HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանի անդրադարձը Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր անդրադարձել է հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին: Արձագանքները, թե ինչ զավեշտ է Սերժ Սարգսյանին 400 մլն դրամի չարաշահման համար մեղադրանք առաջադրելը, զարմացրել են վարչապետին:

«Ես հասկանում եմ, որ կան մարդիկ Հայաստանի Հանրապետությունում, ովքեր կոռուպցիայի դեմ պայքարը պատկերացնում են համերգ հեռուստադիտողների պատվերով»,- նշեց վարչապետը, հավելելով, որ կոռուպցիոն մտածողությունը և կոռուպցիայի դեմ պայքարի ընկալումը մեկը մյուսի շարունակությունն է, և գործ ունեն նույն ծագման հետ, թե ինչպես է ընկալվում կոռուպցիայի դեմ պայքարը և ինչպես է ընկալվում կոռւպցիայի դեմ պայքարի անհրաժեշտությունը:

«2 կամ 3 օր առաջ Ազգային ժողովում ելույթ ունենալիս ես հայտարարեցի, որ պետական բյուջեից ոչ մի կոպեկ չեմ գողանում: Անկեղծ ասած՝ այդ հայտարարությունից հետո զգացի, որոշակի դիսկոմֆորտ ունեմ իմ այդ հայտարարության հետ: Հասկացա, որ իրականում այդ հայտարարությունը կիսատության որոշակի էլեմենտ ունի: Այո, ես պետական բյուջեից ոչ մի կոպեկ, ոչ մի լումա չեմ գողանում, բայց գիտեմ նաև, որ, ցավոք սրտի, Հայաստանի Հանրապետության պետական  միջոցները 100 % արդյունավետությամբ չեն ծախսվում»,- ասում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի կազմակերպած Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ:

Նիկոլ Փաշինյանը վարչապետի գործունեությանը վերաբերող պետական ծախսերը ևս 100 % արդյունավետ չհամարեց, սակայն նշեց, որ դա իր օրակարգի հարցն է, և միշտ չէ, որ դրանով զբաղվել է բավարար ինտենսիվությամբ:

«Երբ կան ավելի գլոբալ խնդիրներ, որոնք կապված են միլիարդների հետ,  հարյուր միլիարդների հետ, հարյուրավոր միլիոնների հետ, այդ  համատեքստում, երբ օրակարգի հրատապ հարցերը դրանք են, ճիշտն ասած, հարյուր հազարների, հինգ հարյուր հազարների, մեկ միլիոնների հետ կապված հարցերով միշտ չէ, որ ժամանակ եմ ունենում զբաղվել»,- ասաց Ն. Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ընդհուպ 1000 դրամի մակարդակով  պետական ծախսերի արդյունավետության հասնելը իրենց ամենօրյա աշխատանքի օրակարգի հարցն է և գնալու են այդ ճանապարհով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter