
ՊՆ-ն առաջարկում է վերականգնել բանակի մարզական ակումբը
Խորհրդարանը շարունակում է արտահերթ նիստի աշխատանքը, քննարկվում է Կառավարության ներկայացրած «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Զինվորական ծառայության ու զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերում լրացումներ ու փոփոխություններ կատարելու առաջարկը:
Նախագծի հիմնական զեկուցող պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով` առաջարկվող փոփոխությունները սպասված են, պատգամավորներց շատերի հետ քննարկում են իրականացրել նախագծի վերաբերյալ:
«Հավանության արժանանալու դեպքում ենթադրվում է վերականգնել բանակի մարզական ակումբը, և զինծառայության զորակոչել արդեն իսկ սպորտում հաջողություններ ունեցած քաղաքացիներին, որոնք չեն ընկնում նշանակալի նվաճումներ գրանցած քաղաքացիներին տարկետում տալու կարգի մեջ»,-ասաց փոխնախարարը:
Բալայանի խոսքով` նախագծի հավանության արժանանալու դեպքում մեծ հնարավորություններ է բացվում բանակում սպորտային մարզաձևերի առաջխաղացման առումով:
«Նաև հնարավորություն է ստեղծվում ակումբային տրամաբանությունը ներմուծել համապատասխան պետական հիմնարկի կանոնադրության մեջ, մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել այդ սպորտաձերի զարգացումը»,- նշեց Գաբրիել Բալայանը` հավելելով, որ հիմնականում շեշտը դրվելու է օլիմպիական մարզաձևերի վրա:
Փոխնախարարը նաև հայտնեց, որ ՊՆ-ն այս պահի դրությամբ չունի բոլոր մարզաձևերով համապատասխան մարզումներ անցկացնելու հնարավորություն, և պետք է գործընկեր ֆեդերացիաների հնարավորությունները օգտագործեն:
Փոփոխություններով առաջարկվում է նաև թույլ տալ, որպեսզի զինծառայողները և զինծառայության համապատասխան կենսաթոշակի անցած նախկին զինծառայողները հնարավորություն ունենան ներգերատեսչական հանգստյան տներում անվճար հանգստանալու, ինչը, ըստ ՊՆ-ի, կմեծացնի զինծառայության գրավչությունը:
«Իհարկե շեշտը դրվելու է առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների վրա, որ հնարավորություն ունենան ընտանիքի անդամների հետ հանգիստը կազմակերպել ներգերատեսչական հանգստյան տներում»,- ասաց Բալայանը:
Մեկնաբանել