Պտույտ մը աշխարհին թաղերուն մեջ
Ճամփորդական նոթեր Արևի երկրից
Ես, հավանաբար, դեռ չեմ հանդիպել մարդկանց, հատկապես երիտասարդների, ովքեր տարբեր առիթներով ասած չլինեն (գոնե մեկ անգամ), որ կյանքում իրենց երազանքներից մեկը ճամփորդելն է։
Կարողանալ ունենալ այնպիսի աշխատանք կամ կայուն պայմաններ, որ ճամփորդեն ուզած ժամանակ և ուզած երկրում։ Բայց նաև չեմ հիշում այդ մարդկանցից որևէ մեկին, ով իր չափազանց գունավոր այդ երազանքում տեղավորած լինի Հարավային Ամերիկան։ Առաջնային են Եվրոպան, մշակութային գաղտնիքներով լեցուն Արևելքն ու հին աշխարհի առեղծվածային բուրգերը։ Իսկ Հարավային Ամերիկան հասարակածային անտառների նման մութ ու երբեմն անբացատրելի երկմտանք փոխանցող վարագույրի է նման՝ բացե՞լ, թե՞ չբացել ․․․ Որովհետև այն առավելապես տեսանելի է ֆիլմերից, որոնցից հիմնականում աղքատության, կոկաինի ու բազմաթիվ մութ գործարքների հոտ է գալիս։ Բայց՝ ոչ միայն։
Այս աշխարհամասին մենք շատ թե քիչ հետևել ենք արվեստի ու գրականության միջոցով, երբեմն՝ երաժշտության, սակայն՝ «իսպանալեզու» տարբերակման ներքո, ինչը ենթադրում է եվրոպական ազդեցության հետքեր։ Գիտենք նաև Արգենտինայում կամ Ուրուգվայում ապրող հայկական համայնքների միջոցով։ Եվ, վերջապես, այս աշխարհի մասին մեր փառահեղ պատկերացումները ամփոփվում են բրազիլական սերիալներում, որոնք որքան իրական, նույնքան էլ ստեղծագործական են՝ բազմամշակույթ այդ կյանքի հետ համեմատած։
Մինչդեռ նրանք, ովքեր հասել են հեռավոր այս ափերը, վստահաբար կվկայեն, որ այն անբացատրելի հմայքով, մշակութային հարուստ ժառանգությամբ, ավանդույթներով, առեղծվածային էներգիայով ու մարդկային ջերմությամբ շրջապատված աշխարհ է։ Ու ամենևին էլ հոգ չէ, որ շատերի համար դեռևս մնում է իբրև «Նոր աշխարհ»՝ իր մեծ ու փոքր ընկալումներով։
Կարևոր չէ, թե ուր կամ որքան կճամփորդենք, կարևորն այն է, որ վերադառնալիս ասելիք ունենանք, գրելու կամ պատմելու ցանկություն։ Որովհետև այս ամենը` ժամանցից դուրս, ճանաչողության ու աշխարհայացքի ձեռքբերում է, փոխանակում, դաս, գիտելիք և զրույց բնության հետ, մարդու ու մարդու միջև։
«Ճամփորդական նոթեր» խորագրով ես կփորձեմ առանձնացնել ու ներկայացնել պատմություններ, որոնք ոչ այնքան հեռավոր ափեր հասած տուրիստի տպավորություններ են, որքան՝ գրառումներ մարդկանց ու մշակույթի մասին։ Հնարավոր ձևաչափը, որն այս դեպքում դժվարանում եմ գտնել (որպեսզի չվերածվի գովազդի), կբաժանեմ կանգառների՝ Պերու, Բրազիլիա, Արգենտինա, Ուրուգվայ։ Լուսանկարներով ու տարբեր պատմություններով ձևավորված այս «ճամփորդությունը» հուսամ նույնքան գունավոր ու բացահայտումներով լի կլինի, որքան իմ մտապատկերում է։ Միաժամանակ բազմաթիվ մտահոգություններով ու բախումներով հարցեր կառաջացնի, որովհետև ի վերջո երկրագունդը կլոր է, իսկ մարդն ամենուր նույնն է՝ որքան էլ ազգություններն ու դավանանքի «հագուստները» գերիշխեն։
Մինչ այդ՝ ահա այդ կանգառները համառոտ:
Պերու․ կորուսյալ քաղաքի արահետով
Եթե Պերու, ուրեմն՝ Մաչու Պիկչու։ Ո՞վ չգիտի սրա մասին։ Աշխարհի ճամփորդական քարտեզում պարտադիր այցելելու ցանկում է Մաչու Պիկչուն՝ յոթ հրաշալիքներից մեկը։ Կորուսյալ քաղաքակրթության վկան՝ ապշեցնող վեհությամբ ու առեղծվածային հմայքով, այս երկրի ամենակարևոր այցեքարտն է։ Մինչդեռ բացի այս հրաշալիքից, և նախքան նա՝ որքան հիշարժան ու ազդեցիկ վայրեր կան, որոնց մասին գրեթե չենք լսել․ կենցաղային ու մշակութային նուրբ դետալներ, որոնք ավելի հստակ պատկերացումներ են տալիս երկրի, մարդկանց և նրանց աղավաղված պատմության մասին։
Կառնավալ ֆավելաներում(բրազիլական ետնախորշեր)
Եթե Բրազիլիա՝ ապա Ռիո, և ուրեմն՝ կառնավալ, գեղեցիկ բրազիլուհիներ ու խենթ երաժշտություն։ Այո, բնորոշիչ է այս երկրի համար, բայց ոչ լիարժեք։ Եթե այս երկիրը ճանաչելու լինենք միայն Ռիո դե Ժանեյրոյով, ապա նրա արժեքը կսահմանափակենք ոչ միայն խենթ երաժշտության ներքո ցնծացող գեղեցկուհիներով, այլև՝ սարսափելի ֆավելաների ու նրանցից տարածվող զարհուրելի հանցագործություններով։ Փող, թմրադեղեր, սպանություններ և աներևակայելի աղքատություն․․․ այդքա՞նը․․․ Ո՛չ, Բրազիլիան գույների, տրամադրության, ժամանակակից ճարտարապետության, մարդկային՝ դեռևս պահպանվող մի շարք արժեքների երկիր է, որտեղ կենտրոնական մասում ընտանիքն է ու այդ ընտանիքի հանդեպ չափազանց ջերմ, հոգատար, իսկ օտարների հանդեպ՝ հանդուրժողական վերաբերմունքը։
Հայկական հետքեր՝ ամենաանհավանական վայրերում
Սան Պաուլոյի մետրոյի կայարաններից մեկը կոչվում է Արմենիա։ Այստեղ գտնվում են հայկական եկեղեցիներ, հուշարձաններ, նույնիսկ՝ ազգային վարժարան-դպրոց։ Ժամանակի ամենահայկական գաղութներից մեկում այսօր, ինչպես ասում են, մոմի լույսով կարող եք գտնել հայերի, ովքեր կկարողանան հայերեն խոսել։ Իսկ ազգային վարժարանում սովորում են տարբեր ազգերի ներկայացուցիչ աշակերտներ՝ բացի հայերից։ Բրազիլիան այդպիսին է նաև՝ իրենն է դարձնում ցանկացածին։
Բուենոս Այրես
Բուենոս Այրեսում ևս հայկական թաղամաս կա։ Պատկերն այստեղ մի փոքր այլ է, հուսադրող։ Հայկական անուններ, մշակութային և կրթական հաստատություններ, իհարկե՝ եկեղեցի, կուսակցական գրասենյակներ և վերջապես, ռեստորաննե՛ր։ Օրինակ՝ «Արարա՛տ», որտեղ ամենահայկական կերակուրները մութաբալը, ֆալաֆելն ու համուսն են։
Այստեղ գլխավոր փողոցում դու կարող ես պատահաբար հանդիպել սև վերնաշապիկով, սև տաբատով, սև ու երկարաքիթ կոշիկներով, սև ակնոցներով, օձիքից դեպի կուրծքը առնվազն երեք կոճակ ոսկե շղթայի ուղղությամբ բացվածքով էջմիածնեցի «Սաքոյին», ում անակնկալ «Իյա՛, հայ ե՞ք․․․ ինշով կարամ օգնեմ»-ը իր ջերմությամբ ջնջում է բոլոր տեսակի աշխարհագրական, քաղաքական, սոցիալական ու այլ անհավանական հարցերի շարանը։
Գլխավոր լուսանկարում՝ Մաչու Պիկչու, Պերու
Լուսանկարները՝ Շահե Նագգաշյանի
Շարունակելի
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել