HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործը քննող դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացվեց

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մխիթար Պապոյանի, քիչ առաջ սկսվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով վերաքննիչ բողոքի քննությունը: Նիստի մեկնարկին մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Մխիթար Պապոյանին, որին միացան գործով մյուս դատախազ Պետրոս Պետրոսյանը, տուժող կողմն ու նրանց փաստաբաններ Սեդա Սաֆարյանը, Արա Ղարագյոզյանը:

Բաղդասարյանը, հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթում եղած հրապարակմանը, հիշեցրեց՝ 2019-ի մայիսի 21-ին դատավորի աշխատակազմից հայտնել են, որ Պապոյանը հանցագործության մասին հաղորդում է տվել:

Պատճառն, ըստ հրապարակման, եղել է այն, որ 2019 թվի մայիսի 20-ին, «Facebook» սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում հետևյալ վերտառությամբ հրապարակում է տեղադրել. «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման որոշումը»:

Նշենք, որ այս հրապարկման մեջ խոսվում է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ դատարանի երեք դատավորներ, որոնց թվում՝ Մխիթար Պապոյանը: Վերջինս հայտնել է, որ հրապարակումն ամբողջությամբ սուտ է:

Տուժող կողմի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն էլ նշեց, որ դատավոր Մխիթար Պապոյանն ընկերական հարաբերություններ ունի Քոչարյանին մոտ մեկ տարի առաջ կալանքից անձեռնմխելիության հիմքով ազատ արձակած դատավոր Ալեքսանդր Ազարյանի հետ: Մխիթար Պապոյանը պարզաբանեց, որ դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը չի նշանակում, որ ինքը չի կարող չհամաձայնել նրա կայացրած որևէ դատական ակտի հետ: Պապոյանն ի գիտություն նշեց, որ այն ժամանակ, երբ Ալեքսանդր Ազարյանը դեռևս առաջին ատյանի դատարանի դատավոր էր, ինքը՝ որպես Վերաքննիչ դատարանի դատավոր, բեկանել է նրա կողմից կայացված դատական ակտերը՝ չհամաձայնելով դրանց հետ:

Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկելով՝ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ ներկայացված միջնորդության հիմքում դրված հանգամանքը ոչ թե պատճառ, այլ պատրվակ է՝ Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար:

Ըստ Հայկ Ալումյանի՝ սա միջնորդություն է՝ գործը դատավոր Արմեն Դանիելյանին փոխանցելու վերաբերյալ: Նշենք, որ Դանիելյանն այն դատավորն է, որը բեկանել է Քոչարյանին երկրորդ անգամ կալանքից ազատելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումն ու Քոչարյանին նորից կալանավորելու որոշում կայացրել:

Ալումյանը նաև նշեց, որ երկու երիտասարդների վերաբերյալ մեկ այլ քրեական գործ, որը վերաբերում է դատավոր Աննա Դանիբեկյանին, կապվում է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ, սակայն դատախազներն այդ հիմքով ինքնաբացարկի միջնորդություն չեն ներկայացրել դատավոր Դանիբեկյանին, ով քննում է Ռոբերտ Քոչարյանի գործը: Խոսքը Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օգանջանյանի գործի մասին է: Վերջիններս մեղադրվում են Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ ճնշում գործադրել փորձելու և այդպիսով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter