
Լոռու մարզպետ․ «Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանը գտնվում է նախկին պաշտոնյաների ազդեցության ներքո»
Ալավերդու կենտրոնական փողոցով անցնող երկաթգծի պաշտպանական գոտիներում շինություններ են կառուցվում
Երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը Ալավերդիում էր: Մարզպետը տեղում դիտարկեց Ալավերդու Թումանյան փողոցին հարող երկաթգծի պաշտպանական գոտիներում ապօրինի շինություններ կառուցելու մասին «Հետք»-ի հրապարակած փաստերը:
Դրանք ուսումնասիրելուց հետո Անդրեյ Ղուկասյանը կարծիք հայտնեց, որ երկաթգծի պաշտպանական գոտիներում մի քանի առումով տեղի են ունեցել մեծ ապօրինություններ՝ համայնքի բյուջեին հասցվել է մեծ վնաս, հողամասերն օտարվել են ծիծաղելի գներով և երկաթգծի անվտանգության խախտումներով: Ա. Ղուկասյանի խոսքով՝ տարիներ շարունակ Ալավերդու համայնքապետարանի պաշտոնյաները քայքայել և մեծ վնասներ են հասցրել քաղաքի տնտեսությանը:
«Ալավերդիում նախկին պաշտոնյաները մինչև հիմա պաշտպանվում են և տպավորություն ունեմ, որ նրանց համար Ալավերդիում վիճակը հիմա ինչքան վատ լինի, այնքան լավ կլինի իրենց համար»,- ասաց մարզպետը:
Մարզպետը նաև նշեց, որ Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանը գտնվում է նախկին պաշտոնյաների ազդեցության ներքո և կաշկանդված է իրեն զգում: «Ես կարծում եմ, որ ալավերդցիները նման համայնքապետ ունենալու արժանի չեն»,- ասաց մարզի ղեկավարը:
Երկաթգծի պաշտպանական գոտիներում «Հետք»-ի հրապարակումից հետո դադարեցված է շինությունների կառուցումը:
Անդրեյ Ղուկասյանն ասաց, որ երկաթգծի գոտիներում կառուցող շինությունների մասով պատրաստվում է դիմել Լոռու մարզի դատախազություն: «Ես մասնակցություն չունեմ այստեղ, պարոն մարզպետ: Էդ որոշումները 30 տարի է՝ տրվել են»,- արդարացավ Ս. Խեչումյանը:
«30 տարի է, թե 40 տարի է, էս համայնքի պատասխանատուն Դուք եք, և այս գործերով դուք պետք է զբաղվեք, ոչ թե ես: Սրա կանխելը Ձեր գործառույթն է, և Դուք պետք է կանխեիք այս ապօրինությունները: Կոնկրետ Ալավերդի համայնքին ահռելի ֆինանսական վնասներ է հասցվել»,- զայրացած բացատրեց մարզպետը:
Հիշեցնենք, որ Ալավերդու Թումանյան փողոցին հարող երկաթգծի պաշտպանական գոտիներում հողամասերը համայնքապետերի կողմից վաճառվել են ոչ թե 30 տարի առաջ, այլ 2014-2016թթ.-ին: Ինքը՝ Սասուն Խեչումյանը, իր պաշտոնավարման երկու տարիներին իր որոշումներով նույնպես հողահատկացումներ է կատարել երկաթգծին հարող տարածքներում և օրինականացրել է այդ տարածքներում նախկիններին տրված հողամասերի վերավաճառման գործընթացները:
Անդրեյ Ղուկասյանը Էնգելս թաղամասի Ալավերդու նախկին գարեջրի գործարանին հարող տարածքի հակասանիտարական վիճակի և Դեբեդ գետի ափին թափված կենցաղային աղբի համար կոշտ դիտողություն արեց համայնքապետ Ս. Խեչումյանին: Վերջինս սուբվենցիոն ծրագրով կատարված փոսանորոգումները դիտարկելու համար մարզպետին ուղեկցեց Ալավերդու երկաթուղային կայարան գնացող ճանապարհ:
Ա. Ղուկայանը նկատել էր, որ համայնքապետն իրեն փոսանորոգումները դիտարկելու ճիշտ փողոց չէր ուղեկցել. «Հազիվ մի քանի փոսանորոգում գտանք»,- ասաց նա: Հանդիպած առաջին փոսերն անորակ էին նորոգված, դրա շուրջ էլ Ա. Ղուկասյանը շարունակեց իր խոսակցությունը Խեչումյանի հետ: Մարզպետը նկատեց փոսերի վրա փռված ասֆալտի արդեն քանդված ծայրերը.
«Ո՞վ է էսենց գործ անում: Բա, պարոն Խեչումյան, Դուք համայնքապետն եք, ինչու չեք որակին հետևել»,- հարցրեց նա:
Մարզի ղեկավարը նախօրոք հայտնեց, որ անորակ փոսանորոգումների դեպքում գումարը բացառվում է փոխանցել:
«Ձեզ ասում եմ՝ բացառվում է, որ դուք պետբյուջեից գումար ստանաք այս աշխատանքի դիմաց»,- Խեչումյանին և շինարարին հայտնեց մարզպետը:
Հիշեցնենք, որ Սասուն Խեչումյանը 19,6 մլն դրամ գումար է հատկացրել փոսանորոգումների ծրագրի կատարման համար: Նա մարզպետին հայտնեց, որ համայնքի մասնաբաժնից անորակ փոսանորոգումների համար «ՍՏԱԳ» ՍՊԸ-ին արդեն վճարել է 7 մլն դրամ:
Մարզպետը համայնքի հարկատուների հարկերից անորակ փոսանորոգման գումար վճարելը համարեց խնդրահարույց:
«Բա ինչ անեի, թողնեի ընկերությունը սնանկանա՞ր»,- պատասխանեց Ս. Խեչումյանը:
«ՍՏԱԳ» ՍՊԸ-ի աշխղեկ Հարություն Ասլանյանի ասելով՝ մարզպետի պահանջներով փոսանորոգում անելու դեպքում նախատեսված փոսանորոգումների ծավալները կգերազանցեին:
Մարզպետը շինարարին բացատրեց, որ իրենցից պահանջում են 2500 քմ որակյալ ասֆալտ, այնքան, որքան սուբվենցիոն ծրագրով նախատեսված է: «Մեկ փողոց կվերանորոգեիք, թե 10 փողոց, դա արդեն էական չէ»,- ասաց Ա. Ղուկասյանը: Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Ջանազյանն էլ շինարարին բացատրեց, որ ավելի լավ է 10 փոսի փոխարեն վերանորոգել 5-ը, բայց որակով: «Այլ դեպքում պետք չէր փոսային նորոգում անելը»,- ասաց Ա. Ջանազյանը:
Մարզի ղեկավարը տեղում ուսումնասիրեց նաև Ս/Սարահարթ թաղամասում, Սանահինի վանական համալիր գնացող ճանապարհներին և քաղաքի մյուս թաղամասերում կատարված փոսանորոգումները, որոնց որակից նույպես գոհ չէր:
Անդրեյ Ղուկասյանը դիտարկեց նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող Թումանյան փողոցի մայթերի վերանորոգումը, որի համար Սասուն Խեչումյանը նախատեսել է ծախսել 20,3 մլն դրամ: Մարզպետի խոսքով՝ որակի առումով մայթի վերանորոգումը մեկ անգամ ևս կգնահատեն մասնագետները:
Մարզի ղեկավարը դժգոհեց նաև սուբվենցիոն ծրագրով Ալավերդիում նախատեսված աշխատանքների քանակից:
«Ես մի քանի թիվ ասեմ համեմատության համար: Թվերն ամեն ինչ ասում են այս պրոցեսի մասին: Ալավերդի համայնքի բյուջեն 690 մլն դրամ է, և համայնքն իր 20 մլն ներդրմամբ մեկ ծրագրով է դարձել Կառավարության սուբվենցիոն ծրագրին մասնակից: Ախթալա համայնքի բյուջեն 426 մլն դրամ է, համայնքի ներդրումը 117 մլն դրամ է: Պատկերացրեք, որ ավելի մեծ բյուջե ունեցող համայնքը կատարում է 6 անգամ ավելի քիչ աշխատանք, քան Ախթալան»,- ասաց Անդրեյ Ղուկասյանը:
Մեկնաբանել