HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ հեղինակը տպավորված է գրականության հանդեպ գերմանացիների վերաբերմունքով

Նախորդ ամիս Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում «InterLese» գրական ընթերցումների միջազգային փառատոնին մասնակցում էր երեք հայ հեղինակ՝ գերմանաբնակ գրող Ագապի Մկրտչյանը, բանաստեղծ Բենիկ Ստեփանյանը եւ արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանը:

Այս փառատոնը Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի «Friedrich-Bödecker-Kreis» կազմակերպության ծրագրերից է: 1998 թվականին Հայաստանի եւ այս երկրամասի միջեւ մշակույթի, գիտության եւ կրթության ոլորտներում համագործակցության հուշագիր էր ստորագրվել:

Երիտասարդներին մոտեցնելով ժամանակակից գրականությանը

Անուշ Ասլիբեկյանն ասում է, որ «Friedrich-Bödecker-Kreis» կազմակերպության հիմնադիր Ֆրիդրիխ Բյոդեկերն այս ծրագիրը մտածել էր դպրոցականներին ու երիտասարդներին ժամանակակից գրականությանը մոտեցնելու համար: «Նա կազմակերպում էր ընթերցումներ դպրոցականների, ուսուցիչների եւ ծնողների համար, քանի որ վստահ էր, որ գրականությունը եւ գիրք կարդալը միայն կձեւավորի լիարժեք անհատ: 1992-ից ծրագիրն անընդմեջ իրականացվել է Գերմանիայի դպրոցներում, գիմնազիաներում, գրադարաններում եւ այլուր՝ գերմանացի ընթերցողին ծանոթացնելով եվրոպական ժամանակակից գրականությանը, տարբեր լեզուներին եւ մշակույթներին»,- նկատում է Ա. Ասլիբեկյանը:

Նրա փոխանցմամբ՝ բացի փառատոնի մասնակից մյուս գրողների հետ համատեղ ընթերցումներից, հայ հեղինակները հրավիրվել էին Բարլեբենի «Pierre Trudeau» միջազգային գիմնազիայի ավագ դասարանների աշակերտների հետ հանդիպմանը: Վերջիններս նախապես կարդացել էին հայ հեղինակների ստեղծագործությունները գերմաներենով, եւ, ըստ Ասլիբեկյանի, հարցեր էին ուղղում կարդացած նյութի, գրողի կայացման, թատրոնի եւ անգամ հայոց պատմության մասին:

«InterLese»-ն, ըստ մեր զրուցակցի, տարբեր տարիների համագործակցել է Հայաստանի գրողների միության հետ, սակայն այս տարի մասնակցության ձեւաչափն ու նախապայմանները փոխվել էին: Փառատոնին մասնակցելու համար հրավիրված էին վերը նշված երեք հեղինակներըը: «Մասնակցության հիմնական նախապայմանը եղել է հեղինակների՝ արդեն գերմաներեն թարգմանված լինելու հանգամանքը, ըստ որի փառատոնի գերմանացի կազմակերպիչներն ընտրել են հեղինակների՝ անկախ այն հանգամանքից, թե գրողը միության անդամ է, թե ոչ»,- նշում է Անուշ Ասլիբեկյանը:

Փառատոնի անցկացման գլխավոր նախապայմանը ստեղծագործությունները բնագրով ներկայացնելն էր, այնուհետեւ թարգմանիչները դրանք կարդում էին գերմաներեն թարգմանությամբ: «Զարմանում ես, թե ինչպիսի վերաբերմունք կա գրողի եւ իր գրի հանդեպ, վերջինիս ազգության, լեզվի ու մշակույթի հանդեպ: Գերմանացի ընթերցողին ոչ միայն տողի բովանդակությունն է հետաքրքրում, նա ուզում է լսել տվյալ լեզվի հնչողությունը, գրողի ձայնը, դրա բնագրային արտահայտչականությունը: Ընթերցումներից հետո տեղի ունեցող քննարկումները մեկ անգամ էլ փաստեցին, որ գրականությունը լեզու չունի, այն համամարդկային լեզու է եւ կարող է առինքնել անգամ անծանոթ լեզվով»,- ասում է մեր զրուցակիցը:

Գերմանացի ունկնդիրն ավելի զուսպ էր

Անուշ Ասլիբեկյանի փոխանցմամբ՝ փառատոնի հանրային ընթերցումների ժամանակ հայ հեղինակներն առանձին հանդես գալու հնարավորություն ունեցան:

«Ամեն անգամ կարդալով հատված «Մերսեդես» պիեսիցս, որ Ցեղասպանությունից փրկված հայ գաղթականների զավակների պատմությունն է, սպասում էի ոչ միանշանակ արձագանքի, սակայն եթե հայ ունկնդիրը այն լսում էր հուզված, ցավագին՝ զուգահեռներ տանելով իր նախնիների ճակատագրերի հետ, ապա գերմանացի ընթերցողը այն կրում էր զուսպ արժանապատվությամբ: Ագապի Մկրտչյանի «Տարագիրը ծնվում է երկու անգամ» բանաստեղծությունը անգամ այս խնդրին միայն դիտորդի դերում ծանոթ գերմանացիների հոգիները շարժեց, սասանեց: Բենիկ Ստեփանյանի «Իբրեւ տանջող հուշ» բանաստեղծությունում հնչող կարոտի, կորստյան ափսոսանքի թեման լիովին ընկալելի էր եւ հոգեհարազատ գերմանաբնակ ունկնդրի համար»,- նշում է գրողը:

Հայ գրականությունը՝ գերմանաբնակ ծպտյալ հայի սալոնում

Բացի փառատոնի եռօրյա ընթերցումներից՝ հայ գրողները գրական ընթերցումներ են ունեցել Վիսբադենի քաղաքային գրադարանում եւ Դյուսելդորֆի մշակութային սալոններից մեկում: Անուշ Ասլիբեկյանի խոսքով՝ ընթերցումները յուրահատուկ էին ունկնդիրների բազմազգ լինելով՝ գերմանացի մտավորականներ, ռուս ուսուցիչներ, տեղաբնակ հայեր:

«Դյուսելդորֆի ընթերցումը հաճելիորեն զարմացրեց, Քյոնիգսալեեի (քաղաքի ամենաշքեղ, բանուկ, կենտրոնական փողոցներից է) վրա գտնվող փաստաբանական գրասենյակի նախասրահը գրասենյակի տնօրեններից մեկը (թուրքական անուն-ազգանունով, սակայն ինչպես պարզեցինք, ծպտյալ հայերի զավակ Սեմրան, որ մեծացել է Գերմանիայում եւ այսօր հայկական ինքնության բուռն որոնումների մեջ է) մշակությաին սալոնի է վերածել՝ այնտեղ անցկացնելով տարբեր մշակութային միջոցառումներ: Նրա առաջարկով հայ գրողների հետ հանդիպումը հենց այնտեղ կայացավ: Ամենահետաքրքիրն այն էր, որ հայ գրողների ընթերցումների մասին տեղեկանալով՝ անգամ կողքի քաղաքներից էին Դյուսելդորֆ շտապել սալոնի անդամները՝ Էրդողանի կառավարությանը դեմ, Թուրքիայից քաղաքական հայացքների պատճառով աքսորված թուրք պատգամավորներ, քրդական օպոզիցիոներ կուսակցականներ, փաստաբաններ, նկարիչներ, երաժիշտներ եւ այլք»,- ասում է Անուշ Ասլիբեկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter