HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Կապիտալ ծախսերն ինն ամսում 61.1%-ով թերակատարվել են

Հայաստանում պետական բյուջեով պլանավորված կապիտալ ծախսերն այս տարի զգալի թերակատարվում են։ Դրանք այն գումարներն են, որոնք ուղղվում են ճանապարհների բարելավմանը, կրթական ու առողջապահական հաստատությունների վերանորոգմանը, կառուցմանը և այլն։ Եվ այդ գումարների մեծ մասի աղբյուրը արտաքին վարկերն են, որոնք Հայաստանը ստանում է միջազգային կառույցներից։ Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից, ըստ ճշտված պլանի՝ այս տարվա համար նախատեսված է եղել կատարել 248.8 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, և մասնավորապես ինն ամիսներին այդ ծախսերը պետք է կազմեին 184 մլրդ դրամ։ Սակայն, փաստացի կապիտալ ծախսերն ինն ամիսներին կազմել են ընդամենը 71.1 մլրդ դրամ։ Ֆինանսների նախարարության փաստաթղթում սա ներկայացված է որպես ՀՀ պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները։ Այսինքն՝ պլանավորվածի համեմատ 112.4 մլրդ դրամով պակաս ծախս է կատարվել կամ կապիտալ ծախսերը թերակատարվել են 61.1 %-ով։ Այլ խոսքով՝ կապիտալ ծախսերի կատարողականն ինն ամիսներին կազմել է ընդամենը 38.9 %։ «Կապիտալ ծախսերի ցածր կատարողականը մեծ մասամբ պայմանավորված է արտաքին աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի ցածր կատարողականով: Վերջիններիս շրջանակներում նախատեսվել է կապիտալ ծախսերի 53.3 %-ը` շուրջ 98.1 մլրդ դրամ, որոնց կատարողականը կազմել է 25.3 մլրդ դրամ կամ 25.8 %»,- նշված է Ֆինանսների նախարարության պետական բյուջի հաշվետվության մեջ։

Մի շարք մասնագետներ, այդ թվում՝ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, կապիտալ ծախսերի թերակատարումը լուրջ խնդիր են համարում   տնտեսության համար։ Ըստ նրա՝ այն տուգանում է տնտեսական աճը և նման տեմպերով շարունակվելու պարագայում՝ կապիտալ ծախսերի ոլորտում ավելի լուրջ խնդիրներ են ի հայտ գալու։

Թե ինչու են կապիտալ ծապխսերը թերակատրվում, բազմաթիվ պատճառներ են նշվում՝ սկսած ծրագրերն իրականացնող մասնագետների պակասից մինչև ծախսերի խնայողաբար մոտենալու սկզբունքներ։ Այսօր այս խնդիրին տարեկան ամփոփիչ ասուլիսին անդրադարձավ նաև Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։ «Կապիտալ ծախսերի թերակատարման պատճառները եկեք մի փոքր վերլուծենք։ Մենք նախկինում ևս առերեսվել ենք այդ խնդրի հետ։ Խրոնիկ իրավիճակ ունենք՝ կապված արտաքին վարկային ծրագրերի միջոցով կատարվող կապիտալ ծախսերի հետ։ Համոզված եմ՝ նրանք, ովքեր առիթ ունեցել են հետևելու վիճակագրությանը, նկատած կլինեն, որ մենք միշտ ներքին ռեսուրսների հաշվին կապիտալ ծախսերի շատ սահմանափակ հնարավություն ենք նախատեսել։ Հիմնական մասը՝ արտաքին աջակցությամբ ծրագրերի հաշվին է։ Եվ միշտ ներքին ռեսուրսներով նախատեսված կապիտալ ծախսերը 100%-ին մոտ կատարվել են, իսկ արտաքին աջակցությամբ իրականացվող կապիտալ ծախսերը էակաոներն տարբերվում են 100%-ից։ Մեկ առանձնահատկություն էլ կա։ Տարբեր տարիների որոշ տարիների այդ ծախսերը գերակատարվել են, որոշ տարիների՝ թերակատարվել։ Դա պայմանավորված էր նրանով, որ բյուջեի մասին օրենքով կար մի կարգավորում, որով նախատեսվում էր կամ հնարավորություն էր տրվում նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի դեպքում բյուջեով նախատեսվածից ավել կատարողական ունենալ»,- բացատրեց Ֆինանսների նախարարը։

Նա հիշեցրեց, որ 2001-2002 թվականններից սկսել է գործել պարտավորությունների գրանցման համակարգ և հնարավոր չի եղել ստանձնել ավելի շատ պարտավորություն, քան բյուջեով նախատեսված է. «Առանձնահատկություն են ունեցել արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերը։ Այդ առանձնահատկությունը հիմնավորվել է նրանով, որ այդ դեպքում ոչ թե բյուջեն է առավելագույն սահմանափակումը, այլ՝ համաձայանագիրը, որի շրջանակներում իրականացվում է այդ ծրագիրը»։

Ըստ նախարարի՝ կապիտալ ծախսերի կատարողականների ցուցանիշները մշտապես եղել են շատ տարբեր, բայց եթե համախառն ցուցանիշով դիտարկենք, ապա՝ այն ցածր է եղել։ «Բացառություն է եղել 2016 թվականը, երբ մենք ունեցել ենք ծրագրից համամետաբար բարձր կատարողական։ Եվ դա հանգեցրել է նրան, որ 2017-2018 թվականներին բյուջեի մասին օրենքներով արդեն բացառվել է այն կարագավուրումը, որ հնարավորություն է տրվում ավելի շատ պարտավորություններ ստանձնել, քան բյուջեով նախատեսված է։ Հակառակ դեպքում՝ պակասուրդը դառնում էր անկառավարելի և պլանավորմանը զրո ուշադրություն էր դարձվում մարմինների կողմից»,- նշեց Ատոմ Ջանջուղազյանը։

Նա անդրադարձավ նաև ԾԻԳ-երին, որոնց միջոցով կազմվում էին կապիտալ ծախսերի ծրագրերը. «Ուզում եմ նաև անդրադառնալ ԾԻԳ-երին՝ ծրագրի իրականացման գրասենյաներին, որովհետև դրանք մեր երկրում ստեղծվել են այն պահից սկսած, երբ մենք սկսել ենք վարկերի ու դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացնել ծրագրեր։ Սկզբնապես կար գաղափար ունենալ մեկ ԾԻԳ Էկոնոմիկայի նախարարությունում, որը կհամակարգեր ամբողջը, հետո դրա հետաքրքրությունը ընլայնվել է և ԾԻԳ-եր ստեղծվել են նաև այլ գերատեսչություններում։ Դրանք մոտիվացիա չեն ունեցել համեմատաբար ճշգրիտ պլանավորում ունենալ։ Դա մի կողմից հանգեցրել է ծրագրային ցուցանիշից շեղմանը, մյուս կողմից՝ կատարման ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ շեղումներ։ Այս գործոններով պայմանավորված մենք մշտապես ունեցել ենք ծրագրավորվածից շեղված պատկեր։ Հիմա մենք ունենք դրան ավելացած ևս երկու գործոն։ Առաջինն այն է, որ մենք ունենք ֆիքսված ծախսերի համար ավելի մեծ տարածք ներքին ռեսուրսների հաշվին։ Եվ մյուս կողմից՝ հավակնություններ և ձգտում փոխել մոտեցումը կատարվող ծրագրերի նկատմամբ։ Մենք ուզում ենք ոչ թե «յոլա» գնալ, մի կերպ անել այս կամ այն ծրագիրը, այլ՝ դա անել լավագույնս։ Եվ սրանցով պայմանավոված մենք հիմա ունենք համեմատաբար ցածր կատարողական։ Նկատի ունեմ կատարման տոկոսը՝ ծրագրի նկատմամբ։ Իսկ բացարձակ թվով կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են»։

Ըստ նախարարի՝ 2020 թվականի բյուջեի նախագծի վերջնական տարբերակում կապիտալ ծախսերը մի փոքր վերանայված են։ «Շատ կարևորում ենք նաև կանխատեսելի լինելու կարողությունը։ Ավելի լավ է այդ քիչ ասվածն ամբողջությամբ արվի և եթե հնարավոր լինի՝ նույնիսկ ավելին արվի, քան ավելին ասենք, բայց չկարողանանք հասցնել դա անել»,- նշեց նա։

Կապիտալ ծախսերի թեմային «Հետք»-ն առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter