HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Փախուստ «բանտից»․ վիճակագրություն

Վերջին 10 տարվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պահվող ազատությունից զրկված անձանց կողմից գրանցվել է փախուստ և փախուստի փորձ կատարելու 42 դեպք, որոնցից կեսը՝ 21-ը, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում։ 18-ի դեպքում փախուստը հաջողվել է, 24-ի դեպքում եղել է փորձ։ Փախուստ և փախուստի փորձ կատարելու համար հիմնականում հարուցվել են քրեական գործեր, որոնք ուղարկվել են դատարան՝ քննության։

«Հետքը» ուսումնասիրել է 2010-2019 թթ. քրեակատարողական հիմնարկներից եւ ազատազրկվածներին պահելու վայրերից փախուստ եւ փախուստի փորձ կատարած անձանց դատական գործերը՝ վեր հանել փախուստի պատճառները, նպատակը, միջոցը, ինչպես նաեւ փախուստ կատարելու վայրը եւ գրանցված ժամը։

Գլխավոր դատախազությունից «Հետք»-ին տրամադրած տվյալների համաձայն՝ 2010-2019 թթ.-ին Հայաստանի քրեակատարողական հիմնարկներից փախուստ եւ փախուստի փորձ կատարած անձանց վերաբերյալ դատարան է ուղարկվել 41 քրեական գործ՝ 52 ամբաստանյալների ներգրավմամբ, որոնց մեջ ներգրավված են եղել 16 դատապարտյալ, 5 ցմահ դատապարտյալ, 5 ձերբակալված և 26 կալանավոր։ 

10 տարում փախուստի դեպքով՝ 41 քրեական գործ

10 տարվա ընթացքում փախուստի գործով դատարանում քննվող ամենաշատ դեպքերը գրանցվել են դատարանից՝ 10 գործ, երբ իրենց քրեական գործով հերթական դատական նիստից առաջ կամ հետո կալանավորները փախել են կամ կատարել են փորձ։

Բժշկական կենտրոններից փախուստ կամ փախուստի փորձ կատարելու մեղադրանքով դատարան է ուղարկվել 6 գործ, իսկ 7 գործ՝ ձերբակալվածներին պահելու վայրից եւ քննիչի սենյակից։ Քրեակատարողական հիմնարկներից ամենաշատ փախուստ և փախուստի փորձ է գրանցվել «Նուբարաշենում», այս հիմնարկից փախուստի կամ փախուստի փորձ կատարելու մեղադրանքով դատարանում քննվել է 7 գործ։ 

escape_by year.png (90 KB)

Գդալով, խողովակներով փորված պատեր, սավաններից գործած պարաններ, ինչ հնարքներ ասես կիրառում են ազատությունից զրկվածները ազատության մեջ գտնվելու համար։ Նրանց նույնիսկ հետ չեն կանգնեցնում կալանավայրի տարածքով մեկ անցկացված փշալարը, բարձր եւ հաստ պատերը, պատուհանների երկաթե ճաղավանդակները, զինված հսկիչները։

Վերջին 4 տարիների ընթացքում Հայաստանի բանտերից փախուստ եւ փախուստի փորձ կատարելու դեպքով դատարան է ուղարկվել տարեկան միջինում 3 գործ։ 

Կալանավորներն ավելի շատ են փախուստի դիմում

Փախուստ կամ փախուստի փորձ կատարած անձանց կեսը կալանավորներ են, նրանք դիմում են փախուստի ազատազրկման առաջին երեք տարում։ Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ  փախուստ կամ փախուստի փորձ կատարած անձինք դեպքի ժամանակ հիմնականում եղել են 18-30 տարեկան։

Փախուստ կատարած անձանց 50%-ը կալանավորներ են

escape_by_age_type.jpg (78 KB)

Բացի հինգ գործից, որոնք դեռեւս դատաքննության փուլում են, մնացածի դեպքում առկա են դատական որոշումներ։

Փախու՞ստ, թե՞ ինքնապաշտպանություն

Փախուստ կամ փախուստի փորձ կատարած անձինք տարբեր հոդվածներով մեղադրվող դատապարտյալներ կամ կալանավորներ են։ Հիմնականում դատապարտվել են գողության, ավազակային հարձակման, թմրանյութերի առք ու վաճառքի, մաքսանենգության, բռնության և նաև սպանության հոդվածներով։

Ամբաստանյալ Տիգրան Եղիազարյանը մեղադրվում է ավազակային հարձակման համար, այդ պատճառով գտնվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, որտեղից կատարած փախուստի փորձի համար առաջադրվել է նոր մեղադրանք։ Ըստ Եղիազարյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի՝ Եղիազարյանը ոչ թե կատարել է փախուստի փորձ, այլ դա եղել է ինքնապաշտպանություն։ Քրեական գործի նյութերի մեջ նշված է, որ Եղիազարյանը փախուստի փորձ է կատարել 2018-ի օգոստոսի 18-ին՝ գիշերը ժամը 03։00-ի սահմանում։ Վերջինս դուրս է եկել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքի 8-րդ խցից՝ անհայտ եղանակով բացելով խցի դուռը, բայց նույն հարկից չի հեռացել։ Փաստաբանը պնդում է, որ դեպքից մի քանի օր առաջ իր պաշտպանյալին ծեծել են, իսկ խցից դուրս գալու նպատակը բռնությունից խուսափելն է եղել։

«Նա հարկից դուրս չի եկել, ապակիներն է կոտրել, լցրել ամանների մեջ, անվտանգության գոտի ստեղծել, որ իրեն չմոտենան։ Եթե ինքը փակում է դեպի իր մոտ տանող ճանապարհը, ապա փախուստ չի կարող լինել։ Նա փակել է, որպեսզի ուրիշները ներս չգան»,- պատմում է փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը։ 

Փախուստի դեպքերը և փորձերը հիմնականում գրանցվել են ցերեկային ժամերին

escape_time.jpg (114 KB)

Ամենաբազմամարդ փախուստի փորձը

Լինում են նաեւ խմբային փախուստներ և փախուստի փորձեր։

2018-2019թթ. գրանցված 5 դեպքից 2-ում տեղի է ունեցել խմբակային փախուստի փորձ, 2018-ի ապրիլին գրանցվել է ամենաբազմամարդ փախուստի փորձը` 8 ազատությունից զրկվածներ փախուստի փորձ են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Ընդ որում, փախուստի փորձ կատարողները եղել են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ։ Պատճառը «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պահման պայմաններն են։ Դատական նիստերից մեկի ժամանակ ամբաստանյալ Բեհզադ Հուսեյնին, բողոքելով պայմաններից, նշել է․ «Նույնիսկ կենդանիներին այդպես չեն պահում»։

escape_by_time.jpg (105 KB)

Ըստ այս քրեական գործի նյութերի՝ 2018թ․-ի ապրիլի 25-ին՝ ժամը 15-ի սահմաններում, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի 008 խցից 11 կալանավորված անձի և դատապարտյալների քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ Արտակ Եղիազարյանն ուղեկցել է 6-րդ մասնաշենքի զբոսախուց:

Զբոսախուց տեղափոխելու ժամանակ քաշել են ուղեկցողի վերնաշապիկից, սեղմել պատին, վերցրել խցերի բանալիները, ապա զբոսախցից դուրս գալուց հետո բացել են 6-րդ մասնաշենքի 015, 0014, 0013, 0012, 0010, 009 խցերի դռները՝ իրենց հետ փախուստի դիմելու կոչ արել կալանավորված օտարերկրյա քաղաքացիներին:

Փախուստ կատարելու համար պատճառները տարբեր են. ոմանք, ըստ իրենց՝ արդարությունը վերականգնելու համար են փախուստի դիմում։ Օրինակ՝ 2009թ.-ին Մհեր Ենոքյանը եւ Սողոմոն Քոչարյանն իրենց կատարած 2-րդ փախուստի համար որպես պատճառ նշում էին քրեական գործերի վերանայումը։ «Մեր փախուստները յուրօրինակ ակցիաներ էին ռեժիմի դեմ: Դրանք այդ պահին միակ միջոցն էին՝ բարձրաձայնելու մեր անարդար դատապարտումների մասին, ԶԼՄ-ների և հասարակության ուշադրությունը հրավիրելու թե՛ մեր ճակատագրերին և թե՛ Հայաստանում մահապատիժ-ցմահ ազատազրկման խնդրին: Դա էր այդ իրավիճակում մեր միակ արդյունավետ պայքարի միջոցը»,- գրել էր Ենոքյանը:

Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ փախուստի պատճառ կարող են դառնալ նաև ՔԿՀ-ի պայմանները, նոր ապացույցների հետազոտումը, մոր հուղարկավորությունը կամ երեխայի հարսանիքը։ Փախուստ կատարելու համար ազատությունից զրկվածները դիմում են տարբեր հնարքների՝ բռնությունից մինչեւ կերպարանափոխության։

Տիգրան Երանոսյանը 2014թ․-ին փախուստի փորձ է կատարել «Սևան» ՔԿՀ-ից, ցանկացել է մասնակցել աղջկա հարսանիքին, նպատակի համար դիմել է խորամանկության։ Տիգրանը կարճատև տեսակցության եկած երկվորյակ եղբոր՝ Վարդան Երանոսյանի հետ, փոխվել է հագուստներով, ապա Վարդանի փոխարեն միացել մյուս եղբորը, ով նույնպես տեսակցելու էր եկել։ Տիգրան Երանոսյանը հսկիչ անցագրային կետում վերցրել է եղբոր անձնագիրը և դուրս եկել հիմնարկի վարչական տարածք, իսկ Վարդան Երանոսյանը՝ որպես Տիգրան Երանոսյան, գնացել է ՔԿՀ-ի դատապարտյալների բնակելի գոտի: Հանցագործությունը ավարտին չի հասցվել, եղբայրները չեն կարողացել նպատակն իրականացնել։ 

Փախուստի պատճառ կարող է դառնալ նաեւ խցակցի ցանկությունը կամ պարտադրանքը

Փայլակ Մարտիրոսյանը և Էդգար Վարագյանը փախուստի փորձ են կատարել «Նուբարաշենի» բանտից 2018-ի դեկտեմբերի 6-ին։ Փայլակ Մարտիրոսյանի փաստաբան Կարեն Մկրտչյանը պնդում է՝ իր պաշտպանյալը փախուստի փորձ է կատարել խցակցի դրդմամբ՝ հավելելով, որ Մարտիրոսյանը փախուստի փորձից մի քանի օր առաջ ծնողներից խնդրել է ուղարկել հիգիենայի պարագաներ, հագուստ։ Ըստ գործի նյութերի՝ փախուստի փորձը կատարելու համար նրանք քանդել են խցի պատը և դուրս եկել շենքից՝ հասնելով 2-րդ արգելապատնեշին։ Խցից հայտնաբերել են երկաթե խողովակով փորված պատ, փոսը փակված է եղել նրբատախտակով։

Ըստ Կարեն Մկրտչյանի՝ Էդգար Վարագյանն իր պաշտպանյալի պարանոցին հենել է զենք՝ նրան ստիպելով դուրս գալ իր հետ։ Քաշքշուկի ընթացքում պարզվել է՝ զենքը եղել է հացի խմորից։

Մեքսիկայում, Գերմանիայում և Ավստրիայում բանտից ոչ բռնի փախուստ կատարելը չի ​​պատժվում օրենքով, այս երկրներում բանտից ոչ բռնի փախուստ կատարելը համարվում է մարդու բնական ցանկություն, սակայն փախուստի ընթացքում կատարած ցանկացած հանցանք պատժելի է։ Հայաստանում փախուստ կամ փախուստի փորձ կատարած դատապարտյալներին և կալանավորներին մեղադրանք է առաջադրվում Քրեական օրենսգրքի 355 և 34-355 հոդվածներով՝ փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից, պատժվում է ազատազրկմամբ՝ 3-8 տարի ժամկետով։

Փախուստ կատարելու համար կիրառված հնարքները տարբեր են, ամենից շատ կիրառվող գործիքներն են սավանից գործած պարան, գդալներ, բահ, պլաստմասսա, երկաթե կտորներ։

Լինում են դեպքեր, երբ մեղադրանք է առաջադրվում ոչ միայն փախուստ կատարողին, այլեւ նրան ուղեկցող անձանց՝ պաշտոնական դիրքի չարաշահման համար։

ՔԿՀ-ների անվտանգության բարելավման եւ ապահովման համար տարբեր ծրագրեր են իրականացվում։ Օրինակ՝ հոկտեմբերի 10-ին Կառավարությունը քրեակատարողական հիմնարկների անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով 252 միլիոն դրամ հատկացրեց, սակայն անազատության մեջ գտնվող անձինք գտնում են փախուստ կատարելու հարմար պահը։

Մենք հարցում էինք ուղարկել ԱՆ քրեակատարողական ծառայություն՝ նպատակ ունենալով ճշտել, թե ինչ աշխատանքներ են տարվում ՔԿՀ-ներում անվտանգության ապահովման համար։

«Քրեակատարողական հիմնարկների անվտանգության պատշաճ ապահովման նախապայմաններից է ինժեներատեխնիակական սարքավորումների և մասնագիտացված միավորների համալրվածությունը։ Այս ուղղությամբ իրականացվում են աշխատանքներ։ ՔԿՀ-երի անվտանգության և պահպանության ապահովման ստորաբաժանումների աշխատակիցներն անցնում են հատուկ ուսուցում և վերապատրաստման դասընթացներ։ Ձեռք է բերվում անհրաժեշտ տեխնիկա (մետաղորսիչ սարքեր, դյուրակիր ռադիոկայաններ, ձեռնաշղթաներ, հանձնուքների և փաթեթների ռենտգեն ստուգման սարքավորում, ահազանգման համակարգեր)»,- մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է ԱՆ քրեակատարողական ծառայության շտաբի պետ, փոխգնդապետ Ռուբեն Դարբինյանը՝ նշելով նաև գնված սարքավորումների անունները։

escape_by_institution.jpg (118 KB)

Փաստաբան Ռոբերտ Ռևազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ փախուստի պատճառները տարբեր կարող են լինել․ «Հաճախ հանդիպում են ազատությունից զրկվածներ, որոնք չեն կարողանում համակերպվել պատժի հետ. պատիժը անօրինական է եղել, չեն կարողացել համակերպվել քրեակատարողական հիմնարկի պահման պայմանների հետ կամ մեղադրանքի հոդվածների հետ»։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից առավել շատ փախուստ և փախուստի փորձ կատարելու վերաբերյալ իրավապաշտպանն ասում է, որ այնտեղ ավելի շատ կալանավորվածներն են, որոնց վերաբերյալ գործերը դեռևս նախաքննության փուլում են, չկա օրինական դատական ակտ։ Իսկ մյուս պատճառն, ըստ նրա, «Նուբարաշենի» պահման պայմաններն են, որոնք մյուս ՔԿՀ-ների հետ համեմատ, ամենից վատն են։ 

 

Ինֆոգրաֆիկան՝ Անի Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Անի Սարգսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter