HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատրիարքը կարող է դառնալ Հայաստանի փափուկ ուժի քաղաքականության մաս եւ նպաստել Թուրքիայում հայկական գործոնի ուժեղացմանը»

«Հետքի» գրավոր հարցերին պատասխանում է թուրքագետ, Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Հայկ Գաբրիելյանը

-Արդեն հայտնի է, որ Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք է ընտրվել պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Ստամբուլի հայ համայնքի մասնակցությունն այս ընտրություններին 40 տոկոսի չհասավ: Համայնքի ներկայացուցիչներից Գայուշ Չալըքման-Գավրիլոֆը մեզ հետ զրույցում նշել էր, որ ամեն ինչ բեմադրված էր դեռ օգոստոսին, եւ ժողովրդի մեծամասնությունը չցանկացավ մասնակցել այդ զավեշտալի թատրոնին, իսկ Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանն էլ օրեր առաջ նշել էր, որ քվեարկությանը չի մասնակցելու եւ ընտրյալին չի ճանաչելու որպես իր պատրիարք: Ընտրությունները համարո՞ւմ եք բեմադրված:

-Ես ավելի շուտ այն կորակեի ուղղորդված, քանի որ մենք գիտենք, որ թուրքական իշխանությունները երկար տարիներ թույլ չեն տվել, որ անցկացվեն պատրիարքի ընտրություններ, եւ երբ այդ թույլտվությունը տրվեց, հայտնի դարձավ, որ ընտրական ողջ գործընթացը պետք է անցկացվի թուրքական իշխանությունների գծած սցենարով, նրանց մշակած կանոնադրությամբ: Բնականաբար, սա դուր չեկավ շատերին, եւ հայ համայնքի անդամների մի մասը բոյկոտեց քվեարկությունը կամ էլ դրան մասնակցեց, սակայն դատարկ քվեաթերթիկներ նետեց քվեատուփի մեջ։ Կարո Փայլանի հայտարարությունը նույնպես կապված է տվյալ գործոնի հետ։

Ամեն դեպքում կարծում եմ, որ ժամանակի ընթացքում կրքերը կհանդարտվեն, եւ Փայլանն ու մյուս բոյկոտողներն ի վերջո կընդունեն պատրիարքի ընտրությունների արդյունքները, քանի որ ամեն դեպքում պատրիարքի պաշտոնը շատ կարեւոր է Թուրքիայի հայ համայնքի համար։

-Դեռեւս այս տարվա սեպետմբերին Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը սահմանափակում էր մտցրել պատրիարքի ընտրության կարգում, ըստ որի՝ ընտրություններին կարող են մասնակցել միայն Պոլսո պատրիարքարանին ենթակա եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները: Այդպիսով՝ ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ, ծնունդով Մալաթիայից Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը չէր կարող մասնակցել ընտրություններին: Ինչո՞ւ թուրքական իշխանությունները գնացին այդ քայլին, ի՞նչ մտավախություններ էին թաքնված դրա հետեւում:

-Այո՛, ես հենց այս միջամտությունը նկատի ունեի, որն իրականացրին թուրքական իշխանությունները։ Բնականաբար, թուրքական իշխանությունների համար ցանկալի է, որ պատրիարքի պաշտոնը զբաղեցնի ոչ թե «Հայաստանի ներկայացուցիչը», այլ «ներքին մարդ», որը ենթադրաբար կլինի շատ ավելի վերահսկելի։ Այդպիսով, թուրքական իշխանություններն իրենց պատկերացմամբ չեզոքացրին արտաքին (հայաստանյան) հնարավոր միջամտությունը կամ ազդեցությունը։ Նրանք, թերեւս, մտավախություն ունեին, որ Սեպուհ Չուլջյանի ընտրման դեպքում կմեծանա Հայաստանի ազդեցությունը Թուրքիայի հայ համայնքի վրա։

-Վերջին տարիներին բազմաթիվ կարծիքներ կան, որ Պոլսո Հայոց պատրիարքարանում քաոս է տիրում, լարվածություն կա հոգեւորականների միջեւ, ներհամայնքային երկփեղկվածություն կա: Մաշալյանին կհաջողվի՞ լուծել այդ խնդիրները: Ինքներդ ի՞նչ ակնկալիք ունեք նոր պատրիարքից:

-Կարծում եմ՝ տվյալ լարվածությունը, երկփեղկվածությունը հաղթահարել հնարավոր է ազգանվեր մեծ գործունեություն ծավալելու պարագայում։ Ես չափազանց մեծ ակնկալիքներ ունեմ Պոլսո Հայոց պատրիարքից (անգամ անկախ նրանից, թե ով է տվյալ պահին բազմել այդ աթոռին)։ Պատրիարքը կարող է ամենատարբեր ոլորտներում մեծ օգուտ բերել թե՛ Թուրքիայի հայ համայնքին, թե՛ Թուրքիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին, թե՛ ընդհանրապես ՀՀ-ին։ Ես, իհարկե, հաշվի առնում եմ, թե որ երկրում եւ ինչպիսի պայմաններում է իր գործունեությունը ծավալելու Սահակ Մաշալյանը, եւ կարծում եմ, որ ունեմ հիրավի իրատեսական ակնկալիքներ։

Սահակ Մաշալյանը կարող է շարունակ բարձրացնել նախկինում պետության կողմից խլված վանքապատկան տարածքների (նաեւ Սսի կաթողիկոսարանի) վերադարձման հարցը, ինչպես նաեւ Թուրքիայի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման հարցերը։ Պատրիարքը այս հարցում կարող է քննարկումներ ծավալել թուրքական իշխանությունների հետ, համոզել նրանց, որ այդ ամենը կարող է մեծապես օգտակար լինել նաեւ հենց նրանց համար, քանի որ կմեծանան զբոսաշրջային հոսքերը Հայաստանից եւ ոչ միայն: Ընդ որում՝ զբոսաշրջությունը արտարժույթի կարեւոր աղբյուր է Թուրքիայի համար, որի տնտեսությունը ներկայում լուրջ խնդիրներ ունի եւ կարիք ունի նաեւ զբոսաշրջային հոսքերի աճի: Սա նշանակում է, որ այս հարցում կարող են համընկնել պատրիարքարանի (Թուրքիայի հայ համայնքի) եւ թուրքական իշխանությունների շահերը:

Բացի դրանից՝ պատրիարքի ուշադրության կենտրոնում պետք է լինի հայերի անվտանգության ապահովման հարցը Թուրքիայում։ Եվ սա չի վերաբերում միայն Թուրքիայի հայ համայնքին, դա վերաբերում է նաեւ ՀՀ քաղաքացիներին, որոնք աշխատանքային, զբոսաշրջային, ուխտագնացության նպատակներով գտնվում են այնտեղ։ Մասնավորապես, պատրիարքը կարող է պայքարել ազգայնամոլական բնույթի մի շարք կազմակերպությունների դեմ, որոնք օրական 24 ժամ կամ տարին 365 օր զբաղված են հայերի դեմ ատելություն սերմանելով, ինչը քրեորեն պատժելի է Թուրքիայում։ Այստեղ ես առաջին հերթին նկատի ունեմ Հայաստանի (նաեւ Նախիջեւանի) սահմանին մոտ գտնվող Իգդիր քաղաքում գործող «Ասիմդեր» կազմակերպությունը, որը, ըստ ամենայնի, ֆինանսավորվում է Ադրբեջանից։ Այստեղ հաշվի եմ առնում, որ այդ կազմակերպության նմանօրինակ գործունեությունը տալիս է իր որոշակի պտուղները եւ խնդիրներ ստեղծում Թուրքիա այցելող հայերի համար։ Կարծում եմ, որ պատրիարքարանը կարող է դատական հայց ներկայացնել այս կազմակերպության դեմ եւ հասնել իրավական ճանապարհով նրա գործունեության կասեցմանը, ինչը կարող է եւ դաս հանդիսանալ նմանատիպ այլ կազմակերպությունների համար։ Եվ բացի դրանից՝ մենք տեսնում ենք, որ որքան լուռ ենք մնում նման գործունեության հանդեպ, այնքան այդ կազմակերպությունը դառնում է ավելի սանձարձակ եւ աչքի ընկնում լկտի պահվածքով։ Նկատի ունեմ այն, որ այդ կազմակերպության անդամներն այս տարի այցելել են Աղթամար կղզի՝ Ադրբեջանի դրոշներով (կղզում թույլ չեն տալիս Հայաստանի դրոշի մուտք) եւ հայտնել պետությանը հակոտնյա դիրքորոշում, որ իբրեւ թե տեղի Սուրբ Խաչ եկեղեցին «պատկանում է ղփչաղ թուրքերին»։ Մինչդեռ թուրքական պետությունն ընդունել է, որ այդ եկեղեցին կառուցել են հայերը։ Սա լավ առիթ եմ համարում, որպեսզի պատրիարքարանը իրավական ճանապարհով լուծի այս կազմակերպության հարցը։

Եվ վերջապես, ես տեսնում եմ հսկայական պոտենցիալ՝ ստվարացնելու համար Թուրքիայի հայ համայնքի թիվը, բայց ոչ Հայաստանից գնացողների հաշվին։ Հայտնի է, որ Թուրքիայում կան հարյուր հազարավոր, եթե ոչ միլիոնավոր (որոշ տվյալներով՝ 4 միլիոն) մուսուլմանացած հայեր, որոնց զգալի մասը քրդացած է։ Իմ անձնական կարծիքով՝ թուրքական իշխանությունները չափազանց մտահոգ են երկրում քուրդ բնակչության «աննորմալ», այսինքն՝ շատ մեծ աճի տեմպերով, ինչպես նաեւ նրանից, որ երկրի արեւելքը՝ պատմական Հայաստանի տարածքը, այժմ գերազանցապես քրդաբնակ է։ Այսօր կան տվյալներ, որ անգամ 2037 թ. Թուրքիայում կարող է հավասարվել թուրք եւ քուրդ բնակչության թիվը, եւ, հաշվի առնելով, որ քրդերի մոտ աճի տեմպերը շատ ավելի բարձր են, ապագայում նրանք կարող են մեծամասնություն կազմել Թուրքիայում։ Թուրքական իշխանությունների կողմից նախորդ տարի տոհմածառի կայքի գործարկումը կապում եմ այս հանգամանքի հետ եւ կարծում եմ, որ պատրիարքը կարող է այս թեմայի շուրջ նույնպես քննարկումներ անցկացնել թուրքական իշխանությունների հետ, առաջարկել չխոչընդոտել քրդացած հայերի շրջանում զարթոնք առաջացնելու գործընթացին, որպեսզի այդ մարդիկ վերադառնան իրենց հայկական արմատներին, սովորեն հայերեն (կամ բարելավեն հայերենի իմացությունը) եւ այդպիսով զատվեն քրդերից։

Ես այլ լուրջ միջոց չգիտեմ, թե ինչպես թուրքական իշխանությունները կկարողանան փոխել տարածաշրջանի (Արեւմտյան Հայաստան) ժողովրդագրական պատկերը։ Անգամ չեմ բացառում, որ Հայոց ցեղասպանության սերունդներին մի օր կառաջարկվի Թուրքիայի քաղաքացիություն եւ կթույլատրվի բնակություն հաստատել այնտեղ։ Սա նշանակում է, որ պատրիարքը կարող է թուրքական իշխանություններին ցույց տալ, որ այս հարցում էլ համընկնում են իրենց շահերը (թեեւ թուրքական իշխանություններն էլ հասկանում են սա)։ Հայկական պատմամշակութային ժառանգության պահպանումն ու վերանորոգումը նույնպես կարող է ծառայել որպես քրդերին հիշեցնելու ցուցիչ, որ տարածաշրջանը չի պատկանում միայն նրանց։ Կարծում եմ, որ սրանք իրատեսական ակնկալիքներ են, ես պատրիարքին, բնականաբար, չեմ առաջարկում առճակատման մեջ մտնել թուրքական իշխանությունների (Էրդողանի) հետ, փոխարենը առաջարկում եմ գտնել այն ոլորտները, ուր կհամընկնեն երկու կողմերի շահերը, եւ օգտվել ստեղծված հնարավորություններից։

Ամենավերջում կցանկանայի նշել, որ այդպիսով պատրիարքը կարող է կամրջի կամ կապող օղակի դեր խաղալ Հայաստանի ու Թուրքիայի իշխանությունների միջեւ (օրինակ՝ քրդացած հայերի շրջանում զարթոնք առաջացնելու համար կզգացվի ՀՀ-ի օգնությունը)։ Պատրիարքը կարող է դառնալ Հայաստանի փափուկ ուժի քաղաքականության մաս եւ նպաստել Թուրքիայում հայկական գործոնի ուժեղացմանը եւ այդպիսով ամրապնդել նաեւ ՀՀ-ի դիրքերը Թուրքիայի ներսում։

Վերադառնալով երկրորդ հարցից մնացած խնդրին՝ ընդգծեմ, որ պատրիարքը Թուրքիայում կարող է շատ խնդիրներ լուծել, այսպես ասած, ներսից, մինչդեռ եթե ՀՀ իշխանությունները փորձեն լուծում տալ մի շարք խնդիրների, դա կարող է որակվել որպես Հայաստանի կողմից Թուրքիայի ներքին գործերին միջամտելու փորձ կամ միջամտություն, ինչը կբացառվի պատրիարքի միջոցով այդ հարցերին լուծում տալու դեպքում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter