
Պետական պարտքը հունիսի վերջի դրությամբ 6.9 մլրդ դոլար է. ՀԲ-ն՝ խոշորագույն վարկատու
Այս տարվա առաջին կիսամյակի վերջի դրությամբ Հայաստանի համախառն պետական պարտքը կազմել է 6 մլրդ 934 մլն ԱՄՆ դոլար։ Սա ներառում է ինչպես մեր երկրի արտաքին պարտքը, այնպես էլ՝ ներքին։ Մասնավորապես, ըստ Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալների՝ հունիսի վերջի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 5 մլրդ 456 մլն դոլար, իսկ ներքին պարտքը՝ 1 մլրդ 478 մլն դոլար (արտաքին պարտքը դրամով հաշվարկած կազմում է 2 տրլն 603 մլն դրամ, իսկ ներքին պարտքը՝ 705 մլրդ դրամ)։
Տարեսկզբի համեմատ (31.12.2018թ. դրությամբ գրանցված ցուցանիշի համեմատ) Հայաստանի պետական պարտքն աճել է 11 մլն դոլարով կամ 0.2 %-ով։
Ընդ որում՝ աճել է ներքին պարտքը, իսկ արտաքին պարտքի մասով որոշակի նվազում կա։ Մասնավորապես, տարվա սկզբի համեմատ արտաքին պարտքը կրճատվել է մոտ 77 մլն դոլարով կամ 1.4 %-ով։ Իսկ ներքին պարտքն ավելացել է մոտ 88 մլն դոլարով կամ 6.3 %-ով։
Առաջին ինֆոգրաֆիկայում պարտքի ցուցանիշներն են այս տարվա առաջին կիսամյակի կտրվածքով։ Դրանք ցույց են տալիս, թե յուրաքանչյուր ամիս ինչպես են փոփոխվել պարտքի ցուցանիշները։
Հունիսի վերջի դրությամբ ունեցած 6 մլրդ 934 մլն դոլար համախառն պարտքի 4 մլրդ 113 մլն դոլարը Կառավարության արտաքին վարկերն են։ Վերջին տարիներին Հայաստանի ամենախոշոր վարկատուն Համաշխարհային բանկն է (ՀԲ) ՝ ի դեմս Զարգացման միջազգային ընկերակցության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի։
Այս տարվա հունիսի վերջի դրությամբ Հայաստանի կառավարության արտաքին վարկերի կազմում ՀԲ-ի տեսակարար կշիռը 42.4 % է, որի 16.9 %-ը բաժին է ընկնում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկին, իսկ 25.5 %-ը՝ Զարգացման միջազգային ընկերակցությանը։
Ասիական զարգացման բանկն ու Եվրասիական զարգացման բանկը ևս խոշոր վարկատուների ցանկում են։
Իսկ ներքին պետական պարտքը հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերն են։
Կառավարությունը ծրագրում է ավելի մեծացնել ներքին պարտքի կշիռը
Կառավարությունը օրեր առաջ հաստատել է Հայաստանի 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Այն ներկայացնում է առաջիկա երեք տարիների երկրի տնտեսական քաղաքականության տեսլականը, ռազմավարությունը։ Կանխատեսվում են կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշներ։ Այս ծրագրում բավականին անդրադարձ է կատարվել նաև պետական պարտքին։ Դրանում նշված է, որ անհրաժեշտ է զարգացնել ներքին պետական պարտքի շուկան և աստիճանաբար ավելացնել փոխառու զուտ միջոցների հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման մեջ ներքին փոխառու զուտ միջոցների հաշվին դեֆիցիտի ֆինանսավորման կշիռը՝ հաշվի առնելով պոտենցիալ ռիսկերը:
Հիշեցնենք, որ 2018 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է մոտ 6 մլրդ 923 մլն դոլար։ Ինչպես վկայում են Ֆինանսների նախարարության տվյալները, արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 5 մլրդ 533 մլն դոլար, իսկ ներքին պետական պարտքը՝ 1 մլրդ 390 մլն դոլար։ Տարվա ընթացքում պարտքն աճել է 148.3 մլն դոլարով կամ 2.2 %-ով։ Այն ավելացել է առավելապես ներքին պարտքի աճի հաշվին։ Մասնավորապես, արտաքին պարտքն աճել է 38 մլն դոլարով կամ 0.7 %-ով, իսկ ներքին պարտքը՝ 110.3 մլն դոլարով կամ 8.6 %-ով։
Մեկնաբանել