HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վազգեն Ռշտունին դատավոր Աննա Դանիբեկյանի գործով կալանավորված Սարգիս Օհանջանյանին ազատ արձակելու որոշում է կայացրել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, բավարարել է դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալ Սարգիս Օհանջանյանի պաշտպանների բողոքը՝  նրա կալանքի ժամկետը երկարացնելու որոշման դեմ և Օհանջանյանին ազատ արձակելու որոշում կայացրել: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Օհանջանյանի պաշտպան Արամ Վարդևանյանը: Օհանջանյանը պահվում է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում: Արամ Վարդևանյանն այժմ այցելում է այնտեղ` համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու համար, որպեսզի Օհանջանյանն ազատ արձակվի:

«Վերաքննիչ բողոք էի տարել, որն ամբողջությամբ բավարարվել է` բացառությամբ հիմնավոր կասկածի մասի, որովհետև պարոն Ռշտունին հավատարիմ է մնում Վճռաբեկ դատարանի այն նախադեպին, որով, երբ դատարանը վարույթ է ընդունում գործը, վերադաս դատական ատյանը չպետք է անդրադառնա հիմնավոր կասկածին` դրանով կաշկանդելով վարույթ ընդունած մարմնին: Այսինքն՝ բողոքը բավարարվել է կալանքի պայմանների բացակայության հիմքով»,- ասաց Արամ Վարդևանյանը: Պաշտպանը նշեց, որ ստացել է դատավոր Ռշտունու կայացրած որոշումը, այլ ոչ թե միայն դրա  քաղվածքը:

«Որոշման որակը, Վազգեն Ռշտունու` նիստը վարելու ձևը հաշվի առնելով` կարող եմ ասել, որ անգամ եվրոպական ժողովրդավարական երկրները կնախանձեն՝ նման դատավոր ունենալու համար»,- ասաց Վարդևանյանը:

Հիշեցնենք, որ Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեջ մեղադրվող Սարգիս Օհանջանյանի և Նարեկ Մութաֆյանի գործն արդեն ուղարկվել է առաջին ատյանի դատարան, մակագրվել դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, ով վարույթ է ընդունել այն:

Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին, ըստ «Դատալեքսում» առկա մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով գնացել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող Արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպեն Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի և այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:

Այնուհետև, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել են իր բնակության վայր գնացող Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցրել նրան, թե արդյոք «վնգստացող» դատավորների շարքի՞ն է պատկանում` կապված Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, որից հետո Նարեկ Մութաֆյանն առաջարկել է նրան ցույց տալ գլխի հատվածը պարզելու համար՝ փայտի հարվածների հետքեր կան նրա գլխին, թե` ոչ, որից հետո փորձել է տեսանկարահանել այդ հատվածը և այդ ամենն իր ու Օհանջանյանի կողմից տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործով Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:

Սարգիս Օհանջանյանին կալանավորելու, ինչպես նաև նրա կալանքի ժամկետը երկարարացնելու որոշումները կայացրել է առաջին ատյանի դատարանի դատավոր Նելլի Բաղդասարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։