրած հենասյունը կարող է ընկնել հարևան այգու խոտի դեզի վրա: Այդ դեպքում նոր հրդեհը իր ծանր հետևանքներով անխուսափելի կլինի»,- ցույց տալով վթարային հենասյունը՝ ասաց Արա Դավթյանը:

Ռուզաննա Թամազյանը պատմեց, որ այրված տունը հին է եղել և երբևէ չի վերանորոգվել: Հրդեհի հետևանքով այրվել են տան ամբողջ իրերը: Տուժողները սոցիալապես անապահով են: Արմենը և կինը՝ Երազիկը, վերջին տարիներին գնացել են Սարչապետ և Կողբ գյուղերում անասուն են պահել, որ իրենց անչափահաս երեխաներին կերակրեն:

Տունը գնել են 2017թ.-ին: Այս տարի ընտանիքում ծնվել է 3-րդ երեխան: «Երևի 1-2 ամսական կլինի: Երեխայի համար 500 հազար գումար էին ստացել պետությունից»,- պատմեց Ռուզաննան:

Այրված տան մոտ առաջինը հանդիպեցինք Արմենի որդիներին՝ 10-ամյա Ռոբերտին և 8-ամյա Ռոմանին: Ռոմանը հողաթափերով էր: Ասաց՝ կոշիկները այրվել են: Մայրը՝ Երազիկ Մելիքսեթյանը, պատմեց, որ դեկտեմբերի 1-ի առավոտյան նորածին երեխային լողացրել, հետո շորերը լվացել է: Երեխայի շորերը չի արդուկել, այդպես էլ մնացել են: Դուրս գնալիս անջատված է եղել հեռուստացույցը և սառնարանը: Մարել է նաև վառարանի կրակը:

Արմենին հրդեհի մասին կեսգիշերին հեռախոսով հայտնել են հարևանները. «Մինչև եկանք, տան պատերն էին մնացել: Փոքր երեխուս փողը բանկից ստացել էինք, 500 հազար դրամ էրդա տանն է եղել, ամբողջ ունեցվածքիս հետ փողը նույնպես վառվել է»,-  ասաց Արմենը Դալլաքյանը:

Երազիկի ասելով՝ վառվել են նաև իրենց ամբողջ փաստաթղթերը. «Էսօր մեր ունեցվածքից մենակ մեր հագի շորերն են մնացել: 500 հազար դրամը պահում էինք, որ գարնանը տուֆ բերեն, տունը վերանորոգեն»,- ասաց նա

Արմենը չի աշխատում, երկու գլուխ անասուն է պահում, դրանով է երեխաներին կերակրում: Հրդեհից հետո ընտանիքը տեղափոխվել է Արմենի հոր տուն, որտեղ ապրում է նաև եղբոր ընտանիքը: Հայրական ընտանիքը նույնպես սոցիալապես անապահով է:

«Հորս և մորս տանն ենք մնում, բայց էնտեղ էլ մեր 5 անձով հնար չկա ապրելու»,- ասաց Արմենը:

Վարչական ղեկավար Ռուզաննա Թամազյանը պատմեց, որ ընտանիքը նաև վարկային պարտքեր ունի: Մի քանի օր առաջ վարկի տեղեկանք է տվել: Վարչական ղեկավարի խոսքով՝ ամբողջ Կաճաճկուտը պատրաստ է օգնել Արմեն Դալլաքյանի ընտանիքին, սակայն սողանքային գյուղում ապրող կաճաճկուտցիներն էլ առանձնապես ունևոր չեն:

Վարչական ղեկավար Ռ. Թամազյանը հրդեհից տուժած ընտանիքի ծանր վիճակի մասին անմիջապես տեղյակ է պահել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և ԱԺ պատգամավոր Արեն Մկրտչյանին: Պատգամավորի միջնորդությամբ՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն խոստացել է Արմեն Դալլաքյանի ընտանիքի համար Կաճաճկուտում նոր բնակարան գնել:

Ընտանիքը այս պահին նաև սննդամթերքի և հագուստի կարիք ունի:

Մեկնաբանություններ (3)

Հետք
Ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգել Կաճաճկուտի վարչական ղեկավար Ռուզաննա Թամազյանին՝ 099 867867:
Վոլոդյա Հովսեփյան
Արմենի մոր՝ Ազնիվի հեռախոսահամարն ունեմ՝ 094 24 72 07։ Ազնիվ, խելոք մարդիկ են։ Ծանոթացել եմ Լալվար լեռ բարձրանալիս, հասնող մարդիկ են։
Արմինե
Իսկ ինչպես կարող ենք օգնել ընտանիքին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter