HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ներդրումներ. ինչո՞ւ են տարբեր թվեր հնչեցվում

Վիճակագրական կոմիտեն (ՀՀ ՎԿ) երեկ հրապարակել է Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների վիճակագրությունն այս տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով։ Եվ, ինչպես միշտ, այդ թվերը մեկնաբանվում և ներկայացվում են տարբեր կերպ։ Այստեղ խնդիրն այն է, որ Վիճկոմիտեն ներդրումները ներկայացնում է երկու տարբերակով՝ ներդրումների զուտ հոսքերը և համախառն հոսքերը։

Սկսենք առաջինից։

Ինն ամսում ներդրումների զուտ հոսքերը կազմել են 128.3 մլրդ դրամ

Այս տարվա առաջին ինն ամիսներին (հունվար-սեպտեմբեր) Հայաստանի տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը կազմել են 128.3 մլրդ դրամ, որից 32.6 մլրդ դրամն ուղղակի ներդրումներն են։

Ինչպես տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներից, 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ՝ ներդրումների զուտ հոսքերն աճել են 128.8 մլրդ դրամով (նախորդ տարի հոսքերի ցուցանիշը մինուսով է եղել, քանի որ ներդրումների գծով ավելի շատ մարումներ են եղել, քան ստացումներ)։ Իսկ միայն օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերը կրճատվել են 28.7 մլրդ դրամով։

Հիշեցնենք, որ զուտ հոսքերը հաշվետու ժամանակահատվածում օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են: Եվ զուտ հոսքերի ընդհանուր ցուցանիշը ներառում է ուղղակի, պորտֆելային և այլ ներդրումները (վերջինում ներառվում են վարկերը և փոխառությունները, ապրանքների և ծառայությունների դիմաց վճարվելիք/ստացվելիք գումարները, ստացված/տրված կանխավճարները):

Վիճկոմիտեի տվյալների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ զուտ հոսքերի՝ ընդամենը ներդրումների աճը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից, Գերմանիայից և Իտալիայից կատարվող ներդրումներով։  

Մասնավորապես, եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստանում կատարվող ներդրումների զուտ հոսքերը կազմել են 9.6 մլրդ դրամ, ապա այս տարվա նույն ժամանակաշրջանում այս ցուցանիշը հասել է 61.7  մլրդ դրամի։ Ռուսական ներդրումները հոսել են հիմնականում էներգետիկայի ոլորտ՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում։

Իսկ Գերմանիայից կատաված ներդրումների զուտ հոսքերն այս տարվա հունվար-սեպտեմբերին կազմել են մոտ 41 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների -29.5 մլրդ դրամի դիմաց։ Մինուսը ցույց է տալիս, որ նախորդ տարի ներդրումների գծով մարումներն ավելի շատ են եղել, քան ստացումները։ Այլ խոսքով՝ ներդրումային գործարքների ժամանակ Հայաստանից ավելի շատ գումար է հոսել Գերմանիա, քան հակառակ ուղղությամբ։ Դրանք կարող են լինել վարկերի մարումներ, կանխավճարների, ապրանքների ձեռք բերման դիմաց կատարվող վճարումներ և այլն։ Ամեն դեպքում, այս տարի այդ ցուցանիշը դրական է։ Գերմանական ներդրումները Հայաստանում կատարվել են հիմնականում հանքարդյունաբերության ոլորտում (հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղեր), ինչպես նաև՝ էներգետիկայի։

Իսկ Իտալիայից Հայաստանում կատարվող ներդրումների զուտ հոսքերն այս տարվա առաջին ինն ամիսներին կազմել են մոտ 26 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամիսների -0.5 մլրդ դրամի դիմաց։ Իտալական ներդրումները ևս հոսել են էներգետիկայի ոլորտ։

Այսպիսով, եթե ներդրումները դիտարկում ենք ըստ ոլորտների, ապա ստացվում է, որ զուտ հոսքերի ծավալով այս տարվա առաջին ինն ամիսներին գերակշռում է էներգետիկայի ոլորտը՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը։ Արձանագրված 128.5 մլրդ դրամի զուտ հոսքերից 112.2 մլրդ դրամը բաժին է ընկել էներգետիկային։ Նախորդ տարվա նույն ամիսներին այս ոլորտի ներդրումների զուտ հոսքերը կազմել են ընդամենը 1.5 մլրդ դրամ։

Ներդրումների ծավալով որոշակիորեն առանձնանում է նաև հանքարդյունաբերությունը, իսկ ավելի կոնկրետ՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման այլ ճյուղերը։ Զուտ հոսքերը կազմել են մոտ 16.3 մլրդ դրամ` նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի -32.6 մլրդ դրամի դիմաց։

Ինչ վերաբերում է օտարերկրյա ուղղակի ներդրումների նվազմանն, ապա այն պայմանավորված է Ջերսիից կատարվող ներդրումների դադարեցմամբ։ Խոսքը Ամուլսարի ծրագրի հետ կապված ներդրումների մասին է, որոնք իրականացնում էր «Լիդիան Արմենիան»։ Հիշեցնենք, որ բնակիչների պահանջով նախորդ տարվանից Ամուլսարում աշխատանքները դադարեցված են։ Եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին  Ջերսիից կատարվող ներդրումների զուտ հոսքերը կազմել են 20.6 մլրդ դրամ, ապա այս տարի առհասարակ ներդրումներ չեն կատարվել։

Իսկ հիմա անցնենք ներդրումների երկրորդ ցուցանիշին՝ համախառն հոսքերին։

Կատարվել է 1 տրլն 46 մլրդ դրամի կամ մոտ 2.2 մլրդ դոլարի ներդրում

Ներդրումների համախառն հոսքերը ցույց են տալիս կատարված ներդրումների ծավալներն՝ առանց պարտավորությունների մարումների։ Այսինքն՝ վարկերի մարումները, կանխավճարներն ու բազմապիսի այլ վճարներ այստեղ հաշվարկված չեն։

Ընդ որում՝ նշված ժամանակահատվածում համախառն հոսքերի ծավալը հասկանալու համար հարկավոր է ինքնուրույն համեմատել տարբեր ժամանակաշրջանների ցուցանիշները։

Այսպես, մեր հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում կատարված ներդրումների ընդհանուր հոսքերը կազմել են 1 տրլն 46 մլրդ դրամ կամ այս ժամանակահատվածի միջին փոխարժեքով հաշվարկած՝ մոտ 2.2 մլրդ դոլար, որից 218.3 մլրդ դրամը կամ 453 մլն դոլարն ուղղակի ներդրումներն են։ 2018 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ ընդամենը ներդրումներն ավելացել են մոտ 223 մլրդ (մոտ 463 մլն դոլար) դրամով կամ 27 %-ով։

Եվ, մասնավորապես, ուղղակի ներդրումներն աճել են 32.3 մլրդ դրամով (67 մլն դոլար) կամ 17.3 %-ով։ Այստեղ ևս նկատելի է, որ ներդրումների ընդհանուր ծավալն ավելացել է հիմնականում Ռուսաստանից և Գերմանիայից կատարվող ներդրումների հաշվին։

Վիճակագրական կոմիտեն չի ներկայացնում, թե որ ոլորտներ են հոսել այդ ներդրումները։ Նշված տվյալներն, ինչպես սպասվում է, կհրապարակվեն տարեկան կտրվածքով։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter