
Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել Սահակ եպիսկոպոս Մաշալյանը
Այսօր Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Հիշեցնենք, որ առաջադրված թեկնածուները երկուսն էին՝ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը եւ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը 2010-2019 թթ. պատրիարքական փոխանորդն էր: Վերջինս ֆեյսբուքյան իր էջում արդեն շնորհավորել է Սահակ եպս. Մաշալյանին՝ նրան մաղթելով հաջողություններ:
«Որպէս Պոլսոյ Աթոռի հոգեւորականաց դասու երիցագոյն անդամը՝ կը մաղթենք, թէ այս նոր շրջանին թրքահայ ազգային-եկեղեցական կեանքէն ներս վերահաստատուի միասնականութիւնն ու եղբայրութիւնը։ Մեր աղօթքն է, որ այս դարաւոր Պատրիարքական Աթոռին առջեւ բացուի ծաղկուն նոր շրջան մը եւ անոր առաքելութիւնը արգասաւորուի նոր ձեռքբերումներով՝ ի պայծառութիւն մեր սուրբ Եկեղեցւոյ եւ ի շահ մերազն ժողովուրդին»,- իր գրառման մեջ նշել է Աթեշյանը:
Պատրիարքարանի ֆեյսբուքյան էջում ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվել է նոր պատրիարքի մուտքը Ս. Աստվածածին մայր եկեղեցի: Երեկ այս էջում հայտարարություն էր հրապարակվել, որում ժողովուրդը հրավիրվում էր մասնակցելու Պոլսո Հայոց 85-րդ պատրիարքի մուտքին մայր եկեղեցի եւ աջահամբույրին:
Մեկնաբանել