HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչու է Ֆինանսների նախարարությունը դեմ առողջության պարտադիր ապահովագրմանը

Հայաստանի Ֆինանսների նախարարությունը դեմ է առողջության համընդհանուր ապահովագրության գաղափարին, որն առաջ է քաշել Առողջապահության նախարարությանը՝ ի դեմս նախարար Արսեն Թորոսյանի։

Ըստ այդ հայեցակարգի՝ նախատեսվում է 2022 թվականից Հայաստանում ներդնել առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Դա ենթադրում է առողջապահության ապահովագրությունը դարձնել պարտադիր և աշխատող անձանց եկամտի 4-6 %-ը գանձել որպես առողջության հարկ։

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ առողջության համապարփակ ապահովագրությունը կամ ավելի ճիշտ է ասել՝ պարտադիր ապահովագրությունը կարող է վնասել տնտեսության մրցունակությանը։ «Մենք աշխատում ենք մեր տեսակետների մեջ չլինել կտրուկ, որովհետև համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյություն ունենալու իրավունք ունի։ Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ։ Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության աճին ուղղված գործողությունների պատրաստակամություն՝ որոշակի գին վճարելով։ Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախապայման դրել էինք այն գաղափարը, որ այն կարճաժամկետ հատվածում պետք է չեզոք ազդեցություն ունենա, որովհետև մեզ չենք կարող թույլ տալ, որ ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման արդյունքում հարկային եկամուտների կորուստներ ունենաք։ Հիմա ստացվում է, որ մենք մի կողմից Հարկային օրենսգրքի փոփոխություններով ուղղակի հարկերի բեռի նվազեցում ենք արել, մյուս կողմից՝ առողջության պարտադիր ապահովագրմամբ, ըստ էության, լրացուցիչ բեռ ենք ավելացնում»,- նշեց նախարարը։

Ըստ նրա՝ այս հարցում կա ընկալում, որ առողջության ապահովագրության բեռը վարձու աշխատողի, ոչ թե՝ գործատուի բեռն է, բայց խոշոր հաշվով դա բեռ է տնտեսության համար։ «Վարձու աշխատողը, եթե այդ գումարները գեներացներ, կարող էր ինքը ներդրումներ կատարել, օրինակ՝ նախաձեռնված կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ։ Թեկուզ փոքր մասնաբաժիններով կարող էր ներդրումներ կատարել՝ դրանով իսկ հավելյալ արժեք ստեղծելով»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը։

Առողջության համապարփակ ապահովագրմամբ, ըստ նախարարի, կստացվի, որ այդ գումարները ներդրվում են միայն առողջապահության համակարգում։ «Կարծում ենք, որ դեռ վաղ է այդպիսի որոշումների մասին խոսելը որպես կայացված որոշումներ։ Պետք է համակողմանի քննարկման առարկա դառնա այդ հարցը։ Ընդ որում՝ ես միայն մեկ տեսակետ ներկայացրի՝ հարցին մոտենալով զուտ տնտեսության մրցունակության տեսակետից։ Համոզված եմ՝ կան այլ փաստարկներ ևս։ Մյուս կողմն էլ կա հարցի։ Առողջապահության համակարգում այսօր, բացի պետական բյուջեից կատարվող ծախսերը, որոնք մշտապես համարվել են ցածր և տարբեր գնահատականներով մոտ երկու այդքան էլ ծախսվում է քաղաքացիների կողմից։ Բայց եթե ուշադրություն դարձնենք, ապա նույնիսկ այդ պայմաններում, քաղաքացիների, հասարակության վերաբերմունքն այնքան էլ բավարարված չի կարելի գնահատել։ Դժգոհությունն ավելի շատ է այս գաղափարի վերաբերյալ, քան գոհունակությունը։ Պետք է քննարկել այլընտրանքային տարբերակներ։ Պետք է եղանակներ գտնել՝ և՛ լուծել ապահովագրության հարցը, և՛ այնպես անել, որ հասարակության ու տնտեսվարողների վրա դա բեռ չդառնա և չխոչընդոտի մրցունակության աճին»,- նշեց ֆինանսների նախարարը։

Նա շեշտեց՝ իրենք վստահ չեն, որ առաջարկվող ճանապարհը կարող է հասցնել ցանկալի արդյունքների։

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունն առաջարկում է առողջապահության ապահովագրումը դարձնել պարտադիր ու համապարփակ։ Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման նախագիծը, որը ներկայացվել է օրեր առաջ, մի շարք քաղաքացիների դժգոհությունն է առաջացրել։ Առողջապահության նախարարությունը համարում է, որ առողջապահության համապարփակ ապահովագրումը թույլ կտա մարդկանց օգտվել հիմնական բժշկական օգնությունից և սպասարկումից, հասանելի կդարձնի այդ ծառայությունները նրանց համար։ Եվ սա, ըստ նախագծի հիմնավորման, բարելավելու է հիվանդացության և մահացության ցուցանիշները, նպաստելու է առողջական խնդիրների հետևանքով հաշմանդամության դեպքերի նվազմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter