
Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն անջատելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և վերջինիս կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործերն անջատելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել: Այս մասին Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստի ընթացքում ասաց դատավոր Մնացական Մարտիրոսյանն, ով կայացրել է գործերն անջատելու որոշումը:
Վերաքննիչ դատարանից «Հետք»-ի հարցին ի պատասխան հայտնեցին, որ բողոքը դեռևս չի մակագրվել որևէ դատավորի:
Հիշեցնենք, որ դատավորը Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործերն անջատելու որոշումը կայացրել է նոյեմբերի 26-ի դատական նիստին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատական նիստերը Մանվել Գրիգորյանի առողջական խնդիրների պատճառով պարբերաբար հետաձգվում էին:
2019-ի մայիսից սկսված դատական նիստերին Գրիգորյանը մի քանի անգամ է ներկայացվել դատարան, և նիստի ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է: Մյուս դատական նիստերին Գրիգորյանը չի ներկայացվել. պատճառը դարձյալ, ըստ դատարան ուղարկված գրությունների, եղել են առողջական խնդիրները:
Մեկնաբանել