HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նրան դատել են այլախոհության համար

Հարցազրույց բլոգեր Էմին Միլլիի հետ

- Ի՞նչ առանձնահատկություններ են առավելապես բնորոշում Ադրբեջանի ներկայիս երիտասարդությանը:

- Կարծում եմ, որ այսօր Ադրբեջանում երիտասարդությունը խորը քնի մեջ է: Նա պասիվ է, անտարբեր, աչք է փակում ճշմարտության առաջ, ամփոփվում է ինքն իր մեջ, գերադասում է դասավորել սեփական կյանքը, չի խառնվում քաղաքականությանը, ցույց չի տալիս իր քաղաքացիական դիրքորոշումը: Ճիշտ է, շատ երիտասարդներ հիմա ձգտում են մեկնել արտասահման, ստանալ կրթություն, եւ եթե հաջողվում է, ուզում են այնտեղ մնալ: Իսկ վերադարձողները հիմնականում ուզում են աշխատել բարձր աշխատավարձով ընկերություններում, չեն ուզում հրաժարվել հարմարավետ կյանքից: Եթե կա ընտրություն հարմարավետ կյանքի եւ սեփական քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու միջեւ, ապա նրանք ընտրում են առաջինը: Ինչ-որ հասարակական գործընթացների մասնակցելու նպատակով երիտասարդներին կազմակերպելու եւ մոբիլիզացնելու փորձը կապված է որոշակի ռիսկի հետ: Սրա մեջ ոչ մի տարօրինակ բան չկա, քանի որ ցանկացած բռնապետական համակարգում ոչ միայն երիտասարդությունը, այլեւ ողջ բնակչությունն է գերադասում լռել: Մնացած ամեն բան կապված է ռիսկի հետ. անձի դեմ ուղղված ֆիզիկական բռնության սպառնալիք, ճնշում հարազատների վրա: Ես չեմ կապում այսօրվա ճնշումները ստալինյան ժամանակների ճնշումների հետ: Ավելի շուտ դրանք կարելի է համեմատել Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում կամ 1970-ականներին ԽՍՀՄ-ում գործադրված ճնշումների հետ: Ադրբեջանում բանը հասել է նրան, որ մեծ քաղաքական կուսակցությունները վերածվել են այլախոհների փոքր ակումբների: Շրջանակները գնալով նեղանում են, եւ այս պայմաններում երիտասարդությունն իր ընտրությունը կատարում է հօգուտ լռության եւ սեփական հարմարավետության կազմակերպման: Շատ քիչ են այնպիսք, որոնք, չնայած ռիսկին, շարունակում են ասել ճշմարտությունը եւ կազմակերպել բողոքի շարժում:

- Ինչպիսի՞ն է երիտասարդության քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը:

- Երիտասարդության մեծ մասը չի ուզում նայել ճշմարտության աչքերին: Նույնիսկ եթե նայում է, ապա վախենում է ճշմարտությունից: Եթե սկսում ես տեսնել ճշմարտությունը, ապա այս երկրում քեզ մեծ անախորժություններ են սպասում: Քիչ են այն երիտասարդները, որոնք ընդհանրապես ինչ-որ ձեւով արտահայտում են իրենց քաղաքացիական եւ քաղաքական դիրքորոշումը. այդպիսիների հետ շատ դաժան են վարվում, նրանց ծեծում եւ նստեցնում են: Ներկայումս երիտասարդության քաղաքական եւ քաղաքացիական ակտիվությունը «գնացել է» սոցիալական ցանցեր: Այսպիսով, երիտասարդությունը դարձել է ակտիվ ո°չ փողոցներում, ո°չ իրական, այլ վիրտուալ կյանքում: Այնտեղ հասարակության մեջ կատարվող բոլոր գործընթացների մասին սեփական տեսակետներն արտահայտելու հնարավորություն ունի: Սա չի վրիպում իշխանության ուշադրությունից, որը դաժանաբար է վարվում նրանց հետ, ովքեր սոցիալական ցանցերն օգտագործում են հասարակական-քաղաքական հարցերի քննարկման համար: Իշխանությունը հատկապես դաժան է նրանց նկատմամբ, ովքեր համարձակվում են մոբիլիզացնել երիտասարդներին փողոցներում իրենց բողոքն արտահայտելու համար: Դրա վառ օրինակը իշխանության տապալման կոչ անելու մեղադրանքով քրեական գործի հարուցումն է Էլնուր Մեջիդլիի դեմ, ինչը կարող է ավարտվել 12 տարվա ազատազրկումով: Ինչպես հայտնի է, նա այս տարվա ապրիլին Բաքվի փողոցներում անցած բողոքի գործողությունները սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպողներից է: Քրեական գործեր են հարուցվել նաեւ Ադրբեջանի ժողովրդական ճակատ եւ «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների եւ ակտիվիստների դեմ: Նրանք ձերբակալված են, հետաքննություն է ընթանում:

Բայց նրանց մեղադրում են հասարակական անկարգություններ կազմակերպելու եւ ոստիկանությանը դիմադրություն ցույց տալու մեջ: Այսինքն' կուսակցական ակտիվիստներին սպառնում է երեք տարուց ոչ ավելի ժամանակով ազատազրկում, թեեւ նրանք իրական մասնակցություն են ունեցել բողոքի գործողություններին եւ ավելի վտանգավոր են, քան Ֆրանսիայում ապրող բլոգերը, որը փորձել է սոցիալական ցանցերի միջոցով կազմակերպել երիտասարդությանը: Կարծում եմ, որ սա շատ հետաքրքրական փաստ է, որն օգնում է հասկանալ, թե ումից եւ ինչից է ավելի շատ վախենում համակարգը: Ստացվում է, որ այն ավելի շատ վախենում է վիրտուալ ուժից' ի դեմս սոցիալական ցանցերում շփվող երիտասարդության, քան իրական ընդդիմությունից, որը փողոց է դուրս գալիս եւ բացահայտ արտահայտում է իր բողոքը: Չեմ կարծում, թե համակարգը սխալվում է, քանի որ այդպիսի երիտասարդությունը վտանգավոր է: Համակարգը զգուշանում է նման երիտասարդներից, ուստի բոլոր ձեւերով փորձում է կանգնեցնել նրան' պատժելով ամենաակտիվներին եւ ամենաշնորհալիներին:

- Ի՞նչ կարելի է ասել երիտասարդության զբաղվածության մասին, այսօր կա՞ն երիտասարդների աշխատանքի տեղավորման խնդիրներով զբաղվող կառույցներ:

- Ցավոք, Ադրբեջանի տնտեսության ողջ համակարգը ձեւավորված չէ այնպես, որ ազատ շուկան երիտասարդների համար աշխատանք գտնելու հնարավորություն ստեղծեր: Այն խորհրդային շրջանի համակարգն է հիշեցնում. կա ուժեղ մենաշնորհ, որի շրջանակներում, իհարկե, աշխատատեղեր ստեղծվում են: Բայց դա ոչինչ է աշխատատեղերի այն քանակի համեմատ, որ կարող էինք ունենալ ազատ շուկայական տնտեսության պայմաններում: Աշխատատեղերի աճ հնարավոր է միայն ազատ տնտեսության, բիզնեսով զբաղվելու իրական պայմանների առկայության դեպքում, երբ չկան մենաշնորհներ եւ տարբեր «տանիքներ»: Սա միանգամայն այլ պայմաններ կստեղծեր, երիտասարդության համար առաջ կգային մեծ թվով աշխատատեղեր: Եթե Ադրբեջանում բարեփոխումներ սկսվեն այս համակարգի օրոք կամ դրանից հետո, ապա վարչակարգի համեմատ մեծ փոփոխություններ կտեսնենք:

Սկզբունքորեն, երիտասարդության համար աշխատատեղերի ստեղծումը պետության պարտականությունների մեջ չի մտնում: Պետության պարտականությունն է' ապահովել օրենքի գերակայություն, անվտանգություն, հավասար պայմաններ տնտեսության բոլոր սուբյեկտների համար, պայմաններ' ազատ մրցակցության համար: Այս դեպքում աշխատանք կգտնվի նաեւ երիտասարդության համար: Ես համաձայն չեմ այն մտքին, թե պետությունը պետք է զբաղվի հենց երիտասարդներին աշխատանքի տեղավորելով: Օրինակ է Չինաստանն իր բռնապետական վարչակարգով, որն այսօրվա դրությամբ պայմաններ է ստեղծել իր երիտասարդության համար, ունի ամենամրցունակ տեխնոլոգիաները եւ աշխատանքային հմտությունները: Բռնապետական պետություններն էլ են տարբեր լինում' արդյունավետ եւ ոչ արդյունավետ: Ի դեպ, Ադրբեջանը երկրորդ խմբի երկրներից է:

- Ինչո՞վ է տարբերվում գյուղական երիտասարդությունը քաղաքայինից, ազատ ժամանակն անցկացնելու ի՞նչ հնարավորություններ ունի մեր երիտասարդությունը:

- Գաղտնիք չէ, որ գյուղական երիտասարդությունը միշտ տարբերվել է քաղաքայինից: Ուրբանացումը զարգացման կարեւոր գործոն է ցանկացած երկրի պատմության մեջ: Ուզում եմ անդրադառնալ տնտեսական բաղադրիչին, որը հանգեցնում է այդ զարգացմանը: Տնտեսության շարժունությունը շատ կարեւոր դեր է խաղում մշակույթի, մտածողության, քաղաքակրթության զարգացման գործում: Այն երկրներում, որտեղ տնտեսությունը զարգացած է եւ բաց, կենդանի է, ազատ եւ ինտենսիվ, շարժուն են դառնում աշխատատեղերը, ինչի հետեւանքով տեղի է ունենում բազմամակարդակ միգրացիա: Այսինքն' յուրաքանչյուր քաղաքացի, այդ թվում' երիտասարդ, ուսում է ստանում, ասենք, մի քաղաքում, աշխատում է մեկ ուրիշում, այնուհետեւ նրան ուղարկում են աշխատելու մի երրորդ քաղաք եւ այդպես շարունակ: Սա հանգեցնում է նրան, որ կորչում է ավանդական կենսակերպը, որին փոխարինելու են գալիս ազատ տնտեսության պայմաններում ստեղծվող նոր հարաբերություններ: Շոշափելիորեն մեծանում է տարբերությունը գյուղի եւ քաղաքի միջեւ:

Մինչդեռ Ադրբեջանում այդ բանը չի կատարվում. գյուղի բնակիչը մեկնում է քաղաք, բայց ուրբանացման չի ենթարկվում: Ուրբանացումը եւ արդիականացումը կատարվում են միայն այն ժամանակ, երբ տնտեսությունը կենդանի եւ շարժուն է: Իսկ Ադրբեջանում գյուղացին իր կարծրացած կենսակերպը փոխադրում է քաղաքային կյանք, թեկուզ որոշ զուտ արտաքին փոփոխություններով: Ուրբանացման բնական գործընթացն այդպես էլ տեղի չի ունենում: Այն կարող է սկսվել գյուղից քաղաք տեղափոխվելուն պես, բայց հենց դրանով էլ վերջանում է: Ավելին, քաղաքային երիտասարդության մեծամասնությունն ունի գյուղական, ավանդական մտածողություն: Քաղաքային երիտասարդության միայն չնչին մասն ունի քաղաքային մշակույթ: Դրա համար պետք է օժտված լինել որոշակի ժամանակակից մտածողությամբ: Երկրում չկան նորմալ ակումբներ' նախատեսված որոշակի հետաքրքրություններ ունեցողների համար: Գոյություն ունեցող այսպես կոչված ակումբներն ավելի շատ որջերի են նման: Քաղաքում չկա քաղաքային մշակույթ: Հավանաբար խորհրդային տարիներին այդ մշակույթն ավելի մեծ էր (եւ սա խորհրդային շրջանի դրական հատկություններից մեկն է): Որքան շատ լինի ազատությունը (հատկապես տնտեսության մեջ), այդքան ավելի շատ կզարգանա քաղաքային մշակույթը: Հակառակ դեպքում այն կկանգնի անհետանալու սպառնալիքի առջեւ:

Ադրբեջանում նախագծի համակարգող Լ. Յունուսի կողմից. «Էմինը միչեւ հիմա գտնվում է ոստիկանության հսկողության տակ, քանի որ 2010 թ. նոյեմբերին նրան վաղաժամկետ-պայմանական են ազատ արձակել: Սրանով է բացատրվում լուսանկարում նրա կողքին ոստիկանի ներկայությունը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter