HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

«Հետք»-ն ընդդեմ ֆիզիկայի ինստիտուտի գործով առաջին նիստը կայացավ․ հաշտության եզրեր չգտնվեցին

«Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի գործով այսօր կայացավ առաջին նիստը։ Երևան քաղաքի դատարանի Աջափնյակի նստավայրում դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ տեղի ունեցած նիստին մասնակցեցին հայցվոր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ, փաստաբան Գրիշա Բալասանյանը և Ֆիզիկայի ինստիտուտի ներկայացուցիչ, փաստաբան Էմմա Հակոբյանը։

«Հետք»-ը դիմել էր դատարան, որպեսզի վերջինս պարտավորեցնի Ֆիզիկայի ինստիտուտին, որ տրամադրեն ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի 2011-2019թթ.-ին ընդունված բոլոր որոշումների պատճենները։ Դատարան դիմելուց առաջ «Հետքը» գրավոր հարցումով դիմել էր ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ներսես Երիցյանին, որպեսզի տրամադրի այդ որոշումները, սակայն վերջինս հայտնել էր, որ կտրամադրի այն դեպքում, երբ մենք վճարենք 550 հազար դրամ։ Ներսես Երիցյանն այդ գումարի պահանջը բացատրել էր նրանով, որ անհրաժեշտ տեղեկությունը տրամադրելու համար ինստիտուտի աշխատակիցները պետք է լրացուցիչ աշխատանք կատարեն, որի համար պետք է վարձատրվեն։

Դատավոր Աննա Փիլոսյանը հայցվորի և պատասխանողի ներկայացուցիչներին առաջարկեց քննարկել հաշտության հնարավորությունը։ Պատասխանողի ներկայացուցիչ Էմմա Հակոբյանը նշեց, որ ինստիտուտը չի հրաժարվում տեղեկություն տրամադրելուց, պարզապես պահանջվող տեղեկությունների փաթեթը մեծ ծավալ ունի, և որ այն կարող են տրամադրել լրացուցիչ աշխատանքի և համապատասխան վճարի պայմաններում։ Հակոբյանը նաև նշեց, որ եթե հայցվոր կողմը հստակեցնի, թե կոնկրետ ինչ տեղեկություն է ցանկանում ստանալ, հնարավոր է հաշտության գալ։

Հայցվորի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն էլ ասաց, որ կարող են քննարկել հաշտության հարցը, սակայն հայցվող տեղեկությունը միևնույն է՝ պահանջելու են, պարզապես կարող են ժամանակային առումով քննարկել, օրինակ՝ տեղեկությունները մաս-մաս տրամադրելու հարցը։

Նիստը նախագահող դատավորը, հասկանալով, որ հաշտության եզրեր չկան, կողմերին առաջարկեց քննարկել երրորդ անձի հարցը, որից հետո, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, նիստը հետաձգեց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2020 թվականի մարտ ամսին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter