HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երիտասարդություն` տարբեր հերոսներով ու հետաքրքրություններով

Հայաստան-Ադրբեջան - 2011. կարծիքներ ու մեկնաբանություններ    

Հայաստանի եւ Ադրբեջանի երիտասարդության մասին են ստորեւ ներկայացվող հարցազրույցները: Հայաստանի եւ Ադրբեջանի այսօրվա իրականություններն իրենց ամբողջության մեջ ուրվագծող մեր հարցումները (20 թեմաներով 40 տարբեր մասնագետների հետ զույգ հարցազրույցների շարք) «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի եւ Ադրբեջանում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի համատեղ ծրագրի մեկ բաժինն են: Ծրագրին աջակցում են Հայաստանում եւ Ադրբեջանում Բրիտանիայի դեսպանատները: Հարցազրույցները միաժամանակ տպագրվում են «Հետք» եւ Ադրբեջանում «Նովոյե Վրեմյա» թերթերում: Ադրբեջանում հարցազրույցներն անց է կացնում Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն 

Հարցազրույց բլոգեր Տիգրան Քոչարյանի հետ

- Ի՞նչ առանձնահատկություններ են առավելապես բնորոշում Հայաստանի ներկայիս երիտասարդությանը:

- Հայաստանի ներկա երիտասարդության 80%-ից ավելին, իմ տպավորությամբ, ոչնչով չի տարբերվում հետխորհրդային մյուս երկրների երիտասարդությունից: Պահվածքի, նախապատվությունների, հագուստի ընտրության հարցերում հետեւում են սերիալներին, ֆիլմերին: Իմ արտասահմանցի ընկերները Երեւանում աղջիկների են մոտեցել` մտածելով, որ մարմնավաճառներ են: Նրանց երկարաճիտ կոշիկները թյուրիմացության մեջ էին գցել ընկերներիս, հետո խնդիրներ են եղել ոստիկանության հետ: Արժեքներն էլ են փոխվել, սպառողական անհագ ցանկությունը նույնպես ներթափանցել է Հայաստան: Շոփինգը դարձել է հայ կնոջ եւ աղջկա օրվա բաղկացուցիչը. աննպատակ առեւտուր են անում: Ծանոթներիս հետ զրուցելիս փորձում եմ պարզել այդքան հաճախ ու շատ գնումներ անելու պատճառը, պատասխանում են, որ պարզապես տեսել եւ ուզել են: Նաեւ մի քիչ աշխարհայացքն է փոխվել, հերոսներն են փոխվել. «շնորհակալություն» մեր սերիալներին: Երիտասարդն ուզում է սերիալի հերոսի պես ազդեցիկ ու հարգված մարդ դառնալ: Բանդիտներին այդ լույսի տակ ներկայացնելու արդյունքը թողեց իր տխուր ազդեցությունը: Տղաներն արդեն մտածում են, որ 30 տարեկանը վաղ է ամուսնանալու համար, աղջիկները նույնպես չեն շտապում:

Մյուս 20%-ը ակտիվ է, ավելի շատ ուշադրություն է դարձնում ազգային արժեքներին, գիտելիքների ձեռքբերմանը: Այս խմբի երիտասարդները սիրում են իրենց հայրենիքը, անտարբեր չեն: Քաղաքացիական ակտիվություն են ցուցաբերում, տարբեր խմբերի մեջ են, սկսում են աշխատել, որ ինչ-որ ժամանակ անց ունենան ազդեցության լծակներ, կարողանան երկրի համար օգտակար լինել: Միշտ ակտիվ է հասարակության փոքր մասը, որը շարժիչ ուժ է մնացածի համար: Երիտասարդության մեջ էլ կա այդ ակտիվ հատվածը, եւ այն վերջերս սկսել է մեծանալ: Ակտիվների քանակն ավելանում է, որովհետեւ փոխվում է սերունդը, որն աշխարհում տեղի ունեցող փոփոխություններից անմասն չի մնում: Ես չեմ կարող բացատրել, թե ի՞նչն է մղում երիտասարդներին քաղաքացիական ակտիվություն ցուցաբերելու, բայց այդպիսիք միանշանակ կան: Համացանցում էլ երիտասարդները բաժանվում են 80/20 հարաբերակցությամբ: Մեծ մասն «Ադնակ

լասնիկ» ցանցում է, իսկ ավելի լուրջ ցանցերում, բլոգներում ու սայթերում այն երիտասարդներն են, որոնք ակտիվ են քաղաքացիական դաշտում: «Ադնակլասնիկ»-ի եւ «Ֆեյսբուք»-ի երիտասարդները չեն հաղորդակցվում միմյանց հետ, ինչպես կյանքում է, այնպես էլ` համացանցում: Նրանց նախապատվություններն ու պատկերացումները տարբեր են: Դա է պատճառը, որ հատկապես նախագահական կամ պատգամավորական ընտրությունների ժամանակ շատ ցավոտ է լինում նրանց «հանդիպումը», որովհետեւ 20%-ը միշտ զարմացած է 80%-ի պահվածքի ու ընտրության վրա. փոքրամասնությունը պարփակված է իր շփման շրջանակներում ու, արհամարհելով ցածրորակ սերիալները, զուտ զվարճանքի ու ծանոթությունների ցանցերը, չի կարող հասկանալ 80%-ի ընտրության դրդապատճառները:

Այդ 20% երիտասարդությունը մտածում է, որ էլիտան մտավորականներն ու արվեստագետներն են, 80%-ը համոզված է, որ էլիտան թանկարժեք մեքենաներ քշող մարդիկ են: Լուրջ սոցիալական ցանցերի երիտասարդներն ունեն բարձրագույն կրթություն, բացի ռուսերենից գիտեն եւս մեկ օտար լեզու: Այն, ինչ հետաքրքիր է այդ երիտասարդության համար, կարող է ընդհանրապես պետք չլինի մնացածներին:

- Ինչպիսի՞ն է երիտասարդության քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը:

- Քաղաքական ակտիվությունը մեծ է: Երիտասարդը չի խոսի Վան Գոգի մասին, բայց հաստատ կունենա իր կարծիքը քաղաքական այս կամ այն գործչի մասին: Քաղաքական ակտիվությունն ավելի մեծ է, քան քաղաքացիականը: Ակտիվ երիտասարդությունը մտածում է, վերլուծում, ոչ ակտիվ հատվածը` թաղային հեղինակությունների կամ այլ միջնորդների միջոցով մեխանիկորեն անդամագրվում է այս կամ այն կուսակցությանը: Ամեն դեպքում քաղաքականության մեջ երիտասարդություն կա: Քաղաքացիական ակտիվությունն ավելի կամավոր դրսեւորում ունի: Քաղաքացիական ոլորտում ավելի հեշտ է, որովհետեւ պատասխանատվությունն է քիչ: Օրինակ` մի քաղաքացիական խումբ դեմ էր օտարալեզու դպրոցների բացմանը, բայց ավելի պատասխանատու է նախարարը, որը սկսեց օտարալեզու դպրոցներ բացելու նախաձեռնությունը: Նախարարն է որոշում կայացնողը, եւ այն կարող է հետագայում վատ ազդեցություն ունենալ: Իսկ քաղաքացիական խումբը պատասխանատվություն չի կրում իր պայքարի համար: Միեւնույն ժամանակ շատ ավելի պատասխանատու գործ լինելով` քաղաքական ակտիվությունն ավելի մեծ զանգվածների է ներգրավում, քան քաղաքացիականը: Իմ կարծիքով` պատճառն այն է, որ մարդիկ շատ շուտ արդյունք են ուզում, ուզում են 1-2 տարվա ընթացքում պաշտոն ունենալ կամ գոնե` որոշումների կայացման վրա ազդեցության լծակներ: Քաղաքական ու քաղաքացիական ակտիվության տիրույթները երբեմն համընկնում են, որովհետեւ քաղաքացիական շարժումն իր բնույթով բողոքի ակցիա է, իսկ ընդդիմադիր ուժերը միշտ մտածում են, որ բողոքի միջավայրը շատ լավ միջոց է ինքնադրսեւորման համար: Պետք է զգույշ լինել եւ ամեն կերպ ապաքաղաքականացնել քաղաքացիական շարժումները:

- Ի՞նչ կարելի է ասել երիտասարդության զբաղվածության մասին, այսօր կա՞ն երիտասարդների աշխատանքի տեղավորման խնդիրներով զբաղվող կառույցներ:

- Ես չգիտեմ` կա՞ն երիտասարդության հարցերով զբաղվող կառույցներ: Չգիտեմ անգամ` ընդունեցի՞ն երիտասարդության մասին օրենքը, թե՞ ոչ:

Մեր երիտասարդության խնդիրները, որոնք հետագայում կուտակվում են կրթության եւ զբաղվածության ոլորտներում, գալիս են ընտանիքից: Ընտանիքը շատ սխալ ուղղություն է տալիս երիտասարդին: Մարդիկ մոդայիկ մասնագիտություններ են ընտրում: Երիտասարդներն ուզում են միանգամից ու շատ, բայց այդպես լինում է կամ` եթե շատ տաղանդավոր ես, կամ` ունես հովանավոր: Մարդիկ ավարտում են ու զարմանում, թե ինչո՞ւ գործ չկա: Բայց ի՞նչ են նրանք անում 5-6 տարի սովորելու ընթացքում: Արդյո՞ք ուսումնասիրում են շուկան, կամ մասնակցո՞ւմ են լրացուցիչ դասընթացների, փորձո՞ւմ են կրթությանը զուգահեռ աշխատել ինչ-որ տեղ` փորձ ձեռքբերելու համար: Տարիները վատնում են չսովորելու վրա, հետո կանգնում փաստի առաջ` աշխատանք չեն գտնում: Այսպիսի երիտասարդները սկսում են բողոքել, հետո կամ հեռանում են Հայաստանից, կամ` անգործ մնում:

- Ինչո՞վ է տարբերվում գյուղական երիտասարդությունը քաղաքայինից, ազատ ժամանակն անցկացնելու ի՞նչ հնարավորություններ ունի մեր երիտասարդությունը:

- Հայաստանը դարձել է սեգմենտավորված երկիր: Վարորդը չի հասկանում հետիոտնի ուզածը, պետական աշխատողներն իրենց աշխարհն ունեն, գողական մարդիկ` իրենցը, ինտերնետում էլ մարդիկ մեկ այլ աշխարհից են: Անձնական ավտոմեքենա ունեցողը չի հասկանում, թե ինչու են մարդիկ բողոքում երթուղայիններից: 5-րդ հարկի բնակչին հնարավոր չէ բացատրել, թե ինչու է պետք իրենց 12 հարկանի շենքի տանիքի նորոգումը: Առաջին հարկի բնակիչը երբեք վերելակի վերանորոգման համար գումար չի տա, ինչպես վերեւի հարկում ապրողը` աղբահանության համար: Երիտասարդությունն էլ նույն տրամաբանությամբ է գործում: Գյուղական երիտասարդությունն իր ձեւով է առանձնացված, քաղաքայինն` իր: Տարբերությունները պայմանավորված են կյանքի պայմանների, քաղաքային ու գյուղական միջավայրերի տարբերությամբ: Գյուղական համայնքի երիտասարդն, ի տարբերություն քաղաքաբնակ հասակակցի, միշտ ներգրավված է աշխատանքի մեջ, որովհետեւ չի կարող անմասն մնալ այն պարտավորություններից, որ դրված են նրա ընտանիքի վրա: Մինչդեռ քաղաքաբնակ երիտասարդը կարող է կամավոր կամ ակամա մատնվել պարապուրդի: Շատ ավելի բարդ է փոքր քաղաքների երիտասարդության զբաղվածության հարցը, որովհետեւ այնտեղ չկա ոչ արտադրություն, ոչ էլ գյուղատնտեսություն: Այս երիտասարդները ձգտում են գալ Երեւան, քանի որ մայրաքաղաքում գործ գտնելն ավելի հավանական է: Հակառակ տրամաբանություն չեմ նկատել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter