HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

«Սաղսարա» ու «սաղ սեր ա» (պատմում են ստեղծողները)

Բարեւ, այս տեքստը նամակ-խոստովանության նման մի բան է, որովհետեւ վերաբերում է մի նախագծի, որը հենց նամակի նման է ստեղծվել մեծ ու անկեղծ ցանկություն անելու մի բան, որ հետո պիտի դառնար պատկեր, ձայն, պատում, դրվեր համապատասխան «ծրարի» մեջ ու որպես ուղերձ հասներ աշխարհի տարբեր անկյուններ։ 

Ես Անուշն եմ՝ այս տեքստի հեղինակը, եւ նաեւ «Սաղսարա» նախագծի պրոդյուսերը։ Պատմելու եմ նախագծի մասին եւ մյուս 11 սաղսարեցիներն էլ այս նամակ-ուղերձում պատմելու են իրենց անհավանական արկածների ու սարից սար անցնելու, գյուղից գյուղ ճամփորդելու, կարճ ասած՝ նոր մի բան ստեղծելու մասին։ 

«Սաղսարա»-ն մշակութային-հետազոտական, վավերագրական-երաժշտական նախագիծ է, եւ մենք հավատում ենք, որ «սարը սարին չի հանդիպի» արտահայտությունը բեկել հնարավոր է, եթե իրականացման քարտեզագրության մեջ քեզ միանում են անհատներ, ընկերություններ, կազմակերպություններ, մարդիկ, ովքեր քեզ հետ միասին հավատում են․․․ Իսկ նրանք արդեն կան, եւ նրանց շնորհիվ նաեւ հնարավոր է եղել անցնել «Սաղսարա» ճանապարհային քարտեզի առաջին երկու կետերը։ 

Ուրեմն «Սաղսարան» նախագիծ բառով բնութագրելը մի քիչ նեղացնում է հիմնական բովանդակությունը։ «Սաղսարան» գործողություն է, անընդհատ աշխատանք, անընդհատ ընդգծում, շեշտադրում, ունեցածը տեսնելու, զգալու, միասին կարեւորելու մղում։ «Սաղսարան» նաեւ հանրույթն էիմը չէ, քոնը չէ բոլորինս է։ Դրա համար «Սաղսարան» ազատ է խոսք ասելու, ազատ է երեւալու այնտեղ, որտեղ չկա ժամանակի, զբաղեցրած տարածքի սահմանափակում, որովհետեւ գյուղից բերված երգն ու պատկերը նման սահմանափակում հանդուրժել չեն կարող։

«Սաղսարա»-ն այդպես մարզից մարզ է անցնում, գյուղից գյուղ, որոշում կոնկրետ մարզի կոնկրետ կանգառը եւ սկսում ապրել գյուղացու հետ՝ իր տանը, նույն հարկի տակ, սկսում է աշխատել այդտեղ, հավաքագրել փաստը, դրվագը, ձայնը, պատումը, որից հետո վավերագրված պատկերը հասնում է մայրաքաղաք, վերածվում ֆիլմի, իսկ գյուղից բերված երգը մշակվում է՝ պահպանելով հենց սկզբնական տարբերակը՝ գյուղացու կատարմամբ։ 

Մինչ իմ թիմակիցները կիսվել են այս ամիսներին սարերով անցնելու իրենց փորձառության, տպավորությունների մասին, առաջարկում եմ դիտել առաջին երկու ֆիլմերը  այստեղ եւ այստեղ։ 

Պատմում է նախագծի ռեժիսոր, երաժիշտ Արմեն Պապյանը

Զարմանալի բան է, երբ հասկանում ես որ գյուղացու հետ շփումը շատ ավելի հեշտ է ստացվում համոզված եմ՝ դա գալիս է այդ մարդկանց անչափ պարզ, ավելի կենցաղազուրկ լինելուց, մարդ-մարդ հարաբերությունների մեջ վստահության ու ջերմության առատությունից։ 

Իմ կարծիքով մարդիկ ձեռք են բերել ինչ-որ ավելորդ շերտեր, որոնք միայն խանգարում են այլ մարդկանց հետ շփվելիս, բայց գյուղացու հետ առնչությունը ճիշտ հակառակին է տանումհասկանում ես, որ նման շերտեր իրենք չունեն կամ, եթե այդպիսիք կան, շատ քիչ են, գրեթե աննկատ։ Այս է իրենց առաջնային կարեւոր հատկանիշը․․․ Ի վերջո մարդը մի օր պիտի հասկանա այդ շերտերի ավելորդ լինելու մասին։

Ամեն գյուղում սպասում եմ, որ ․․․ Իմ սպասելիքները չեն լինելու, բայց փոխարենն ավելի լավ բան է լինելու։

Լինում են պահեր, երբ պլանավորում ես նկարահանման օրդ, բայց սկսելուն պես միանգամից ամեն ինչ փոխվում է, ու պետք է այդ ժամանակ ուղղակի արագ կողմնորոշվել ու որոշում կայացնել, թե ինչպես հենց հիմա նկարահանես տեղի ունեցողը։ Այդպես պլաններդ մի կողմ ես դնում ու հաճույք ստանում վավերագրելու ընթացքից։ 

Գյուղական գիշերները սկսում են մայրամուտից մեկ ժամ անց։ Լուռ գիշերներ են, բայց ոչ անձայն, աստղերը մեծ են ու շատ։ Այս ամբողջության մեջ ձեւավորվում է ահավոր մեծ մի տարածք՝ մտածելու, մտքերդ իմի բերելու ու ի վերջո իսկապես հանգստանալու համար։ 

Ամեն էպիզոդ ունի իր պատմությունը, այն սկսվում է այսպես․․․   «Բարեւ ձեզ, ո՞նց եք»։

Պատմում է նախագծի օպերատոր Բագրատ Սարոյանը

Նկարահանումների ընթացքում ամենահետաքրքիրն պահն այն է, երբ մտնում ես առաջին տուն, առաջին հերոսին ես առնչվում, որովհետեւ երբ առաջին տուն մտնելուց սկսում ես խոսել նախագծի մասին, դեռ նկարահանում չկա, դեռ չգիտեն՝ ինչ է լինելու, բայց իրենց դեմքի պայծառանալուց ու ոգեւորությունից արդեն սկսում ես ուժ ստանալ, հետո միանգամից օգնում են, ուզում են տանել, ողջ գյուղով պտտել, ծանոթացնել մեզ ամեն մեկին։ 

Նկարահանումների ժամանակ համարյա դժվարություն չկա, որովհետեւ թիմային ենք աշխատում։ Եթե անգամ, ես՝ որպես օպերատոր, մի բան չեմ նկատում, մեկը հուշում է, արձանագրում, կապում ինձ կադրին ու պատկերին։ Երեւի դժվարը ստեղծագործական պրոցեսն է, որ նկարահանումներից առաջ եւ հետո է ի վերջո մենք 12 անհատ ենք, եւ ամեն մեկն իր ստեղծարար միտքն ու մոտեցումն ունի։ 

Երբ գյուղից վերադառնում ենք քաղաք․․․ Չեք հավատա, բայց ամենամեծ խնդիրը հենց այս նախադասության մեջ է․․․ Քաղաքում էլ դեռ շարունակում ենք գյուղում «լինել»։ Առնվազն մեկ շաբաթ է անհրաժեշտ, որ քեզ պոկես գյուղից, քո այնտեղի ապրումներից, որովհետեւ քաղաքն այդտեսակ ազնվություն, բացություն, ընդունելություն չունի իր մեջ։ 

Պատմում է նախագծի երաժիշտ, հնչունային օպերատոր Գոռ Թադեւոսյանը

Գյուղից բերված երգը, ձայնը խիստ կարեւոր է,  որովհետեւ  հենց դրա միջոցով պետք է մարդկանց փոխանցես այն բոլոր զգացողությունները, որոնք դու ես լսում այդ պահին։ Դրա համար ձայն գրելը առավելագույն բծախնդրություն է պահանջում։ Շատ կարեւոր է նաեւ երգի ընտրությունը․․․ Եվ վերջնական երգն ընտրելիս դեռ վեճ չի եղելշատ հետաքրքիր է, որ միանգամից համաձայնության ենք գալիս։

Տարօրինակ էր, երբ Ոսկեհասկում այնքան հանգիստ էինք, ինչպես մեր տանըի վերջո այնտեղ հասկացանք նաեւ, որ անում ենք մի բան, որը մի օր այսպես, թե այնպես պիտի անեինք։ 

Ինչ էլ լինի, այս նախագիծը պիտի շարունակվի, քանի որ  հավատում ենք ինքներս մեզ, հավատում ենք, որ գաղափարը վարակիչ է ու ոգեշնչող,  ուզում ենք հիշեցնենք նախ ինքներս մեզ, ապա  բոլոր հայերին մեր ով լինելու մասին, եւ որ այդ «ով լինելը» շարունակելիություն պիտի ունենա մշակույթի ճանաչման, մեր ունեցածի ներկայացման միջոցով․․․ Իսկ այդ մշակույթը աշխարհին եւս ասելիք ունի։ 

Պատմում է նախագծի երաժիշտ, հնչունային օպերատորի օգնական Լազո Պողոսյանը

Ամեն գյուղ գնալուց առաջ մտածում եմ, որ գտնելու ենք մի գանձ, որը հանրությունից թաքուն է պահվել ու երբեւէ չի ցուցադրվել, չի բացվել, չի բացահայտվել․․․ Ու արդեն, երբ գյուղն ընտրվում է, ու մենք ճանապարհին ենք, ոգեւորությունս հասնում է անսահմանության։ 

«Գանձերի կղզի» գնալու պես մի բան է, երբ դու գիտես, որ ունես քարտեզը, բայց չգիտես կոնկրետ ինչ ես գտնելու։ Ոգեւորությունս նաեւ գյուղացու հետ շփումից  է, նրանց կյանքին, կենցաղին, վարվելու ու ապրելու մշակույթին առնչվելուց ․․․ Կուլմինացիան վերադարձն է, երբ արդեն գիտես, որ հետդ բերում ես մի բան, որը բոլորինն է, բայց դեռ շատերը չեն նկատել, չեն լսել, չեն տեսել։ 

Երաժշտությունը գլխումս սկսում է փոխվել, երբ իմ մտքին ավելանում են սաղսարեցիների պատկերացումները՝ ամեն մեկի միտքն ու զգացումը ծնում է մի նոր գաղափար, նոր շերտ, որն ամբողջանում է՝ վերածվելով այն ամենի, ինչը պատրաստ ենք հանրայնացնել։ 

Պատմում է նախագծի երաժիշտ, օպերատորի օգնական Ռաֆֆի Տէրտէրեանը

Ես արդեն Փարիզ պիտի տեղափոխվեի, բայց  «Սաղսարան» սկսվեց, ու շոշափելի երեւաց նաեւ Հայաստան գալուս իմաստը։ Պիտի մնամ, ապրեմ այս նախագծի հետ, որը կարծեմ արդեն բոլորի սրտի մեջ թաքուն մի տեղ ունի պահված։ Մինչեւ այս պահն էլ նվագել եմ տարբեր խմբերի հետ, որոնք ժողովրդական երգերի մշակումներով են հանդես եկել, բայց «Սաղսարան» իրականացնում է մեր երազները՝ այնքան ուժեղ ու բնական ձեւով, որ կոչվում է վավերագրություն (իմ սիրելի վավերագրություն)։

Հայկական գյուղերն ինձ համար բացահայտում են․․․ Մթնոլորտը լրի՜վ ուրիշ է։ Ապրում ես լեռների, հողի հետ, որովհետեւ գյուղի կյանքը կապված է շրջակա բնականությանը։ Հենց այդ բնականն էլ զգում ենք իրենց երգերում, եւ, երբ քաղաք ենք վերադառնում, հասկանում ենք, որ գյուղացուց սովորելու շատ բան ունենք։ 

Փարիզի հայերն էլ են անհամբերությամբ սպասում «Սաղսարա» ֆիլմերին, որովհետեւ իրենց սիրտն էլ, ինչպես իմը, կպել է այս իրականացումին։ Սփյուռքահայերը ուրախ են, երբ շարժում են տեսնում հայերի կողմից՝ մանավանդ, երբ այդ շարժումը մշակութային է։ 

Երբեմն սփյուռքն իսկապես Հայաստանի մասին գիտելիքի եւ ինֆորմացիայի պակաս ունի․․․ Կարծեմ «Սաղսարան» իր աչքով, իր անսահման սիրով, ցույց է տալիս Հայաստանի գյուղերը այլ, ոչ տուրիստական ձեւով։ Պիտի շեշտեմ, որ բացի հայերից նախագիծը սիրել են նաեւ բազմաթիվ ֆրանսիացի ընկերներս եւ ոչ միայն․․․

Պատմում է նախագծի հետազոտող, լուսանկարիչ Գոհար Թադեւոսյանը

Հետազոտել գյուղը, ֆիքսել պատկերը, ապրել այդ գյուղի առօրյայով, դառնում է անբաժանելի մաս, որովհետեւ գյուղացին հիշեցնում է էն ամենի մասին, ինչ իսկապես կարեւոր է․․․ Էն ամենի մասին, ինչ բնական է, սիրուն, ինչից, ցավոք, մեր կամքից անկախ, հաճախ հեռանում ենք։

Ինչքան էլ փորձես պրոֆեսիոնալ մոտենալ գործին, գյուղացու առօրյան չես կարող խախտելհակառակ դեպքում՝ ամեն ինչ կփչանա։ Մենք երբեք չենք փորձում կադրեր բեմադրելայդպես ընդամենը մի քանի վայրկյանով աչքին հաճելի կլինի ու էսթետիկ հույզեր կբավարարի միայն։ Էս գծած, բեմադրած, մոմե իրականության մեջ մենք մի պահ կանգ ենք առնում ու ուզում համոզվել, որ բնականը դեռ կա, ու, որ դա շարունակում է մնալ ամենասիրունը. ժանրի կլասիկան։ Էս պարագայում բնականը հենց գյուղացու առօրյան է՝ առանց ավելորդ միջամտության․․․ Այդ գեղեցկությունը շատ ժամանակ գյուղացին՝ ինքը, հոգնությունից դադարում է տեսնել։

Գյուղի առավոտն ու երեկոն տարբեր են, որովհետեւ այնտեղ մարդիկ ներկա պահով են ապրում։ Մեր սովորական առօրյան հաճախ միապաղաղ է թվում մենք կամ հեռախոսի մեջ ենք, որտեղ միշտ ամեն ինչ նույնն է, կամ շտապում ենք (եսիմ ուր), կամ էլ մտածում ենք անցյալի արածների, լավագույն դեպքում էլ ապագայի անելիքների մասին․․․ Ու էն, ինչ մեր շուրջը կատարվում է, շատ ժամանակ չենք էլ նկատում, մինչդեռ ուղղակի բավական է ինչ֊-որ պահի կանգ առնել, սիրելի մեկին բարեւել, ֊զրուցել, ու կյանքը գույներ, տրամադրություն, թթվածին է ստանում․․․ Գյուղում մարդիկ իրական շփումը կարեւորել ու պահպանել են, ու իրանց գույները միշտ տեղն են .․․ Այդպես առավոտյան մութը փոխվում է լույսի, երեկոյան մութը փոխարինում է լույսին։

Պատմում է ֆիլմի մոնտաժի ռեժիսոր Վահան Սեթոյանը

Երբ արդեն հերթական էպիզոդը հասնում է գունամշակման, հասկանում եմ, որ հաջորդ պատմությունն է եկել, հաջորդ կանգառը, որն ուրիշ է, տարբեր ․․․Հասկանում եմ , որ խրոնիկ գերծանրաբեռնվածության մեջ սա ուրիշ կանգառ է, ուրիշ պատմություն, որը խնամքով ու հոգատարությամբ ներկայացնելու պահանջ կա։

Նմանատիպ պատկերի հետ աշխատելը թույլ է տալիս, ավելի ճիշտ՝ ստիպում է բոլորիս լինել առավելագույնս անկեղծ ու ազնիվ։ 

Այն, ինչ մենք ենք անում, ուղղակի աշխատանքից վեր է«Սաղսարան»  ստեղծելուց հաճույք ենք ստանում բոլորս, որովհետեւ ողջ ընթացքում գործում ենք ուրիշ ձեւով, ուրիշ էներգետիկայով, ուրիշ տրամադրությամբ։ 

Պատմում է նախագծի հնչունային ռեժիսոր, ձայնագրային խմբագիր Էրիկ Սեյրանյանը

Ամեն երգի մշակում յուրահատուկ մոտեցում է պահանջում, քանի որ ամեն երգ ինքնին յուրահատուկ պատմություն ունի, առանձնահատուկ թեմա, խիստ տարբեր տրամադրություն ու ռիթմ։ 

Այդքան շատ երաժիշտների հետ աշխատելը հեշտ չի, բայց մենք ընդհանուր եզրեր ենք գտնում, որովհետեւ ամեն փոփոխություն քննարկում ենք՝ անհրաժշետության պահերին դադար տալիս, որպեսզի ամեն մեկս երգի թեմայի եւ կատարման նկատմամբ կոնկրետ զգացողություն ընդգծի, կոնկրետ մեկ ընդհանուր գաղափարի գանք։ 

Այն, ինչ ներկայացնում ենք որպես վերջնական երգ, երկարատեւ պրոցեսի արդյունք է, քանի որ ինչքան շատ երաժիշտ, այնքան շատ մոտեցում․․․ Ինչքան շատ մոտեցում, այնքան շատ թեմատիկ, ժանրային ուղղություն։ Ինչքան շատ պրոֆեսիոնալիզմ, այնքան բծախնդրություն։ Այդպես ժամեր, օրեր, շաբաթներ շարունակ «հունցում» ենք երաժշտական մեր խմորը, որի վերջնարդյունքից  բոլորս կարող ենք հանգիստ ժպտալ։ 

Պատմում է նախագծի վոկալիստ, հանրայնացման պատասխանատու, թարգմանիչ Լելո Բալյանը

Երբ տղաները հավաքվում են ստուդիայում, էներգիան սկսում է հոսել, որովհետեւ որքան էլ նրանք տարբեր են, բոլորի՝ դեպի երաժշտությունն ունեցած մեծ սերը կապող է։ Այդ ստեղծարար կապի հետեւանքով կամ արդյունքում է, որ ստացվում է ոչ միայն «Սաղսարա» գաղափարը ռեալիզացնել, այլ նաեւ ամուր, անփոխարինելի ընկերություն ունենալ, որն այս դեպքում անչափ կարեւոր է։ 

Գիտեմ, որ այս նախագիծը հանրային մեծ ուշադրության է արժանանալու, քանի որ ամբողջովին անկեղծ է․․․ Այն աշխատանք չէ, մեխանիկական գործողություն չէ, պարտավորություն չէտարերք է, հաճույք, ապրելակերպ, ինչը, կարծում եմ, էկրանից այն կողմ տեսանելի եւ շոշափելի է դառնում ամեն մեկի համար։ 

Պատմում է վոկալիստ Ռիմա Ֆարսյանը

Դուք ինձ դեռ չեք տեսել, բայց ես կարեւոր բան ունեմ ասելու այն մասին, թե ինչպես է երեւալու իմ ու «Սաղսարա»-ի կապը, որն արդեն պինդ հիմքեր ունի, բայց դեռ ձեր էկրաններին չի հայտնվել։ «Սաղսարան» դեռ շատ ասելիք ունի, ու այն, ինչ խնամքով հավաքվում ու ներկայացվում է որպես ժողովրդական երգի նոր մշակում, երեւալու ու լսելի է դառնալու նաեւ իմ միջոցով․․․ Կարճ ասած՝ շատ շուտով սարերի հետ ես էլ եմ երգելու։ 

Իսկ առհասարակ հայկական ժողովրդական երգերի մշակումը շատ կարեւոր է, որովհետեւ մեր երգն էլ ենք մենքայդ մենքի հետ աշխատանք պիտի տանել, ներկայի մեջ պիտի պահել այն, ինչ մեր ինքնությունն է սահմանում։ Կյանքն արագ է ընթանում, ժամանակները փոխվում են, փոխվում է միջավայրը, ապրելակերպը, ճաշակը, բայց այն, ինչ արդեն ունենք, չկորցնելու մեթոդ, մանրակրկիտ մոտեցում է պահանջում։ 

Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ դրսից ներս բերելը շատ ավելի թույլ է, քանի ներսինին շունչ տալը։ Ես իմ սարերի երգից եմ շունչ ստանում ու հենց դրանց կատարման ժամանակ եմ ձայնս ներսից լսում․․․ Հոգիս եմ լսում։ 

Պատմում է նախագծի երաժիշտ Հայկ Գալստյանը 

Նվագելու ժամանակ մտածում եմ, ավելի ճիշտ՝ հիշում մանկությանս գյուղի ձայները։ «Սաղսարան» ապրեցնող է նվագել այստեղ, լինել սարերից եկածի մասը, այնքան նուրբ ու կարեւոր մոտեցում է պահանջում, որ անգամ հարվածային գործիքս պիտի իր դրությունից դուրս գա, ուրիշ, էներգետիկ հզոր մի բան տա․․․

Ամեն երգի հետ, մտովի այն տեղերում ես, որտեղ երբեւէ չես եղել եւ գուցե այլեւս չես էլ կարող։ Այդ երեւակայական տեղերի մարդուն եմ տեսնում, այդ մարդու հետ փորձում եմ խոսել, փորձում եմ ինձ տեղակայել մի տարածքում, որն այնքան աներեւակայելի է, որքան երգի փոխանցման երկար ու հետաքրքիր ճանապարհը։ Ամեն երգի հետ հազար անգամ անցնում ես այդ երեւակայական ճանապարհով եւ չես հոգնում։ 

Հետգրություն։ ․․․Եվ ես՝ որպես նախագծի պրոդյուսեր, այս անգամ ոչինչ չեմ ասի բացի մի կարեւոր բանից «Ականջդ մոտիկ բեր, աչքդ բաց պահի»․․․ Մնացածն արդեն ազնիվ կերպով ներս է լցվելու։ Իսկ Սաղսարան շարունակելու է ճանապարհային քարտեզով դանդաղ, սիրուն ու նպատակաուղղված առաջ ընթանալ․․․

Հայաստանից հյուսիսից կամաց շարժվում ենք առաջ։ Հաջորդ մեր կանգառը Արագածոտնի մարզում է, եւ այդ հաջորդի ստեղծման համար եւս անքուն գիշերներ, ժամեր տեւող զրույցներ, գաղափարական բախումներ ու սեր է լինելու։ 

*** 

Լուսանկարները՝ նախագծի հետազոտող, լուսանկարիչ՝ Գոհար Թադեւոսյանի («Սաղսարա-Ոսկեհասկ» ֆիլմի նկարահանման ընթացքից)։ 

Գլխավոր լուսանկարը՝ դրվագ «Սաղսարա-Ոսկեհասկ» երկրորդ ֆիլմից։

Լելո Բալյանի, Ռիմա Ֆարսյանի եւ Վահան Սեթոյանի լուսանկարները՝ անձնական արխիվից։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter