HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ֆինանսների նախարար. «Պետական պարտքը տարվա վերջում սպասվածից փոքր կլինի»

Այս տարվա վերջում Հայաստանի պետական պարտքն ավելի փոքր կլինի, քան սպասվում էր 2019 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ։ Ինչպես այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին հայտարարեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, այս տարի վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային ծրագրերի ցածր կատարողական է արձանագրվել։ «Բացի նրանից, որ մենք կունենանք անվանական ցածր ցուցանիշ, կունենանք նաև համեմատաբար ցածր հարաբերական ցուցանիշ։ Խոսքը պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության մասին է։ Մենք կանխատեսել էինք, որ մասնավորապես Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 50 %-ից բարձր կլինի, սակայն հիմա կանախատեսում ենք, որ այս տարվա արդյունքներով 49 %-ից փոքր-ինչ ավել կլինի»,- տեղեկացրեց նախարարը։

Ըստ նրա՝ այս ցուցանիշները համարժեք են իրենց սպասումներին. «Մեր հարկաբյուջետային քաղաքականությունը հենց այն տրամաբանության վրա էր խարսխված, որ մենք ունենանք այնպիսի քաղաքականություն, որը մեզ կերաշխավորի պարտքի կայունության տեսանկյունից ռիսկերի ապահովում, և դա հաջողվել է»։

Ատոմ Ջանջուղազյանը հիշեցրեց, որ Հայաստանն, ըստ տարբեր միջազգային չափանիշների, նվազ պարտքի բեռ ունեցող երկրների շարքում է։ Նա անդրադարձավ նաև եվրապարտատոմսերի վաղաժամկետ վերաֆինանսավորմանը։ Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերին Հայաստանը 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր է (արտարժութային պարտատոմսեր) թողարկել և դրանով փակում է 2020-ին նախանշված պարտավորությունը։ Բանն այն է, որ 2020 թվականին լրանալու էր 7 տարով թողարկված եվրապարտատոմսերի ժամկետը։ 2013 թվականին Հայաստանն առաջին անգամ թողարկել է եվրապարտատոմսեր (կամ եվրաբոնդեր) 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 7 տարի ժամկետով։ Իսկ եկամտաբերությունը՝ 6.25 %: Եվ 2020-ին Հայաստանը պարտավոր էր հետ գնել այդ պարտատոմսերը, սակայն ոչ թե 700 դոլարի, այլ՝ 500 դոլարի, քանի որ մնացած 200 մլն դոլարը մարել է 2015 թվականին, երբ երկրորդ անգամ թողարկվեցին արտարժութային պարտատոմսեր (500 մլն դոլարի, 10 տարի ժամկետով)։ «Ունենք նաև ակնառու ձեռքբերում կապված 2020 թվականին մարման ենթակա եվրապարտատոմսերի վերաֆինանսավորման հետ։ Նախկինում, երբ շոշափվում էր պետական պարտքի թեման, մեզ մշտապես ուղղվում էր այդ հարցը՝ 2020-ին արդյոք մեր կարողությունները թույլ են տալու հաղթահարել այն։ Հիմա ես արձանագրում եմ, որ այդ հարցն այլևս ակտուալ չէ, քանի որ կարողացել ենք հարթեցնել 2020 թվականի պարտքի սպասարկման գրաֆիկը։ Մեզ տրամադրվեցին պարտքային միջոցներ, որոնք էականորեն ավելի նպաստավոր պայմաններում են»,- նշեց նախարարը։

Ըստ 2020 թվականի պետբյուջեի նախագծի, որն ընդունվել է Ազգային ժողովի կողմից, կանխատեսումների համաձայն` 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կկազմի 3 տրլն 538 մլրդ դրամ (7 մլրդ 430 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 53.9 %-ը, իսկ 2020 թվականի տարեվերջին այն կկազմի 3 տրլն 705 մլրդ դրամ (7 մլրդ 780 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 52.2 %-ը:

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter