HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Սերժ Սարգսյանին մեղսագրված գործողություններն աղերս չունեն նախագահի կարգավիճակի հետ. դատախազությունը մերժել է պաշտպանի բողոքը

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը վերացնելու մասին նրա պաշտպան Ամրամ Մակինյանի բողոքը մերժվել է: Այս մասին «Հետք»-ին ասաց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ նշելով, որ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ բողոքը մերժվել է՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:

Խաչատրյանի խոսքով՝ պաշտպանի բողոքի հիմքում դրված էր ՀՀ պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հանգամանքը՝ այն նկատառումով, որ երրորդ նախագահին վերագրվել է այնպիսի ենթադրյալ արարք, որը բխել է նրա կարգավիճակից և գործունեությունից:

«Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը դեռևս 2018 թ. նոյեմբերի 15-ի թիվ ԵԴ/0743/06/18 որոշմամբ արտահայտել է իրավական դիրքորոշում, ըստ որի՝ «եթե Նախագահն իր լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել է իր մասնավոր, անձնական շահով կամ չի ունեցել համապատասխան գործողությունն իրականացնելու լիազորություն կամ դա իրականացրել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների անցմամբ, ապա նման գործողությունները չեն կարող առնչություն ունենալ նախագահի կարգավիճակի հետ և պետք է գնահատվեն որպես նախագահի կարգավիճակի հետ չկապված»,- ասաց Խաչատրյանը: Նշենք, որ Խաչատրյանի վկայակոչած գործը վերաբերում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Վճռաբեկ դատարանի հայտնած իրավական դիրքորոշմանը:

«Քրեական գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում դատախազը հանգել է այն եզրակացության, որ Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված են այնպիսի գործողություններ, որոնք չեն բխել ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով Սերժ Սարգսյանին վերապահված լիազորություններից: Սերժ Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշմամբ նրան մեղսագրված գործողություններն անգամ ձևական առումով որևէ աղերս չունեն ՀՀ նախագահի կարգավիճակի հետ, ուստի բացակայում է անձեռնմխելիության սահմանադրական երաշխիքը»,- տեղեկացրեց Արևիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՀՔԾ-ն հաղորդագրությամբ հայտնել է, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել վատնման եղանակով առանձնապես խոշոր չափի՝ մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter