
Հաշմանդամության 3-րդ աստիճան ունեցող զինծառայողները չեն ներառվի զինծառայողների ապահովագրության հիմնադրամում. «Իմ քայլը» դեմ քվեարկեց
Խորհրդարանը չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության օրենսդրական առաջարկը` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի շրջանակում հատուցում նախատեսել նաև երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց։
Նախագիծը չընդունվեց, քանի որ դեմ էր խորհրդարանական մեծամասնությունը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` կոչ անելով դեմ քվեարկել նախագծին: Մակունցի խոսքով` այս տեսքով փոփոխությունները համահունչ չեն Կառավարության որդեգրած քաղաքականությանը:
Հիշեցնենք, որ լիագումար նիստում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը հայտնել էր, որ նշված նախագծով հիմնադրամի հիմնադրման ժամանակ դրված նպատակներից շեղում է արձանագրվում:
Ուշագրավ է, որ նախագծին կողմ էին Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի իմքայլականները, այդ մասին նրանք իրենց ելույթներում էին ասում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն իր ելույթում ասում էր, որ սա զինվորներին ուղղված ուղերձ է` կարևորը դուք առողջ տունք վերադարձեք.
«Չենք ուզում մտածեք, որ պետք է ծանր-ծանր վիրավորում ստանաք կամ զոհվեք, որ աջակցություն ստանաք»,- ասել էր նա:
Այսօր պատգամավորը, ինչպես և Պաշտպանության և անվտանգության մյուս «Իմ քայլականները» ձեռնպահ քվեարկեցին:
Նկատենք նաև, որ լիագումար նիստում նախագծի հիմնական զեկուցող Մանե Թանդիլյանը թվեր չհնչեցրեց, թե փոփոխությունների պարագայում այն քանի շահառուի վրա կտարածվի, սակայն ասաց` թվերն ավելի փոքր են, քան իր նախատեսածն է:
«Եթե ենթադրենք, որ տարեկան քսան հոգի է, մեկ տարվա ծախսը կկազմի 130 միլիոն դրամ»,- ասել էր նա:
Մեկնաբանել