HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Մեր խիղճը հանգիստ է, մեր արած քայլն՝ արդար»․ կայացավ «Ռեստարտի» անդամների գործով դատական առաջին նիստը

«Ռեստարտ» նախաձեռնության 6 անդամների՝ Դավիթ Պետրոսյանի, Դավիթ Սիմոնյանի, Արամայիս Պետրոսյանի, Գարիկ Միսկարյանի, Հրաչյա Խլղաթյանի և Յուրի Ավագյանի կողմից Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձի առթիվ հարուցված քրեական գործով մեկնարկեց դատական նիստը։ Հիշեցնենք, որ նիստներն անընդհատ չէին կայանում։

Նիստը նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը բացատրեց ամբաստանյալների իրավունքները, ճշտեց, թե արդյոք կողմերը ստացել են իրենց իրավունքների վերաբերյալ հուշաթերթիկները, մեղադրական եզրակացության օրինակները։

Դատավորն ասաց, որ մինչև նիստի մեկնարկը դատարան գրություն էր ուղարկվել, որ ամբաստանյալների ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանը չի ներկայանալու նիստին, իսկ փաստաբան Կարապետ Բադալյանը այլևս չի ներկայացնելու «Ռեստարտի» անդամների շահերը։ Դատարանի դահլիճում, նախաձեռնության անդամները նշեցին, որ Արմեն Խաչատրյանը ևս չի շարունակելու պաշտպանել իրենց։

Ամբաստանյալների շահերը դատարանում կպաշտպանեն փաստաբաններ Ինեսսա Պետրոսյանը և Կարեն Մեժլումյանը, իսկ Նարեկ Մալյանի շահերը կներկայացնի Տիգրան Աթանեսյանը։ «Աղբի գործով» անունը ստացած դատական նիստն այսօր երկար չտևեց, քանի որ ամբաստանյալներից Դավիթ Սիմոնյանը չէր ստացել մեղադրական եզրակացության իր օրինակը, այս պատճառով նիստը հետաձգվեց, նշանակվեց հունվարի 29-ին։

Նիստի ավարտից հետո նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կատարվածը բռնություն չի եղել, այդ փորձել են հանրային իրազեկում անցկացնել․ «Մենք հայհոյանքին հայհոյանքով չենք պատասխանում, մեր նպատակն առևանգելը չէր, մենք ֆիզիկական բռնություն չենք գործադրել, մեր նպատակը հանրային իրազեկումն էր»,- ասաց Պետրոսյանն ապա հավելեց, որ կատարած քայլն արդար է, և իրենց խիղճը հանգիստ է։

Ըստ մեղադրանքի՝ «Ռեստարտ» նախաձեռնության մի քանի անդամների եւ Նարեկ Մալյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի գործով նախաձեռնության 6 անդամներին՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին և Յուրի Ավագյանին մեղադրանք է առաջադրվել Նարեկ Մալյանին առևանգելու փորձ կատարելու համար։ Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նիստի ավարտից հետո «Հետքի» հետ զրույցում փաստաբան Ինեսսա Պետրոսյանն էլ նշեց, որ կատարվածը առևանգում չի եղել։ «Առաջադրված մեղադրանքներն անհիմն են, և մենք հասնելու ենք նրան, որ դատարանը կայացնի արդարացման դատական ակտ»,- նշեց փաստաբանը, իսկ կատարված դեպքի վերաբերյալ հավելեց, որ դատաքննության ավարտին պարզ կլինի, թե ինչու են տեղի ունեցել որոշակի գործողություններ։ Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանի պնդմամբ՝ սա հանրային վտանգավորության արարք է և ծանր հանցագործություն։ Աթանեսյանը կատարվածն առևանգում որակեց։

Երկու կողմերն էլ գտնում են, որ հաշտեցումն անհնար է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter