HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչու՞ է հայկական ավիացիան հայտնվել Եվրամիության «խիստ հսկողության» տակ

Դեկտեմբերի 9-ին Եվրահանձնաժողովը թարմացրել է իր «սեւ ցուցակը» (EU Air Safety List), որը ներառում է այն երկրներն ու կոնկրետ ավիաընկերությունները, որոնց օդանավերը կա՛մ իրավունք չունեն մուտք գործել ԵՄ օդային տարածք, կա՛մ դրանց հանդեպ գործում են որոշակի սահմանափակումներ:

Ինչպես հայտնի է, Եվրահանձնաժողովը Եվրամիության (ԵՄ) գործադիր մարմինն է: Եվրահանձնաժողովի տրանսպորտի հարցերով հանձնակատար Ադինա Վելեանը (Adina Vălean) հայտնել է, որ ԵՄ «սեւ ցուցակից» հանվել է Գաբոնը, որն այդտեղ էր 2008-ից. սա նշանակում է, որ այդ երկրում գրանցված օդանավերն այսուհետ կարող են մտնել ԵՄ օդային տարածք:

Ներկա պահին 115 ավիաընկերության արգելված է մուտք գործել Եվրամիության տարածք: Դրանցից 109-ը 15 երկրի ներկայացուցիչներ են, այսինքն՝ թռիչքային անվտանգության եվրոպական չափանիշներին չհամապատասխանելու պատճառով այս երկրներն ու դրանցում գրանցված ավիափոխադրողները հայտնվել են «սեւ ցուցակում»: Այդ երկրներն են Աֆղանստանը, Անգոլան (բացառություն է անգոլական 2 ավիաընկերություն, որոնք կարող են մտնել ԵՄ երկինք), Կոնգոյի Հանրապետությունը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Ջիբութին, Հասարակածային Գվինեան, Էրիթրեան, Ղրղըզստանը, Լիբերիան, Լիբիան, Մոլդովան (բացառությամբ 3 ավիաընկերության), Նեպալը, Սան Տոմե եւ Պրինսիպին, Սիեռա Լեոնեն, Սուդանը: 115 ավիաընկերություններից մյուս 6-ի հանդեպ արգելք է կիրառվել անհատական նկատառումներով, այսինքն՝ «սեւ ցուցակում» են ոչ թե դրանց գրանցման երկրները, այլ կոնկրետ իրենք՝ «Avior Airlines» (Վենեսուելա), «Iran Aseman Airlines» (Իրան), «Iraqi Airways» (Իրաք), «Blue Wing Airlines» (Սուրինամ), «Med-View Airlines» (Նիգերիա), «Air Zimbabwe» (Զիմբաբվե):

«Air Koryo»-ի (Հս. Կորեա), «Air Service Comores»-ի (Կոմորյան Կղզիներ) եւ «Iran Air»-ի (Իրան) կոնկրետ տիպի օդանավերի է միայն թույլատրվում մտնել ԵՄ օդային տարածք, այսինքն՝ սահմանափակումը պայմանավորված է օդանավի տեսակով:

Եվրահանձնաժողովը նշում է, որ «սեւ ցուցակի» վերջին թարմացումը հիմնված է ԵՄ անդամ երկրների թռիչքային անվտանգության ոլորտի փորձագետների միաձայն կարծիքի վրա: Փորձագետները հանդիպել են նոյեմբերին ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) հովանու ներքո: Կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, որին աջակցում է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը (European Union Aviation Safety Agency, EASA - ԵՄ կառույցներից է, որը պատասխանատու է քաղավիացիայի անվտանգության համար):  

Ի տարբերություն Գաբոնի՝ վատ լուր է ստացել Հայաստանը: ՀՀ քաղավիացիայի կոմիտեի հանդեպ սահմանվել է խիստ հսկողություն՝ պայմանավորված մեր երկրում ոլորտի անվտանգության ապահովման թուլացման նշաններով (Armenian Civil Aviation Committee has been put under heightened scrutiny because of signs of a decrease in safety oversight):

«Հետքը» զրուցել է ՀՀ քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) թռիչքային պիտանիության վարչության պետ Կարեն Գյուրջյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է մեր երկիրը հայտնվել ԵՄ-ի ուշադրության կենտրոնում: Նկատենք, որ Հայաստանում քաղավիացիայի թռիչքային անվտանգության ոլորտը վերահսկում է հենց այս վարչությունը:

Կ. Գյուրջյանը նշել է, որ խնդիրը կապված է «Տարոն-Ավիա» ավիաընկերության հետ: Վերջինս ցանկացել է ԵՄ օդային տարածքում իր օդանավերը շահագործելու իրավունք ստանալ, ինչի համար պետք է համապատասխաներ կոնկրետ չափորոշիչների: Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը՝ EASA-ն, այդ նպատակով այս տարվա հուլիսին ստուգումներ է իրականացրել հայկական ավիաընկերությունում, որոնք բացասական արդյունք են տվել ոչ միայն «Տարոն-Ավիայի», այլեւ ՔԱԿ-ի համար, որը, բնականաբար, որոշ առումով պատասխանատու է իր կողմից տրված փաստաթղթերով աշխատող փոխադրողի համար:  

«EASA-ի ստուգումներից հետո, երբ իրենք օգոստոսի 28-ին մեզ ուղարկեցին արդյունքները, մենք մեր ստուգումներն իրականացրինք «Տարոն-Ավիայում», որոնց արդյունքում կասեցրինք ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականը»,- ասում է Կարեն Գյուրջյանը: «Հետքը» գրել է, որ կոմիտեի թռիչքային պիտանիության եւ թռիչքային գործունեության վարչությունների կողմից այս տարվա օգոստոսի 29-ից մինչեւ հոկտեմբերի 15-ը «Տարոն-Ավիա» ՍՊԸ-ում իրականացվել են ստուգումներ, եւ հայտնաբերվել են թռիչքային անվտանգության խախտումներ: Արձանագրված թերությունների հետեւանքով ավիաընկերության օդանավ շահագործողի վկայականի (ՕՇՎ) գործողությունը կասեցվել է, իսկ ընկերությանը տրվել է 6-ամսյա ժամկետ՝ թերությունները վերացնելու համար: Սակայն «Տարոն-Ավիան» որոշել է ուղղակի դադարեցնել գործունեությունը, ինչը հաշվի առնելով, ՔԱԿ-ը դադարեցրել է ավիափոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը: Այսինքն՝ «Տարոն-Ավիան» չի կարող զբաղվել առեւտրային օդային փոխադրումներով:

Քանի որ «Տարոն-Ավիան» 2018-ի հունվարից հետո իր ինքնաթիռները Հայաստանում չի շահագործում, փոխարենը վարձակալությամբ հանձնում է գերազանցապես աֆրիկական երկրների օպերատորների, Կ. Գյուրջյանից հետաքրքրվեցինք, թե եվրոպական որ երկրի օդային տարածքում պիտի շահագործվեին դրանք, ինչին վարչության պետը պատասխանեց, որ կոմերցիոն գործարքի մանրամասներից տեղյակ չէ:

Կարեն Գյուրջյանի տեղեկացմամբ՝ «Տարոն-Ավիայում» EASA-ի եւ ՔԱԿ-ի ստուգումներից հետո կոմիտեի ներկայացուցիչներին հրավիրել են Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի նոյեմբերյան նիստին, որի մասին վերը նշեցինք: «Պարզաբանումների կարիք կար,- ասում է մեր զրուցակիցը,- ԵՄ-ն ուզում էր պարզաբանումներ ստանալ իրենց ձեռք բերած տվյալների վերաբերյալ: Ստուգումն իրականացրել էր EASA-ի տեսուչը, բայց իրենք ուզում էին նաեւ ՔԱԿ-ին լսել: Մենք ներկայացրինք մեր վիճակը, քաղաքականությունը, գործառույթները, եւ նրանք բավականաչափ փոխեցին իրենց տրամադրությունը. հասկացան, որ բավականաչափ աշխատանք կատարվում է մեր կոմիտեում, եւ կարգավիճակը, որով իրենք մեզ բնորոշել էին, այդքան էլ այդպես չէր: Հիմա հետագա քայլերն են կատարում»:

Հարցին, թե արդյոք Եվրահանձաժողովի հայտարարած խիստ հսկողությունը որոշակի ժամկետ ենթադրում է, Կ. Գյուրջյանը պատասխանում է, որ ժամկետ գոյություն չունի. «Երբ իրենք կուսումնասիրեն մեր կողմից տրամադրված փաստաթղթերը, դրանից հետո երեւի ժամկետներ կնշեն, թե երբ են ուզում մեզ այցելել, կամ եթե փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հարցեր չառաջանան, ուրեմն չեն էլ գա»:    

Եթե պատկերացնենք ամենավատ սցենարը, ապա Հայաստանը կարող է հայտնվել ԵՄ «սեւ ցուցակում»՝ ավիացիայի ոլորտում անվտանգության բազմաթիվ խնդիրներ ունեցող աֆրիկական ու ասիական մի շարք երկրների կողքին, ինչը կնշանակի, որ ՀՀ-ում գրանցված օդանավերը, որոնք կրում են Հայաստանի EK ազգային նիշը, իրավունք չեն ունենա մտնել ԵՄ երկինք: Այդուհանդերձ, առաջին հայացքից ամեն ինչ այդքան վատ չի թվում:

Վերջում նկատենք, որ, ինչպես գրել էինք նախորդ հոդվածում, «Տարոն-Ավիայի» կողմից շահագործվող 4 ինքնաթիռները հոկտեմբերի 30-ին դուրս են բերվել հայկական ռեգիստրից ու շատ չանցած գրանցում ստացել Գամբիայում, որը ԵՄ «սեւ ցուցակում» չկա (Սուդանը, որտեղ վարձակալական հիմունքներով երկար ժամանակ շահագործվել են «Տարոն-Ավիայի» հայկական գրանցումով օդանավերը, այդ ցուցակում է):

4 ինքնաթիռները, որոնք պատկանում են «Տարոն-Ավիայի» սեփականատեր Գառնիկ Պապիկյանի արաբական ընկերությանը, վերջերս գրանցվել են գամբիական «Mid Africa Aviation» ավիաընկերության շարժակազմում այդ երկրի C5 ազգային նիշի ներքո, ինչը նշանակում է, որ սերտիֆիկացման համապատասխան գործընթացն անցնելուց հետո դրանք կարող են թռիչքներ կատարել դեպի ԵՄ օդային տարածք, եթե, իհարկե, նման չվերթներ լինեն:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter