
Փոխնախարար Գևորգ Լոռեցյանն ու ձերբակալված մյուս անձինք կալանավորվել են
Ազգային անվտանգության ծառայությունը մեղադրանք է առաջադրել դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման ենթարկված և ձերբակալված կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանին, վերջինիս վարորդին ու Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահին, ով միաժամանակ հանդիսանում է մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը:
«Ձերբակալված անձանց մեղադրանք է առաջադրվել, դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,- ի պատասխան «Հետք»-ի հարցի հայտնեցին ԱԱԾ լրատվական ծառայությունից՝ այլ մանրամասներ չհրապարակելով:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն դեկտեմբերի 4-ին տարածած հաղորդագրությամբ հայտնել էր, որ «ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար: Տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են»:
Մեկնաբանել