
Խորհրդարանը վավերացրեց 131.4 մլն եվրո արժողությամբ 4 վարկային համաձայնագիր
Խորհրդարանը վավերացրեց 4 վարկային համաձայնագիր, որոնց ընդհանուր արժեքը 131.4 մլն եվրո է: Բոլոր վարկային միջոցներն ուղղվելու են 2019 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանը:
Մինչ քվեարկությունը վարման կարգով խոսեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը` ասելով, որ այսօր են պարզել բյուջեում ոչ թե պրոֆիցիտ (հավելուրդ) կա, այլ դեֆիցիտ կա, ուստի այս փուլում ձեռնպահ են քվեարկելու:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը հակադարձեց` դեֆիցիտն այսօր չեն պարզել, բյուջեի մեկամսյա քննարկումներում արդեն իսկ պարզ է եղել:
Վարկային ծրագրերը հետևյալն են.
Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև «Հարկաբյուջետային, տնտեսական և պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիր (45.8 մլն եվրո գումար):
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիր վավերացնելու մասին (9,1 մլն եվրո գումար):
Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Քաղաքականության վրա հիմնված վարկ - Շրջակա միջավայրի պահպանություն - BMZ 3010 00 579, վարկ N 29426» վարկային համաձայնագիր (40 մլն եվրո):
Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիր (36,5 մլն եվրո):
Մեկնաբանել