
ՍԴ անդամների վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանում քվեարկության ներկայացվեց Սահմանադրական դատարանի անդամների կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու նախագիծը: Կառավարությունը փոփոխություններ է առաջարկել Սահմանադրական դատարանի մասին օրենքում:
Առաջարկվող նախագծով` կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու դեպքում մինչև Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը, Սահմանադրական դատարանի անդամ նշանակված և նույն գլխի ուժի մեջ մտնելուց հետո իրենց պաշտոնավարումը շարունակած անձինք կարող են դիմել վաղ կենսաթոշակի: Այս դեպքում ևս պահպանվում է վերջիններիս աշխատավարձի չափով վաղ կենսաթոշակ ստանալու իրավունքը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` ասելով, որ դեմ են նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս դեմ քվեարկեց նախագծին:
Նախագծին կողմ քվեարկեց միայն քաղաքական մեծամասնությունը, այն ընդունվեց 83 կողմ, 33 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Մեկնաբանել