HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Պետպարտքի տոկոսավճարներին բյուջեից ավելի շատ գումար է հատկացվում, քան կրթությանն ու առողջապահությանը

Քանի դեռ Հայաստանի պետական բյուջեն դեֆիցիտով է՝ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, պետական պարտքը շարունակում է աճել։ Դրան զուգահեռ տարեցտարի ավելանում են բյուջեից այդ պարտքի տոկոսավճարներին ուղղվող գումարները։

Արդյունքում այսօր Հայաստանը ստիպված է պարտքի տոկոսները մարելուն ավելի շատ գումար հատկացնել, քան առողջապահության ոլորտին, կրթությանն ու բազմաթիվ այլ ոլորտների։

2020 թվականի պետական բյուջեի հիմքում դրված կանխատեսումների համաձայն` այս տարվա վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կկազմի 7.430 մլրդ դոլար (3 տրլն 538 մլրդ դրամ) կամ ՀՆԱ-ի 53.9 %-ը։ Իսկ 2020 թվականի տարեվերջին այն կկազմի  7.780 մլրդ դոլար (3 տրլն 705 մլրդ դրամ) կամ ՀՆԱ-ի 52.2 %-ը: Այս մասին նշված է Կառավարության բյուջետային ուղերձում, որը ներկայացվել է բյուջեի նախագծին կից։ Նախագիծը հրապարակված է Ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում, և որոշ տվյալներ օրերս թարմացվել են, քանի որ ցուցանիշների որոշակի տարբերություններ  կան ավելի վաղ e-gov.am հարթակում հրապարակված տաբերակի համեմատ։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանություն է տրել «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին։ Այն դեռևս պետք է ներկայացվի Ազգային ժողովի դատին։

Այսպիսով, չնայած պարտքի ավելացմանը՝ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունն, ըստ կանխատեսումների, եկող տարի նվազելու է 1.7 տոկոսային կետով։ Նախագծով կանխատեսվում է նաև, որ այս տարին կփակվի 6.3 % տնտեսական աճով, իսկ 2020 թվականին այն կկազմի 4.9 %:

Ըստ Կառավարության` Հայաստանի արտաքին պետական պարտքը 2020 թվականի վերջում կկազմի 5.857  մլրդ դոլար, իսկ ներքին պարտքը՝ 1.923 մլրդ դոլար։

Նույն տարում նախատեսվում է արտաքին պարտքի գծով 456 մլն դոլարի վարկ ներգրավել, որը 2019 թվականի (973 մլն դոլար) համեմատ ավելի քան կրկնակի ցածր է։ 2019-ի ցուցանիշը բավականին բարձր է և շեղված բյուջեում նախապես արձանագրված կանխատեսումներից, քանի որ վերջերս Կառավարությունը 500 մլն դոլարի նոր արտաքին պարտք ներգրավեց՝ թողարկելով եվրապարտատոմսեր։

Միևնույն ժամանակ, Կառավարությունը եկող տարի զգալի գումարներ է ուղղելու նախկինում վերցված պարտքի գծով մայր գումարների ու տոկոսավճարների մարմանը, որին կանդրադառնանք մի փոքր ուշ։

Նախագիծը կազմելիս 2019 և 2020 թվականների համար փոխարկումները կատարվել են 1 ԱՄՆ դոլար =476.17 դրամ փոխարժեքով (02.09.2019թ. դրությամբ արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեք (աղբյուր` ՀՀ կենտրոնական բանկ))։ Ռիսկային գործոն է այն, որ կախված փոխարժեքի տատանումներից՝ իրական պատկերը կարող է շեղվել կանխատեսվածից։

Կառավարության պարտքը

Ինչպես հայտնի է, Հայաստանի պետական պարտքի փոքր մասն է բաժին ընկնում Կենտրոնական բանկին, իսկ գերակշիռ մասը Կառավարության պարտքն է։ 2020 թվականի վերջի դրությամբ կանխատեսվող 7.780 մլրդ դոլար ընդհանուր պետական պարտքի 7.330 մլրդ դոլարը (3 տրլն 490 մլրդ դրամ) Կառավարության պարտքն է։ Ըստ կանխատեսումների՝ այն կկազմի ՀՆԱ-ի 49.2 %-ը և 2019 թվականի տարեվերջի համեմատությամբ ՀՆԱ-ի նկատմամբ կնվազի 1.1 տոկոսային կետով:

Նախատեսվում է 2019-2020 թվականներին Կառավարության պարտքի կառուցվածքում ավելացնել ՀՀ դրամով տեղաբաշխված պետական գանձապետական պարտատոմսերի կշիռը, որն ըստ կանխատեսումների կկազմի համապատասխանաբար 20.6 % և 23.7 %:

2020 թվականի տարեվերջի դրությամբ Կառավարության արտաքին վարկերի գծով պարտքի 39.4 %-ը բաժին կընկնի Համաշխարհային բանկին (Զարգացման միջազգային ընկերակցություն ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկ): Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկը վերջին տարիներին Հայաստանի խոշորագույն վարկատուն է։   

169.2 մլրդ դրամ՝ Կառավարության պարտքի սպասարկմանը

2020 թվականին Կառավարության պարտքի սպասարկման համար պետական բյուջեից  կծախսվի 169.2 մլրդ դրամը: Շեշտենք, որ այս ցուցանիշը ներառում է միայն Կառավարության պարտքի գծով տոկոսավճարները։ Սպասարկում ասելով՝ պետք է հասկանալ միայն տոկոսագումարների մարումները, իսկ մայր գումարի մարմանը հատկացվում են առանձին միջոցներ։

Պետական պարտքի մարման ու սպասարկման գծով ամեն տարի Հայաստանի պետական բյուջեից էական գումարներ են հատկացվում։ Եվ պարտքի աճին զուգահեռ տարիների ընթացքում ծանրացել է նաև մարման ու սպասարկման բեռը։ Համեմատության համար նշենք, որ կանխատեսվում է՝ 2019 թվականի վերջին պետական պարտքի տոկոսավճարների գումարը կկազմի 160.2 մլրդ դրամ, իսկ 2018-ին այն կազմել է 139 մլրդ դրամ։ Նաև նկատելի է, որ 2020 թվականին, ի տարբերություն նախորդ տարիների, պարտքի սպասարկմանն ուղղվող գումարների աճն ավելի մեղմ է։ Չնայած դրան, ըստ կանխատեսումների, Կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը փոքր-ինչ աճելու է՝ կազմելով 5.2 %. 2018-ին այն կազմել է 5 %, 2019-ի համար ևս նախանշված է 5 %-ը:

2020-ին կանխատեսվող 169.2 մլրդ դրամից 85.6 մլրդ դրամն ուղղվելու է ներքին պետական պարտքի տոկոսավճարներին, իսկ 83.6 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի։

Հասկանալու համար, թե պետական պարտքի սպասարկումն ինչ բեռ է մեր բյուջեի ուսերին, նշենք, որ կանխատեսվող 169.2 մլրդ դրամը կազմում է եկող տարվա բյուջեի ծախսերի մոտ 9 %-ը և ՀՆԱ-ի 2.4 %-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի պետական բյուջեի ընդհանուր ծախսերը պլանավորված են ավելի քան 1 տրլն 880.2 մլրդ դրամ։ Համեմատության համար՝ եկող տարվա բյուջեով կրթության ոլորտին նախատեսվում է հատկացնել 163 մլրդ դրամ, առողջապահությունը՝ 111 մլրդ դրամ, բնակարանաշինությանն ու կոմունալ ծառայություններին՝ 26 մլրդ դրամ և այլն։

Ինչ վերաբերում է Կառավարության պարտքի գծով մայր գումարների մարումներին, ապա՝ 2020 թվականին նախատեսվում է 284.7 մլրդ դրամ հատկացնել այդ նպատակով։ Ընդ որում՝ դրանից 123.4 մլրդ դրամը ներքին պարտքի մարմանն է ուղղվելու, իսկ 161.3 մլրդ դրամը՝ արտաքին պարտքի։ Նշենք, որ Կառավարության պարտքի տոկոսավճարների գումարները ներառված են բյուջեի ծախսերի մեջ, իսկ մարման գումարները նախատեսվում է վճարել նոր ներագրավվող պարտքերի հաշվին։

Այսպիսով, 2020 թվականին կառավարության պարտքի մարման և սպասարկման համար միասին կպահանջվի 453.9 մլրդ դրամ։ Արտաքին պարտքի մարման և սպասարկման գծով նախատեսվում է վճարել 244.9 մլրդ դրամ, իսկ ներքին պարտքի գծով՝ 209 մլրդ դրամ։ Ներքին պարտքը պետական գանձապետական պարտատոմսերի թողարկման միջոցով է գոյանում, իսկ արտաքին պարտքը՝ արտարժութային պարտատոմսերի թողարկման և արտաքին վարկերի ներգրավման հաշվին։

Այդ գումարները շատ ավելի մեծ կլինեին, եթե այս տարվա սեպտեմբերին Կառավարությունը չորոշեր 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր (արտարժութային պարտատոմսեր) թողարկել։ Բանն այն է, որ 2020 թվականին լրանալու էր 7 տարով թողարկված եվրապարտատոմսերի ժամկետը։ 2013 թվականին Հայաստանն առաջին անգամ թողարկել է եվրապարտատոմսեր (կամ եվրաբոնդեր) 700 մլն ԱՄՆ դոլար ծավալով և 7 տարի ժամկետով։ Իսկ եկամտաբերությունը՝ 6.25 %: Եվ 2020-ին Հայաստանը պարտավոր էր հետ գնել այդ պարտատոմսերը, սակայն ոչ թե 700 դոլարի, այլ՝ 500 դոլարի, քանի որ մնացած 200 մլն դոլարը մարել է 2015 թվականին, երբ երկրորդ անգամ թողարկվեցին արտարժութային պարտատոմսեր (500 մլն դոլարի, 10 տարի ժամկետով)։ Եվ, ահա, օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը սեպտեմբերին թողարկել է 500 միլիոն դոլարի եվրապարտատոմսեր և դրանով փակում է 2020-ին նախանշված պարտավորությունը։ Այսինքն՝ նոր պարտքով փակվել է հին պարտքը։

Այս նոր 500 մլն դոլարը թողարկվել է ավելի ցածր եկամտաբերությամբ՝ 4.2 %-ով, ինչը նշանակում է, որ այս պարտքի բեռը Հայաստանի համար ավելի ցածր է լինելու, քան նախկինն էր։ Նոր եվրապարտատոմսերը թողարկվել են 10 տարի ժամկետով։ Հետևաբար, Կառավարության պարտքի մարման ժամանակացույցը փոփոխվել է։ Նոր 500 մլն դոլարը Հայաստանը պարտավորվել է փակել 2029 թվականին։ Բայց մինչ այդ մեր երկիրը պարտավոր է մարել նաև 2015 թվականին թողարկված 500 մլն դոլարը, որն այսօրվա փոխարժեքով կազմում է 238 մլրդ դրամ։ Այն հարկավոր է մարել 2025 թվականին։

Հիշեցնենք, որ ըստ նախագծի՝ 2020 թվականի պետբյուջեն եկամուտների գծով կազմում է 1 տրլն 697.6 մլրդ դրամ, ծախսերի գծով՝ 1 տրլն 880.2 մլրդ դրամ։ Ու քանի որ ծախսերն ավելի շատ են, քան եկամուտները, հետևաբար բյուջեն դեֆիցիտային է, ինչպես եղել է նաև նախորդ տարիներին։ 2020 թվականի դեֆիցիտը (պակասուրդը) պլանավորված է 182.6 մլրդ դրամ:

Լուսանկարը՝ https://pixabay.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter