HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Կառավարության ռազմավարությունը վթարային շենքերի վերաբերյալ

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է վարչապետի մամուլի քարտուղարին՝ հետաքրքրվելով, թե Կառավարությունն ինչ ռազմավարություն ունի անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բազմաբնակարան 614 շենքերի վերաբերյալ:

Վարչապետի աշխատակազմից մեր հարցադրումը վերահասցեագրել են Քաղաքաշինության կոմիտե: Կոմիտեից հիշեցրել են Կառավարության 2013 թվականի մարտի 7-ի նիստում ընդունված N9 արձանագրության մասին, որով հավանության է արժանացել քանդման ենթակա 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովելու հայեցակարգը:

Նկատենք, որ, ըստ հայեցակարգի, այն իրականացվեու է փուլերով. առաջին փուլն ընդգրկում է 2018-2020 թվականները, սա ծրագրերի նախապատրաստական մշակման փուլն է, որի ընթացքում նախատեսվում է շենքերի գույքագրում, շենքերի, շինությունների տեխնիկական վիճակի հեազննություն և անձնագրավորում:

Առաջին փուլի իրականացման համար մնացել է մեկ տարի ժամանակ, քանի որ շուտով 2020 թվականն է, սակայն այն գրեթե չի իրականացվել: Այդ մասին է վկայում Քաղաքաշինության կոմիտեից ստացված մեր նախորդ հարցման պատասխանը: Կոմիտեից հայտնել էին, որ այժմ մշակվում է շենքերի և շինությունների անձնագրավորման կարգ, որի ընդունումից հետո կմեկնարկի անձնագրավորման գործընթաց, ինչը հնարավորություն կտա ունենալ ամբողջական տեղեկատվություն հանրապետության շենքերի ու շինությունների բնութագրերի (այդ թվում՝ վնասվածության աստիճանների) վերաբերյալ, կենտրոնացված հավաքագրել այդ տվյալները, դրանց հիման վրա ստեղծել տեղեկատվական համակարգ և մշտական ռեժիմով թարմացնել այն:

Ռազմավարության երկրորդ փուլն ընդգրկում է 2020-2022 թվականները, որի ընթացքում նախատեսվում է մշակել շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձացմանն ուղղված ծրագրերը: Երրորդ փուլի մեկնարկը 2023 թվականն է, այս փուլում նախատեսվում է սեյսմակայունության բարձրացմանն ուղղված նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ փորձնական ծրագրերի իրականացում:

Եւ միայն 2025-2030 թվականներում ընկած ժամանակահատվածն է  դիտարկվում որպես ծրագրերի իրականացման համալիր ժամանակաշրջան:

Քաղաքաշինության կոմիտեից նաև հայտնել են, որ իրականացվելիք ծրագրերի իրավական հիմքերն ամրապնդելու և առավել որոշակիացնելու նպատակով քննարկման փուլում է նշված փաստաթղթի դրույթներն անհրաժեշտության դեպքում թարմացնելու և այլ իրավակարգավորումներով համալրելու ու Կառավարության որոշմամբ հաստատելու հարցը:

Նկատենք սակայն, որ մեր ուսումնասիրության մեջ կային այնպիսի վիճակում գտնվող բնակելի տներ, որոնց բնակիչների պնդմամբ՝ նույնիսկ հարևանությամբ անցնող արագընթաց մեքենան բնակարանում ցնցում է առաջացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter