
ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը՝ Հայաստան վերադառնալու խոչընդոտները վերացնելու կապակցությամբ
Հատուկ քննչական ծառայությունը մերժել է Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի դիմումը, որով նա խնդրել էր քննարկել տեխնիկական հարցերի լուծման հնարավորությունը, որպեսզի Հարությունյանը կարողանա վերադառնալ Հայաստան: Հատուկ քննչական ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ պաշտպանի դիմումը մերժվել է անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Հետք»-ի հետ զրույցում Պողոսյանն ասել է, որ Վահագն Հարությունյանը ցանկանում է վերադառնալ Հայաստան և ներկայանալ իրավապահներին, սակայն տեխնիկական խնդիրների, իր նկատմամբ հայտարարված անօրինական հետախուզման պայմաններում չի կարողանում: Պաշտպանը դիմել էր ՀՔԾ պետին և գլխավոր դատախազին և խնդրել քննարկել տեխնիկական հարցերի լուծման հնարավորությունը, որպեսզի Հարությունյանը կարողանա վերադառնալ:
Գլխավոր դատախազությունից ևս հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ընթացք են տվել դիմումին, մեզ հայտնեցին, որ իրենք դիմումն ուղարկել են ՀՔԾ՝ դրան ընթացք տալու համար, որն, ինչպես արդեն նշեցինք, ՀՔԾ-ն մերժել է:
Վահագն Հարությունյանի պաշտպանից հետաքրքրվեցինք, թե ստեղծված պայմաններում ի՞նչ գործողություններ են պատրաստվում իրականացնել, ինչին ի պատասխան Միհրան Պողոսյանը հայտնեց, որ իրենք ՀՔԾ-ից պաշտոնական պատասխան չեն ստացել:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Մեկնաբանել