
Դատավոր Աննա Դանիբեկյանին պատահած միջադեպի գործն ուղարկվել է դատարան
Դատավոր Աննա Դանիբեկյանի գործով մեղադրյալներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից:
Նարեկ Մութաֆյանին և Սարգիս Օհանջանյանին, ըստ «Դատալեքսում» առկա մեղադրական եզրակացության համառոտ բովանդակության՝ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, նախապես տեղեկանալով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի դատավոր Աննա Արտեմի Դանիբեկյանի կողմից ՀՀ արդարադատության ակադեմիայում գտնվելու և դասընթացների մասնակցելու մասին, դատավորի կարծիքի վրա ազդելու նպատակով, 2019թ. սեպտեմբերի 27-ին, ժամը 16:50-ի սահմաններում, իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով գնացել են Երևան քաղաքի Փիրումյանների փողոցի թիվ 9 հասցեում գործող ՀՀ արդարադատության ակադեմիա, սպասել նշված վայրի բակում, որպեսզի դասընթացների ավարտից հետո հանդիպեն Դանիբեկյանին, հանդիպումը տեսաձայնագրի և այն ուղիղ կապի միջոցով «փորձենք օգնել ֆեմիդային» վերտառությամբ հոդվածի տեսքով տարածեն համացանցում, սակայն Դանիբեկյանը, խույս տալով վերջիններիցս, դուրս է եկել ակադեմիայի հետևի մուտքից ու հեռացել:
Այնուհետև, նույն օրը՝ ժամը 20:30-ի սահմաններում, շարունակելով իրենց հանցավոր մտադրությունը, Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի 28 հասցեում գտնվող Կոմիտասի անվան պանթեոնի հարակից այգում հետապնդել են իր բնակության վայր գնացող Դանիբեկյանին և վերջինիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելով` հարցրել նրան, թե արդյոք «վնգստացող» դատավորների շարքի՞ն է պատկանում` կապված Ռ. Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի որոշման հետ, որից հետո Նարեկ Մութաֆյանն առաջարկել է նրան ցույց տալ գլխի հատվածը պարզելու համար՝ փայտի հարվածների հետքեր կան նրա գլխին, թե` ոչ, որից հետո փորձել է տեսանկարահանել այդ հատվածը և այդ ամենն իր ու Օհանջանյանի կողմից տեսաձայնագրելու և ուղիղ կապի միջոցով համացանցում տարածելու ձևով ճնշում գործադրելով` միջամտել է Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ դատական գործով Դանիբեկյանի կողմից հետագայում կայացվելիք որոշումների արդարացի ընդունման վրա:
Քրեական գործը մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը:
Լուսանկարում՝ ձախից Սարգիս Օհանջանյանը, Նարեկ Մութաֆյանը
Մեկնաբանել