HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էսքիզներ դիմանկարի համար․ Գրիգոր Շահինեան

60-ական թվականներին Բեյրութում հրատարակվող «Ահեկան»  հանդեսի խմբագիրներից էր․ չափազանց ուշագրավ  գրադատականներ էր տպագրվում հանդեսում և Գրիգոր Շահինեան ստորագրությունը կանուխ,- դեռ ուսանող էի,- տպավորվեց, ու միշտ փնտրում էի, աչքիցս «անվրեպ» պահում նրա ցանկացած հոդված։ Այսպես շարունակվեց մինչև 90-ական թվականները։ Եւ հանկարծ շատ պատահական հանդիպում՝ լուսահոգի գրող Կարեն Սիմոնյանի «Վերածնված Հայաստան» հանդեսի խմբագրության աշխատասենյակում։ Իմ անվանը ծանոթ էր, Սփյուռքի պարբերականներում հոդվածներ, գրախոսություններ էի        տպագրել («Յառաջ», «Ազդակ», «Զարթօնք», «Կամք»)։ Միանգամից ջերմ, «հին ծանոթների» խոսակցություն սկսվեց։ Մի տեսակ համախոհությամբ «պարուրվեցինք»։ Իմ նախասիրած գրողներից շատերի հետ մտերիմ էր եղել, նրանց ստեղծագործությունները վերլուծաբար ներկայացրել։ Առաջին իսկ հանդիպման ժամանակ խոստացավ Բեյրութից գրքեր ուղարկել։ Խոստումը կատարեց՝ իմ գոհունակությանը չափ ու սահման չկար․ Կոստան Զարեան, Շահան Շահնուր, Ահարոն, Եդվարդ Պոյաճեան։

Տարիներ անց Բեյրութում հանդիպեցի, Անթիլիասի Մայրավանքում, ուր պաշտոնավարում էր․ նույն Գրիգոր Շահինյանն էր, փոքր ինչ հոգնաբեկ, բայց լի ստեղծագործական համառությամբ և ավյունով։ Զարմանալին նրա աշխատունակությունն էր, նվիրյալությունը Հայ գրին ու հայկական հոգեբանությանը։ Հոգեբան Ուսուցիչ ու գրականագետ էր, մեզանում՝ սակավ։ Միշտ ձեռքը հայության բազկերակի վրա։ Չկար Հայաստանում հրատարակված մի որևէ ուշարժան և աղմկահարույց գրական երկ, որ իր ուշադրությունից վրիպեր։ Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ» վեպի շուրջ ստեղծված համահայկական «իններորդ ալիքը» նույնպես իր ուշադրության կենտրոնում էր եղել․ ծավալված բանավեճը իրեն նույնպես մտահոգության տեղիք էր տվել։ Բայց Գրիգոր Շահինեանի ստեղծագործության բարձրակետը «Շահնուր պառակտյալ» մենագրությունն էր, որտեղ Շահնուրի ստեղծագործությունն ու գրողական մեթոդաբանությունը ներկայացված է գրականագիտական բացառիկ ներսուզումներով ու մեկնաբանություններով։ Չեմ կարող զանց առնել, շատերի կողմից, ընդ որում չափազանց լրջմիտ մասնագետ-բանասերների, նրա հեղինակած և բազմիցս վերահրատարակված «Ֆրանսերեն-հայերեն» ստվարածավալ բառարանը։

Ընդհանրապես մարդուն, մտավորականին ճանաչելու համար պետք է գիտակցորեն «մոտենալ» նրա դավանած սկզբունքներին, մտածողական մեթոդաբանությանը․ Գրիգոր Շահինեանը սկզբունքային, ըստ այդմ անձնական կյանքը ստորադասած այնպիսի մտավորականներից էր, որոնց համար անցյալի ու ներկայի պատմության խաչուղիներում ուղենշային էր ժամանակի  իրականության մեջ չխարխափելը։ Ավելին, անցյալի ճանաչողությունը պարտադիր պայման էր ներկայի մարտահրավերներին դիմակայելու համար։ Մանավանդ հայոց անցյալի, քանի որ ինքը հետեղեռնյա երկրորդ կամ երրորդ սերնդից էր և վերապրողների հիշողություններին ականջալուր, լիբանանյան պատերազմ տեսած, ինչ որ ըստ էության հայության համար,- տարասփռումի առումով,-ավելի քան խնդրահարույց էր։

Անշփոթելի է Գրիգոր Շահինեանի, իբրև գրականագետի ու պարզապես Մարդու կերպը, կերպընկալումը, մարդկանց հետ հարաբերվելու մեղմաբարո «արվեստը», որ շատերին գուցե տարօրինակ թվա, բայց իմ պատկերացմամբ,- չնայած մեր շփումների, հանդիպումների սակավությանը,- իր առաքելությամբ նա «լռելյայն» ոգևորված էր, խորապես գիտակցում էր «գիրը մնայ յիշատակող» իմասնավոր խոսքի նշանակությունը և ապրում իր՝ շահինյանական գրադատական, մանկավարժական և մարդկային գեղագիտությունը ի սպաս դնելով հատկապես նորեկ սերնդի զարգացմանը, ազգային ինքնության գիտակցմանը․ և այն էլ Սփյուռքում։ Եւ շատերը, ովքեր աշակերտել են նրան, չափազանց տպավորված են Գրիգոր Շահինեանի դասավանդման մեթոդիկայից, որ ուրույն մտածողություն էր։ Ծանոթներիցս մեկը, որ ուսանել էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքում, շատ պատկերավոր էր ներկայացնում իր Ուսուցչին․ «Պարոն Գրիգորը կը դասավանդի նույն կերպ, ինչպես իրեն դասավանդած են Շանթն ու Աղբալեանը։ Անոնց զարմեն կուգար․ այդչափ հայամտած ուսուցիչ-գեղագետ՝ իմաստությամբ լեցուն և խանդավառող իմ սերնդի տղաքը չեն տեսած․․․»։

Գրիգոր Շահինեանի մահվան լուրը լսեցի ճիշտ այն պահին, երբ․․․ մտովի իր հետ «միասին» թերթում էի  «Շահնուր տառապյալ» հատորը, դրամատիզացված նախախնամությու՞ն, թե՞ հեռահաղորդակցության բոլորովին անհայտ, զգայնություն արթնացնող ինչ-ինչ  ազդակներ․․․ սիրելի մտավորականի կորուստը դույզն ինչ «թեթև» տանելու, ինքնասփոփելու համար․․․

  

Մեկնաբանություններ (1)

Թալին Ոսկերիչեան
Գրիգոր Շահինեանը բացառիկ երեւոյթ մըն էր Լիբանանի սփիւրքահայ գրական եւ մշակութային կեանքէն ներս, ամբողջական մշակ մը--ուսուցիչ, խմբագիր եւ գրականագէտ։ Զինք ճանչցած եմ իբրեւ «Ահէկան»ի խմբագիր երբ թատերական գրոնիքներ եւ վերլուծումներ կը գրէի այդ կարեւոր եւ կարճատեւ հարդէսին համար։ Կը հասկնար խմբագիրի պարտականութիւնը։ Աւելին՝ որովհետեւ «վաթսունական թուականներու» մարդ էր կը հաւատար թէ «Ահէկան»ը պէտք է նաեւ իր ծիրին մէջ բերէ տեղական--այսինքն ոչ-հայկական--մշակոյթը՝ իր հոգերով եւ նորարաութիւններով։ Այդ տարիները հատկանշական էին թէ հայկական թէ ալ արաբական ծիրէն ներս, իրենց հարցադրումներով եւ փնտռտուքներով։ Գրիգոր Շահինեանի դերը այդ կարճ գրական եւ մշակութային զարթոնքին մէչ տակաւին չենք գնահատած լիովին, ոչ ալ իր վճռական եւ երկարատեւ տարիները «Ճեմարան» էն ներս իբրեւ ուսուցիչ եւ դաստիարակ։ Այս յոդուածը այս զոյգ պակասին մէկ մասը կը գոցէ։ Շնորհակալութիւն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter