HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը հաստատեց նախագիծ, ըստ որի՝ Հայաստանում գործող բոլոր ՀԿ-ները պետք է հրապարակեն տարեկան հաշվետվություն

Կառավարությունը հաստատեց Պետական եկամուտների կոմիտեի առաջարկած փոփոխությունը, որով Հայաստանում գործող բոլոր հասարակական կազմակերպությունները (ՀԿ) պետք է հրապարակեն տարեկան հաշվետվություն։ ՀԿ-ները պետք է ներկայացնեն, թե իրենց միջոցները որտեղից են ստացել։ Այս փոփոխությունը ուժի մեջ կմտնի, երբ այն կհաստատի Ազգային ժողովը։

«Հասարակության մոտ պետք է առավելագույնս հասցվի հասարակական կազմակերպությունների հաշվետվողականության և թափանցիկության խնդիրը։ Հանրային միջոցներ ստացող հասարակական կազմակերպությունները պետք է բացահայտեն այն ծրագրերը, որոնց շրջանակներում ստացել են ֆինանսավորումներ՝ նշելով աղբյուրները, իսկ ոչ հանրային միջոցներ ստացող կամ ստացած կազմակերպությունները պետք է բացահայտեն միայն այն ծրագրերը, որի շրջանակներում ստացել են այդ ֆինանսավորումները կամ դրամական միջոցները՝ առանց հրապարակելու աղբյուրները»,-Կառավարության նիստին հայտնեց Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Դավիթ Անանյանը։

Նա ընդգծեց, որ այս փոփոխությամբ հանրային միջոցներ ստացող ՀԿ-ները լինելու են առավելագույնս թափանցիկ՝ բացահայտելով դրամական միջոցները կամ գույքային մուտքերի աղբյուրները, իսկ ոչ հանրային մուտքեր ունեցող ՀԿ-ները կսահմանափակվեն միայն ծրագրերի և ընդհանուր գումարային մեծությունների բացահայտմամբ։

Նշենք, որ գործող կարգավորմամբ ՀԿ-ն պարտավոր է յուրաքանչյուր տարի հրապարակել իր գործունեության վերաբերյալ հաշվետվություն, եթե կազմակերպության գույքի ստացման աղբյուր են հանդիսացել հանրային միջոցները (պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների և այլ հանրային միջոցներ տնօրինող մարմնի կամ իրավաբանական անձի միջոցները):

ՊԵԿ-ը այս փոփոխության համար հիմք է ընդունել Ֆինանսական միջոցառումների աշխատանքային խմբի (ՖԱԹՖ) հանձնարարականը, որով երկրները պետք է ունենան հստակ քաղաքականություններ բոլոր շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների կառավարման և ղեկավարման թափանցիկությունը, ամբողջականությունն ու դրանց նկատմամբ հանրային վստահությունը խթանելու համար:

«Ստացվում է, որ այն կազմակերպությունները, որոնց գույքի ստացման աղբյուր չեն հանդիսացել հանրային միջոցները, հաշվետվություն հրապարակելու պարտավորություն չունեն և արդյունքում բացակայում է հանրային հաշվետվողականությունը»,- Կառավարության անդամներին հայտնեց Դավիթ Անանյանը։

Այս նախագծով նախատեսվում է նաև դրույթ, որով ՀԿ-ների կամավորների և անդամների թիվի վերաբերյալ տվյալները պետք է ներկայացնեն տարեվերջի, ոչ թե տարեսկզբի դրությամբ։ «Պետք է բացահայտվի այն կամավորի թիվը, ում աշխատանքի տևողությունը գերազանցում է շաբաթական 20 ժամը, և կազմակերպությունը կամավորների հետ կնքում է կամավոր աշխատանքի մասին պայմանագիր»,- գործադիր ներկայացված որոշման նախագծում նշել էր ՊԵԿ-ը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter