
Անդրանիկ Քոչարյանը դիմեց խորհրդարանին ապրիլյան դեպքերը քննող հանձնաժողովի գործունեության ժամկետ երկարաձգելու համար
Խորհրդարանում քննարկվեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի դեպքերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը ևս վեց ամսով երկարաձգելու հարցը:
2016-ի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է այս տարվա մայիսին՝ 47 պատգամավորի դիմում-պահանջով:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ԱԺ նիստին հայտնեց, որ հանձնաժողովը վերջին նիստում միաձայն որոշում է ընդունել` դիմել խորհրդարանին, որպեսզի երկարացվի հանձնաժողովի գործունեության ժամկետը:
Հանձնաժողովի նախագահը խորհրդարանին ներկայացրեց հանձնաժողովի կատարած աշխատանքի մասին հաշվետվություն: Վերջինիս խոսքով` հանձնաժողովի փորձագետների կողմից կազմվել է նախնական ուսումնասիրման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, որը ուղարկվել է Պաշտպանության նախարարություն:
«Հուլիսի իննին ՊՆ-ից ստացվել է փաստաթղթերի առաջին խումբը և սկսվել մանրակրկիտ ուսումնասիրություն, առ այսօր հանձնաժողովն ուսումնասիրել է 2684 էջ ծավալով 147 տեքստային, 14 գրաֆիկական քարտեզներ, տեղեկատվական, վերլուծական, հետախուզական, զորքերի կառավարման օպերատիվ և այլ բնույթի գաղտնի և հույժ գաղտնի փաստաթղթեր, 21 նիստ է եղել, 10 զինծառայող է քննվել, այդ քննության արդյունքում հնչեցվել է շուրջ 415 հարց, որոնց վերաբերյալ ստացել ենք ճշտումներ, պարզաբանումներ»,- ասաց նա:
Անդրանիկ Քոչարյանի խոսքով` հանձնաժողովն իրականացնելու է իր կողմից նախապես հաստատված ցանկի պաշտոնյաներին լսելու աշխատանքներ, նման պաշտոնյաների թիվը կարող է հասնել քառասունի:
Մեկնաբանել