HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռիում գյուղաբնակները տնկեցին «Էյ Թի Փի»-ի վեց միլիոներորդ ծառը

Իր գործունեության 25-ամյակին նվիրված միջոցառումներից և հոկտեմբերին կայացած անտառների վերաբերյալ առաջին գագաթնաժողովից հետո «Էյ Թի Փի»-ն այս աշնանը տնկեց նաև իր վեց միլիոներորդ ծառը: Մեր օրերում, երբ ծառ տնկելը համաշխարհային մասշտաբով մեծ թափ է հավաքում, Հիմնադրամը ջանք չի խնայում  այդ ուղղությամբ և ձգտում է Հայաստանը ևս ներգրավել կլիմայի փոփոխության դեմ պայքարող մյուս ակտիվ դերակատարների շարքում:

Հիմնադրամի տարածած հաղորդագրության համաձայն՝ «Էյ Թի Փի»-ի վեց միլիոներորդ խորհրդանշական ծառը Կովկասյան սոճի է, որն աճեցվել է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում տեղակայված Միրաք ընտանիքի անվան անտառվերականգնման տնկարանում: Այժմ այն իր մշտական հանգրվանն է գտել Միխայլովկա գյուղի տարածքում գտնվող 43.4 հա ընդհանուր մակերեսով նորատունկ անտառում:

Ինչպես «Էյ Թի Փի»-ի տնկարաններում աճեցվող մյուս ծառատեսակները, այնպես էլ Կովկասյան սոճին Հայաստանի էնդեմիկ ծառատեսակներից է և հիմնականում աճում է երկրի հարավային և հյուսիսային շրջաններում: Վեց միլիոներորդ ծառի ընտրությունը կատարեց Միրաք տնկարանի աշխատակից Սիրանուշ Հարությունյանը:  «Մեր աճեցրած բոլոր բուսակներն ու տնկիները գեղեցիկ են, բայց ես ընտրել եմ հենց այս մեկը, քանի որ այն մյուսներից տարբերվում է իր փարթամությամբ և հպարտ կեցվածքով»,- նշում է Սիրանուշը:

Ի տարբերություն «Էյ Թի Փի»-ի հինգ միլիոներորդ ծառի, որը գտնվում է Կարինի տնկարանում և մշտապես վայելում է տնկարանի աշխատակիցների սերն ու ուշադրությունը, վեց միլիոներորդը  ստպիված է լինելու որպես առաջամարտիկ գոյատևել վայրի բնության գրկում: «Այնուամենայնիվ, այս սոճու արմատները բավականին հզոր են և ամուր, ուստի համոզված ենք, որ այն կդիմակայի ցանկացած պայմաններում:  Այս ծառը իսկական մարտիկ է»,- եզրափակեց Սիրանուշը,- տնկարանի մյուս աշխատակիցների օգնությամբ  հողով լի դույլի մեջ դրված ծառը  տեղափոխելով մեքենա:

Մեկ ժամ անց, Միխայլովկայում «Էյ Թի Փի»-ի սեզոնային աշխատակիցները ջերմագին ողջյուններով ընդունեցին այդքան սպասված վեց միլիոներորդ ծառը: Հյուսիսային ամենահեռավոր այս գյուղի վրա ծանրացած սպիտակախառն մշուշն անգամ կարծես լրացուցիչ գրավչություն հաղորդեր իրադարձություններով հարուստ այդ օրվան:

Խորհրդանշական ծառի տնկման պատվին էր արժանացել Արևիկ Զորողլյանը: Սկզբում թեև ամաչում էր և երկմտում, այնուամենայնիվ արագ որոշում կայացրեց ընդունել առաջարկն ու վայելել այդ պահը: Փոս փորելիս նրան օգնեցին իր թիմակիցներ Սարգիս Բեզոյանը, Արմեն և Գևորգ Խաչատրյանները: Ծառատունկը ավարտելուն պես բոլոր մասնակիցները սկսեցին ծափահարել:

« «Էյ Թի Փի»-ի շնորհիվ  վեցը տարի է աշխատանք ունեմ: Ես նրանց օգնում եմ մեր համայնքներին կից անտառներ ստեղծելուն»,- նշեց Արևիկը գոհունակությամբ:  «Հպարտ եմ , որ իմ դերն ունեցա վեց միլիոներորդ ծառի տնկմանը և անպայման  կկիսվեմ այս հիշարժան պատմությաբ  երեխաներիս, թոռներիս և ազգիս հետ»:

Այս աշուն «Էյ Թի Փի»-ն անտառվերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու նպատակով  աշխատանքով է ապահովել  60 սեզոնային աշխատակցի Լոռվա մարզից:

«Ծառերի միջոցով մենք կարողանում ենք բարելավել համայնքների կենսամակարդակը՝ նման մոտեցմամբ քաջալերելով տեղաբնակներին մասնակացել անտառտնկումներին և անտառպահպանման աշխատանքներին: Անտառներ տնկելիս մենք աշխատում ենք ներառել տարբեր ծառատեսակներ նպաստելու համար  հարուստ կենսաբազմազանության ձևավորմանը», -նշեց  Հիմնադրամի Անտառվերականգնման բաժնի ղեկավար Նավասարդ Դադյանը:  «Ծառերը կլանում են ածխաթթու գազ, կարգավորում ջրի շրջապտույտը, հողը հարստացնում անհրաժեշտ սննդանյութերով և նպաստում կենսաբազմազանության հարստացմանը»,- ավելացրեց նա:

Ներկայումս Հայաստանում բնապահպանությունը ծաղկում է ապրում: Ոլորտի փորձագետներն  ու առհասարակ ողջ աշխարհում մարդիկ գիտակցում են ծառերի տնկման և անտառների ստեղծման կարևորությունը:  Ի դեպ, ՀՀ կառավարությունը հանձն է առել  մինչև 2050 թվականը  կրկնապատկել երկրի  անտառածածկ տարածքների քանակը, իսկ բոլորովին վերջերս հանդես է եկել հայտարարությամբ , այն է ՝ մինչև  2020 թվականի հոկտեմբերի 10-ը տնկելու 10-ը միլիոն ծառ:  Մինչև 10-րդ ամսվա 10-րդ օրը 10 միլիոն ծառ տնկելու քարոզարշավը նպատակ ունի ավելացնելու երկրի անտառածածկը մեկ տոկոսով: Ստեղծվող անտառներում ծառերի կպչողականության բարձր մակարդակ ապահովելն էապես կնպաստի ջերմոցային գազերի նվազեցմանն ու կլիմայի փոփոխության դեմ պայքարելու գործընթացին:

«Էյ Թի Փի»-ի անտառվերականգնման և համայնքային ծառատունկի բաժինները տարեկան տնկում են միջինը 230000-ից մինչև 250000 ծառ և թուփ: Ավելին, կպչողականության բարձր մակարդակ ապահովելու նպատակով  այս բաժինները սերտորեն համագործակցում են գյուղական և քաղաքային տարբեր համայնքների հետ: Այս աշուն «Էյ Թի Փի»-ի անտառվերականգնման բաժինը Լոռու մարզի Միխայլովկա, Տաշիր և Սարատովկա գյուղերին կից տնկած անտառներում ծառերի թիվն ավելացրել է ևս 190651-ով:

«Հայաստանի գլխավոր նպատակն է մինչև 2050 թվականը  կրկնապատկել երկրի անտառածածկը»,-  ելույթի սկզբում նշեց անտառների վերաբերյալ համաժողովի հիմնական զեկուցողներից ՝ Օրեգոնի պետական համալսարանի դեկան՝ դոկտոր Էնթոնի Դեյվիսը: Հիմա է ժամանակը որոշելու, թե ինչպիսին կլինեն այդ անտառները հետագայում: Մինչև 2050 թվականը  Հայաստանի ամբողջ  անտառածածկի ուղիղ կեսը կտնկվի այսօրվա կայացրած որոշումների հիման վրա, ուստի  սա հզոր կոչ է բոլոր շահառու կողմերին միավորվելու և իրականացնելու համատեղ ծրագրեր» ,- ավելացրեց պարոն Դեյվիսը:

«Էյ Թի Փի»-ն վստահաբար պատրաստվում է հետևել այդ խորհրդին, քանի որ մտադիր է թևակոխել  հաջորդ՝ 25-ամյա գործունեության փուլ:


«Էյ Թի Փի»-ն ծառեր տնկելու նպատակով  աշխատատեղեր է ստեղծում  տասնյակ մարդկանց համար: Անցյալ շաբաթ Միրաք տնկարանի աշխատակից Սիրանուշ Հարությունյանը (լուսանկարում ձախից) Հայաստանի հյուսիսում վեց միլիոներորդ ծառի տնկման համար ընտրեց Կովկասյան սոճի:

Նյութը՝ Անի Մելքոնյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter